ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ԱՄՆ-ը, կարծես թե, աշխարհի ամենադեմոկրատ երկիրը հանդիսանալու հերթական փայլուն «ապացույցն» է ներկայացնում: Այսպես. նախօրեին պաշտոնապես հանրապետականների կողմից նախագահական ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրեց ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի որդին, ԱՄՆ 43-րդ նախագահի` Ջորջ Բուշ կրտսերի եղբայր Ջեբ Բուշը: Այս հերթական Բուշի հետ մրցակցելու է ավագ եւ կրտսեր Ջորջ Բուշերի արանքում նախագահական աթոռը զբաղեցրած Բիլ Քլինթոնի կինը՝ Հիլարի Քլինթոնը, եւ հասկանալի է, որ նրանցից մեկը դառնալու է ԱՄՆ 45-րդ նախագահը:
«ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ» ԷԼ ԲԵԹԱՐ...
Իհարկե՝ միապետականություն հիշեցնող այս «հույժ դեմոկրատական» «տոհմածառը» փչացրեց Օբաման՝ խախտելով նախագահական «փոխանցիկ կարմրազոլավոր դրոշի»` Բուշ-Քլինթոն այդ «փոխանցումավազքի» լավագույն ավանդույթները: Բայց դե Բուշ երկրորդից հետո ԱՄՆ-ում այնպիսի խորքային խնդիրներ էին ի հայտ եկել, որ մի միջանկյալ նախագահացու պետք էր այդ ողջ կեղտի մեջ սեւերես դառնալու համար: Արդեն ժամանակն է, որ Բուշերի ու Քլինթոնների դինաստիաներն իրեն «պապական ժառանգությունը» ետ ստանան, ու թե ով առաջ կընկնի, կտեսնենք: Չնայած՝ թե ով կլինի ԱՄՆ 45-րդ նախագահը, աշխարհի համար նշանակություն չունի. ինչպես պարոն Բուշը, այնպես էլ՝ տիկին Քլինթոնն իրենց նախնական հրապարակային ելույթներում արդեն իսկ հասցրել են արտահայտվել մասնավորապես Ռուսաստանի ուղղությամբ ամերիկյան քաղաքականությունն առավելագույնս կոշտացնելու ծրագրերի մասին: Իսկ դա հուշում է, որ ով էլ ընտրվի, ռուս-ամերիկյան ներկայիս պայքարը հասցնելու է այնպիսի սրության, որը հաստատ աշխարհում եւ ոչ մեկին որեւէ լավ բան չի խոստանում: Չնայած՝ Օբաման էլ ետ չի մնում. համենայնդեպս այն, որ Վաշինգտոնը խոսակցականից գործնական հարթություն է տեղափոխել Մերձբալթիկայում եւ Արեւելյան Եվրոպայում ծանր զրահատեխնիկա, Մեծ Բրիտանիայում՝ ստրատեգիական ռմբակոծիչներ տեղակայելու հարցը, նաեւ՝ սպառնում է Եվրոպայում 5-րդ սերնդի F-22 կործանիչներ ու միջուկային հրթիռներ կենտրոնացնել, արդեն իսկ նմանվում է Մոսկվայի հետ հարաբերությունները «սառը պատերազմից» ի վեր չտեսնված միլիտարիզացիոն մակարդակի հասցնելու փաստի մասին:Թերեւս՝ Ռուսաստանի ուղղությամբ այս ռազմական ակտիվացմանը նպաստեց նաեւ այն, որ Վաշինգտոնին օրերս հաջողվեց Պեկինի հետ կնքել ռազմական համագործակցության մասին պայմանագիր, որը որոշակիորեն կարող է հանդարտեցնել ԱՄՆ-Չինաստան գերլարված ռազմական առճակատումը:Բայց մեկ է՝ այն զենք ու զորքը, որն ԱՄՆ-ն իր եւ ՆԱՏՕ-ի հաշվին կենտրոնացնում է Արեւելյան Եվրոպայում, այն լուրջ քանակությունը չէ, որ ՌԴ-ի հետ պատերազմի մեջ մտնի: Ասենք՝ բոլորն են հասկանում, որ անգամ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ողջ զինուժը Ռուսաստանի դեմ տանելն անիմաստ է` ռուսական միջուկային սպառազինության պատճառով: Իսկ դա հուշում է, որ մկանների այս շարունակական ցուցադրությամբ Վաշինգտոնը պարզապես Եվրոպային արեւելաեվրոպական ռազմականացված օղակով հնարավորինս շուտ ՌԴ-ից տարանջատելու խնդիրն է լուծում: Նաեւ հաշվի առնելով, որ ինչքան էլ եվրոպական լիդերները վերջին G-7 գագաթաժողովում խոստացան մնալ հակառուսական պատժամիջոցների դաշտում, սակայն «տակից» կաշխատեն, որ ԵՄ անդամներից գոնե մեկն արդեն այս ամսվա վերջերին տեղի ունենալիք քննարկումներում դեմ քվեարկի պատժամիջոցները երկարաձգելու հարցին՝ դրանով իսկ տապալելով համաեվրոպական պատժամիջոցների հարցը: Իմաստն էլ է հասկանալի. վերջին օրերի ինտենսիվ բանակցություններից հետո անգամ մազից է կախված, որ Հունաստանը պետական դեֆոլտ հայտարարի ու դուրս գա եվրոյի գոտուց: Միաժամանակ՝ բառիս բուն իմաստով դեֆոլտի շեմին են նաեւ վերջերս եվրաասոցացված Մոլդովան, Ուկրաինան ու ԵՄ մի քանի անդամներ էլ գրեթե մոտեցել են նույն մակարդակին: Սրանք այն լրջագույն գործընթացներն են, որ ի զորու են մինչեւ իսկ հիմքերից պայթեցնել ԵՄ-ն, եվրոն ու դրա հետ՝ եվրոպական լիդերների ներքին տնտեսությունները, ու այդ պահին հակառուսական պատժամիջոցների հարցը պարզապես մինչեւ վերջ է խորացնում այդ ճգնաժամային իրավիճակը:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑԱՅՏՆՈՏ
Չնայած մեծ հավանականությանը՝ փորձագետները դեռ չեն հավատում Հունաստանի դեֆոլտին եւ ԵՄ-ի ապագայի մասին նման մռայլ պատկերացումներին՝ վերջին պահին լեզու կգտնեն, բացատրությամբ: Հնարավոր է: Բայց առանց այդ դեֆոլտների պատմության էլ՝ արեւելաեվրոպական ռազմականացված գոտու ստեղծումով ԱՄՆ-ին դեռ չի հաջողվի Եվրոպային հեռու պահել ռուսներից՝ քանի դեռ օրակարգում է Թուրքիայով դեպի Եվրոպա գազատար կառուցելու ծրագիրը: Առավել եւս, որ վերջին օրերին եվրոպական որոշ կառույցներ սկսել են հետաքրքրություն ցուցաբերել «Թուրքական հոսք» գազատարի տեխնիկական մանրամասների հանդեպ: Մի խոսքով այն, որ Անկարան դեռ մնալու է Վաշինգտոնի հիմնական թիրախի դերում, սպասելի էր, հատկապես, որ օրերս Բաքվում տեղի ունեցած ՌԴ եւ Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ կարծես թե որոշակի կոնկրետացումներ եղել են: Այսպես՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը տեղեկացնում է, որ նախ՝ «նախագահների երկկողմ հանդիպման ընթացքում Բաքվում քննարկվել է նախագծի» 4 ճյուղերից առաջինի կառուցման հարցը: Բացի այդ, որ «Գազպրոմը» Թուրքիային է տրամադրել գազատարի ծովից ցամաք դուրս գալու հատվածի կոորդինատները, այսինքն՝ գազատարի ցամաքային հատվածի կառուցման աշխատանքները մտնելու են գործնական փուլ:
Այն, որ Էրդողանը թուրքական ներքաղաքական հայտնի ճգնաժամից հետո էլ չէր հրաժարվի «Թուրքական հոսքից», սպասվում էր. ի վերջո՝ միայն այս ծրագրով չէ, որ Թուրքիայի նախագահը հայտնվել էր Վաշինգտոնի «հեղափոխական թիրախի» դերում: Բայց փաստն այն է, որ այդ ներքին ճգնաժամը լուծված չէ, եւ բացարձակ իշխանությունը պահելու խնդիրն Էրդողանի համար առաջնահերթ է: Միայն՝ լուծումներն են սահմանափակ: Խորհրդարանական վերահսկելի կոալիցիա ստեղծելու տարբերակներ չկան: Երկրորդը. նորից ակտիվացել է Վաշինգտոնի հետ դեռ հայ-թուրքական հաշտեցման օրերից միանգամայն ջերմ հարաբերություններ ունեցող նախկին նախագահ Գյուլը՝ առաջ քաշելով իր ղեկավարությամբ կառավարություն ստեղծելու գաղափարը՝ միաժամանակ Էրդողանին հուշելով, որ իրավիճակից որպես ելք նորաստեղծ խորհրդարանը ցրելու եւ նոր ընտրություններ նշանակելու տարբերակից օգտվելու դեպքում նա կարող է ավելի վատ փաստի բախվել: Եվ դա ռեալ է. անցած ընտրություններում բոլոր լծակներով Էրդողանը հազիվ 41 տոկոս ձայն հավաքեց, ու հիմա, երբ ճգնաժամը որոշակիորեն թուլացրել է դիրքերը, լծակները, նոր ընտրություններում այդ ցուցանիշն էլ է կասկածելի դառնում: Մնում է խորհրդարանը ցրելու, ժամանակավոր կառավարություն ստեղծելու եւ նոր ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգելու տարբերակը: Բայց այդ դեպքում էլ բախվելու է «հեղափոխական» գործընթացներին, որը միանգամայն վտանգավոր կդառնա, հաշվի առնելով քրդական ռազմականացված գործոնն ու Թուրքիայում ամերիկյան ռազմաբազաների առկայության փաստը: Այսինքն՝ Էրդողանը պետք է բանակը ոտքի հանի, իսկ դա Թուրքիան երկրորդ Սիրիայի վերածելու ամենակարճ ճանապարհն է: Հակառակ դեպքում, եթե համաձայնում է իր ամենամտերիմ գործիչներից մեկի՝ Դավութօղլուի փոխարեն վարչապետի աթոռը, դրանով էլ՝ ողջ փաստացի իշխանությունը Վաշինգտոնի համար միանգամայն ընդունելի Գյուլին հանձնել, Էրդողանը միաժամանակ նաեւ պետք է քաղաքական արենայից հեռանա: Ու թե այս երկուսից որ ճանապարհով կգնա, կողմնորոշվելու համար Էրդողանին մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնում:
Ինչքանո՞վ է նպաստել Վ. Պուտինի հետ հանդիպումն այդ ընտրությանը՝ դժվար է ասել, թեեւ երբ դրանից հետո «Թուրքական հոսքի» հետ կապված հայտարարություններ են հնչում, կարելի է ենթադրել, որ որոշ պայմանավորվածություններ եղել են: Դա հուշո՞ւմ է, որ չնայած Թուրքիայի ՆԱՏՕ-ական լինելուն, ընթանում է Անկարայի առնվազն աշխարհաքաղաքական կողմնորոշման համար ռուս-ամերիկյան պայքար. կարծես թե նման է: Մեկ բան, համենայնդեպս, հաստատ է. անկախ այս իրավիճակի ելքից, դա էապես փոխելու է թուրքական քաղաքականությունը, ու հարցն այն է, թե որ ուղղությամբ: Բայց նաեւ նկատենք, որ ցանկացած ելքի դեպքում հազիվ թե Հայաստանի նկատմամբ թուրքական քաղաքականությունը փոխվի: Բայց ամեն դեպքում՝ սա այն իրավիճակն է, որը տարածաշրջանային էական փոփոխություններ է խոստանում, եւ պետք է ամենայն ուշադրությամբ հետեւել զարգացումներին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
