«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 11-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԿԶԱՐՄԱՑՆԻ ԻՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ
Արխիվ 12-16«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 11-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԿԶԱՐՄԱՑՆԻ ԻՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը`ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հունիսի 18-ից հուլիսի 4-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային 11-րդ փառատոնը: 2008 թվականից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության`մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում: «Ազգային պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ ՄԱՐԻԱՄ ՇԱՀԻՆՅԱՆԻ խոսքով` փառատոնը լինելով ավանդապահ, այս տարի եւս իր ծրագրերով եւ նոր մասնակիցներով կզարմացնի հանդիսատեսին. «Փառատոնի հանդիսավոր բացման համերգը այս տարի նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը կներկայացնի Հայաստանի պետական կամերային նվագախումբը`դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, մենակատարներ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյան, օպերային թատրոնի մեներգիչներ Արծվիկ Դեմուրչյանը եւ Քրիստինե Սահակյանը»,-նշեց Մ. Շահինյանը, ով կարեւորեց փառատոնի առաջին համերգը, որի ծրագիրը հետաքրքիր է: Նա նաեւ տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակներում տեղի կունենա հինգ համերգ, որոնք իրարից տարբերվում են ե′ւ ծրագրով ե′ւ մասնակիցներով.«11-րդ փառատոնում կունենանք մասնակիցներ, ովքեր ելույթ կունենան առաջին անգամ: Կլինեն հյուրեր Ամերիկայից, Շվեյցարիայից եւ Ռուսաստանից: Հունիսի 21-ին կլինի նաեւ մեկ գեղեցիկ երեկո`նվիրված երաժշտության համաշխարհային օրվան»,-շեշտեց Մարիամ Շահինյանը: Ըստ նրա` փառատոնը կարող է շարունակական լինել , եթե մշտապես լինի ֆինանսական աջակցություն, դրա բացակայության պարագայում ցանկացած գաղափար կմնա որպես գաղափար:
Դիրիժոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ փաստեց, որ փառատոնն իր համար առանձնանում է իր առանձնհատուկ մթնոլորտով.«Փառատոնի մթնոլորտը ձեւավորվում է պատկերասրահի որմնանկարների սրահում: Առանձնահատուկ մթնոլորտին հուսով եմ ականատես կլինեն շատերը, քանի որ հունիսի 18-ին այստեղ ելույթ կունենան Սվետլանա Նավասարդյանը, Արծվիկ Դեմուրչյանը, Քրիստինե Սահակյանը»,-ընդգծեց Հ. Արզումանյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
