6.5 ՄԼՐԴ-Ը «ՋԱՅՆԱՄ», ՄԵՆԱԿ ՂՐՂԶՆԵՐԸ ԵՏՄ ՉՄՏՆԵՆ
Արխիվ 12-166.5 ՄԼՐԴ-Ը «ՋԱՅՆԱՄ», ՄԵՆԱԿ ՂՐՂԶՆԵՐԸ ԵՏՄ ՉՄՏՆԵՆ
Երեկ ԱԺ-ում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Ղրղզստանի` ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի արձանագրության վավերացումը: Ինչպես սպասելի էր, դեմ քվեարկեցին արեւմտամետ պատգամավորները` Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը, Թեւան Պողոսյանը,Ալիկ Արզումանյանը, որոնք պնդում են` Հայաստանը ԵՏՄ-ից ոչինչ չի շահել: Մինչդեռ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի խնդրանքով արձանագրեց` տարվա սկզբից ԵՏՄ-ին անդամագրվելու շնորհիվ Հայաստանը ստացավ 6,5 միլիարդ դրամ լրացուցիչ եկամուտ:
«Իրավունքը» «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանից պարզեց` արդյոք այն փաստը, որ տարվա սկզբից 6,5 միլիարդ դրամ լրացուցիչ եկամուտ է ունեցել պետբյուջեն, դա բավարար չէ դրական գնահատելու Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցությունը: Պատգամավորը հարցին հարցով պատասխանեց` մեր պատկան մարմինները հաշվարկե՞լ` են եթե Հայաստանը չդառնար ԵՏՄ անդամ, եւ մենք ինքներս հավաքեինք մաքսային տուրքերը, 6,5 միլիարդ դրամից ավելի շատ կլիներ, թե քիչ: Եթե հին համակարգը լիներ, կունենայինք նմանատիպ պատկեր: «Եթե Ղրղզստանը չմտներ ԵՏՄ, մենք այդ գումարը չէինք ունենալու: Այնպես թե այնպես ունեինք»,- կարծում է պատգամավորը:
Խնդիրը, ըստ պատգամավորի, հետեւյալն է` ղրղզների միանալը ԵՏՄ-ին ինչ է տալիս Հայաստանին: «Խնդիրն այն է, որ ԵՏՄ-ում ոչ հայանպաստ մի երկիր իր ձեռքը կբարձրացնի որոշումներ ընդունելիս»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է 6,5 միլիարդ դրամ եկամուտ ունենալուն, «Ժառանգության» պատգամավորն այպես արձագանքեց. «Եթե այդ գումարի շնորհիվ մեր տնտեսությունը չի զարգացել, մեր արտադրողները որեւէ շիշ կամ գինի չեն արտահանել ՌԴ: Ինձ պետք է հզոր լինի Հայաստանի տնտեսությունը, ոչ թե վերեւից մեկը գումար ուղարկի»:
Կարծես արեւմտամետ պատգամավորները զինված չեն համբերությամբ եւ շտապում են չգիտես ուր: Հարգելիներս Մոսկվան մեկ օրում չի կառուցվել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk