ՍՅՈՒՆՅԱՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՐԹՆԱՑԱՎ ՈՒ ՀԻՇԵՑ ԱԼԿՈՀՈԼԻ ԵՎ ԷԺԱՆ ԽՄՈՐԵՂԵՆԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ՍՅՈՒՆՅԱՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՐԹՆԱՑԱՎ ՈՒ
ՀԻՇԵՑ ԱԼԿՈՀՈԼԻ ԵՎ ԷԺԱՆ ԽՄՈՐԵՂԵՆԻ ՄԱՍԻՆ
Եթե «Իրավունքի» նախորդ համարում նշել էինք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության Սյունյաց պատգամավոր Արմեն Կարապետյանը խորհրդարանական նիստի ժամանակ մուշ-մուշ քնել էր, ապա այս անգամ պիտի շեշտենք ճիշտ հակառակը: Երեկ քնկոտ պատգամավորն ավելի քան ակտիվ էր եւ նույնիսկ հարց ուղղեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին, ով ԱԺ-ում ներկայացնում էր «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Ըստ Ա. Կարապետյանի` ինչ Հայաստանն անդամակցել է ԵՏՄ-ին, օդանավակայանների duty free-ներում հրաժարվում են որեւէ բան վաճառել Եվրոպայից եկող ու Երեւան ուղեւորվող մեր համաքաղաքացիներին. «Պատահում է, որ մարդիկ 10-12 ժամ մնում են օդանավակայաններում եւ այդ ընթացքում գնումներ չեն կարողանում կատարել խանութ սրահներից: Իհարկե, այդտեղ կան ռեստորաններ, սրճարաններ, բայց դրանց սակագները շատ բարձր են եւ մատչելի չեն մեր քաղաքացիներին: Ի՞նչն է պատճառը, որ այդ խնդիրը չի կարգավորվում, որովհետեւ այն մեր քաղաքացիների համար դժվարություններ է առաջացնում»: Մինչ ներկա մյուս պատգամավորները քթի տակ ծիծաղում էին, Կ. Ճշմարիտյանը ստիպված էր պատասխանել. «Ես ներողություն եմ խնդրում, բայց դա արդեն մինչեւ մեր ԵՏՄ անդամակցումը գործող կարգն էր, եւ այդ խնդիրն ունի ոչ միայն Հայաստանը, այլեւ Բելառուսը, Ղազախստանը եւ նույն Ռուսաստանը, այսինքն` կարծում եմ, որ սա իր տրամաբանական լուծումը կստանա: Ինչ վերաբերում է duty free-ներին, ճիշտն ասած, այդտեղից սնունդ կամ սուրճ գնելը լավ չեմ պատկերացնում, որովհետեւ այնտեղ հիմնականում վաճառվում է ալկոհոլ, օծանելիք եւ այլն»: Ուտող, խմող եւ քնող պատգամավորն էլ շտապեց հակադարձել. «Այնպես չէ, որ duty free-ներում միայն խմիչք են վաճառում, նաեւ խմորեղեն են վաճառում եւ այլ բաներ, որոնք կարող են մեր քաղաքացիները ցածր գներով որոշ գնումներ կատարել...»: Ինչպես նաեւ հավելեց, որ օդանավակայանների դեղատներում էլ է նույն իրավիճակը: Համբերատար նախարարը ստիպված եղավ եւս մեկ անգամ ընդգծել. «Դուք` որպես պատգամավոր, կարող եք Ձեր առաջարկությունն անել: Ինչ վերաբերում է խմորեղենին, հավատացեք, ես էլ քիչ եմ աշխատանքային գործուղումների մեկնել, բայց չեմ տեսել, որ մարդիկ խմորեղեն համտեսեն միայն նրա համար, որ էժան է: Թույլ տվեք Ձեզ ասել, որ այդ հարցն ընդհանրապես այս օրենքի հետ ոչ մի կապ չունեցող հարց էր»:
Ի դեպ, Ա. Կարապետյանի Սյունյաց մտքի «գոհարները» արդեն իսկ Ազգային ժողովի միջանցքներում վերածվել է անեկդոտի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
