«ՄԵՂԱԴՐԵՑ, ԹԵ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ ԵՄ ՏՂԱՆԵՐԻՆ` ԿԱՆԳՆԵՆ ԻՐ ՈՏՔԻՆ»
Արխիվ 12-16«ՄԵՂԱԴՐԵՑ, ԹԵ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ ԵՄ ՏՂԱՆԵՐԻՆ` ԿԱՆԳՆԵՆ ԻՐ ՈՏՔԻՆ»

ՀՀ Կոմկուսի բյուրոյի որոշմամբ` օրերս կուսակցությունից հեռացվել է Սոցիալիստական շարժման ղեկավար ՌՈԲԵՐՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ: Իհարկե, տեղի ունեցածը կարող էր դիտվել` որպես ներկուսակցական խնդիր ու դուրս մնար հանրության ուշադրությունից, եթե հեռացնելու հանգամանքներն այդքան, մեղմ ասած, զավեշտալի ու, միեւնույն ժամանակ, «ողբերգական» չլինեին:
«Իրավունքի» հետ զրույցում Ռ. Ահարոնյանը ներկայացրեց Կոմկուսից իրեն հեռացնելու պատճառները. «Բերված ամենագլխավոր փաստերից մեկն այն էր, որ ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը մեղադրեց ինձ, թե մայիսի 1-ի երթի ժամանակ սովորեցրել եմ տղաներին` կանգնեն իր ոտքին, եւ դրա համար մինչեւ հիմա իր ոտքը ցավում է: Ուրեմն` ես` 47 տարեկան անձնավորությունս, ով հասարակական դաշտում ինչ-որ չափով հեղինակություն ունի, պիտի սովորեցնեի՞ 20-21 տարեկան «երեխաներին» կանգնել Կոմկուսի քարտուղարի ոտքի՞ն»:
Իսկ հեռացման հաջորդ պատճառը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ իր կայքում, որը Սոցիալիստական շարժման ու «Հայ-ռուսական միավորում» ՀԿ-ինն է, գովազդով գումար աշխատելու փոխարեն, վերջինս անվճար դրել է Կոմկուսի գովազդը. «Ամենաթանկ գովազդի տեղում գրել եմ` Հայաստանի Կոմունիստական կուսակցություն, որի վրա սեղմելով` հղումը տանում է դեպի Կոմկուսի էջը: Եվ ինձ մեղադրեցին, որ Կոմունիստական կուսակցության լոգոն օգտագործելով` իմ անունն եմ փորձում բարձրացնել, եւ դրա տակ հրապարակում եմ ինչ-որ մի քաղաքական գործչի մասին նյութեր, ոչ թե Տաճատ Սարգսյանի նկարներով: Փորձեցի բացատրել, որ ընկերներ ջան, դա լրատվական կայք է, բայց, ապարդյուն: Ոչ ոք տեղյակ չէ. չի հասկանում` ինչ է նշանակում կայք, ինչ է նշանակում «Ֆեյսբուք», ինչ է նշանակում ընդհանրապես էլեկտրոնային լրատվություն»:
Կուսակցությունից հեռացվելու երրորդ պատճառն էլ եղել է «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի նախագահ Սեւան Աղաջանյանի ֆեյսբուքյան հայտարարությունը. «Սեւան Աղաջանյանը, ով համագործակցում է Սոցիալիստական շարժման հետ, իր կարծիքն է հայտնել «Ֆեյսբուքում»` ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի մասին, թե հարգելի՛ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, Ձեզ չեք կարող հայտարարել ընդդիմադիր քաղաքական գործիչ, քանի որ Դուք չեք ունենում ելույթներ, օրինակ` հոսանքի գները բարձրացնում են` Կոմկուսի ձայնը չկա եւ այլն: Դրանում էլ մեղադրեցին ինձ, թե իբր ես Սեւան Աղաջանյանին սովորեցնում եմ, որ նման հայտարարություններ անի»:
«Իրավունքը» տեղի ունեցածի, ինչպես նաեւ Ռ. Ահարոնյանի կողմից արված վերոնշյալ պարզաբանման մասին փորձեց զրուցել նաեւ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, ով բոլորովին էլ չհերքեց Ռ. Ահարոնյանի ասածները, այլ նեղսրտած ասաց. «Բայց ի՞նչ կար դրա մեջ որ... Ես տանը հիվանդ, ջերմության մեջ պառկած եմ, ցտեսություն»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
