«ԵԹԵ ՉԽԱՆԳԱՐԵՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՑՆԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ԱՍՏԻՃԱՆԻ»
Արխիվ 12-16«ԵԹԵ ՉԽԱՆԳԱՐԵՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՑՆԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ԱՍՏԻՃԱՆԻ»
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն օրերս է վերադարձել շրջագայությունից: Նվագախումբը համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում: Հայ երաժիշտները ելույթ են ունեցել Վաշինգտոնի «Սթրաթմոր», Լոս Անջելեսի «Ուոլտ դիսնեյ» եւ Մեխիկոյի «Նեցաուալկոյոթլ» հեղինակավոր համերգասրահներում: Ունեցած հաջողությունների մասին, եւ ոչ միայն, «Իրավունքը» զրուցեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԻ հետ:
«ԱՄՆ-Ի ԴՌՆԵՐԸ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԲԱՑԵԼ»
-Առաջին անգամը չէ, որ շրջագայության ենք մեկնում: Պարզապես ուրախ ենք, որ կարողացանք այդ մակարդակի ու աստիճանի բարձր տեղերում հայտնվել: Եվ, որ, կոպիտ ասած, մեր առջեւ սկսում են այդ կարգի դռներ բացվել: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ինձ հրավիրել էին Վաշինգտոն` տեղի նվագախումբը ղեկավարելու: Պետք է տեղի ունենար համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն առաջարկեցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմը, եւ համաձայնեցին: Եվս մի շատ կարեւոր փաստ. մեզ հաջողվեց Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր ինտենդանտին հասցնել մեր մասին նյութեր, ձայնագրություններ: Այն նայելուց հետո անմիջապես հրավեր ստացանք, ինչը ուրախալի է մեզ համար, քանի որ, ինչպես գիտեք, ԱՄՆ-ի դռները շատ դժվար է բացել: Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը մեզ այնպես ընդունեց, ինչպես կընդուներ Կոնցերտ-գեբաու նվագախմբին:
Լոս Անջելեսում մեծ ինտրիգ կար. տեղի ֆիլհարմոնիկ նվագախումբը ամենաբարձր վարձատրվողն է, չորս անգամ շաբաթական համերգ են ունենում: Եվ հանկարծ այդ ցուցակում հայտնվում ենք մենք` ոչ թե որպես դահլիճը վարձակալած անհատներ, այլ հրավիրված կողմ: Սա շատ կարեւոր բան է: 2700 տեղանոց համերգասրահը լեփ-լեցուն էր` բոլոր տոմսերը վաճառված էին:
«ԵԹԵ ԸՆԿՆՈՒՄ ԵՍ, ԲԱՐՁՐԱՆԱԼ ՉԵՍ ԿԱՐՈՂ»
-Եթե գաղտնիք չէ, ո՞րն էր Ձեր հաջողության գրավականը:
- Աշխատանքը, նվիրվածությունը եւ արվեստը` որպես գովազդի միջոց քեզ չծառայեցնելը: Արվեստով համեստ զբաղվելը եւ ձգտելը, որ հնարավորինս ավելի լավ լինի, ոչ մի թերության վրա աչք չփակելը: Դժվար է, եթե ինչ-որ կետի ես հասել` բարձր կետի: Այդ կետում մնալ է պետք: Մեր ասպարեզն այդպիսին է: Բարձրանալը շատ դժվար է: Բարձրանալը մեկ խնդիր է, բարձր կետում մնալը` այլ: Եվ եթե հասել ես այդ բարձր կետին, պետք է կարողանաս մնալ:
«ԱՄԵՆԱԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԷՐ ԼՈՆԴՈՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻՑ...»
-Ի՞նչ երաժշտություն եք ներկայացրել օտարերկրյա բեմերում:
- Տարբեր... Բնականաբար, միշտ Ա.Խաչատրյան, Տ.Մանսուրյան է հնչել բեմից: Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն ու մեր կատարումը գոհացրել էին քննադատներին: Նրանց կողմից բարձր գնահատականներ ունեցանք: Նյութերից մեկում նշված էր, որ բացառիկ լավ ենք կատարել ջութակի կոնցերտը` նուրբ եւ ճաշակով: Անկեղծ ասած, ինձ շատ զարմացրեց Մեքսիկայում կայացած համերգը: Թվում էր` Մեքսիկան կլինի ամենացածր կետը մեր այցելածներից, բայց բոլորովին այդպես չէր: Եղանք մի արտակարգ դահլիճում, որտեղ հանդիպեցինք պատրաստված լսարանի, որը զարմանք պատճառեց մեզ: Այնտեղ հանդիպեցինք նաեւ շատ խիստ քննադատի, որը, բարեբախտաբար, մեր մասին շատ լավ էր գրել: Իր հոդվածը նա սկսում է նրանով, թե որքան հիասթափված է Լոնդոնի ֆիլհարմոնիկից եւ ինչքան զարմացած է մեզանից: Իհարկե, մեր համերգում էլ չի հավանել գերմանացի մենակատարին, բայց շատ հավանել էր մեր երաժիշտներին, Ա. Խաչատրյանի երաժշտությունը եւ այլն:
ԵԹԵ ՉԽԱՆԳԱՐԵՆ...
-Վերադառնանք Հայաստան, ի՞նչ խնդիրներ ունենք այստեղ:
- Եթե ուժ լինի, եւ ինձ քիչ խանգարեն, Ֆիլհարմոնիկը կարելի է հասցնել համաշխարհային բրենդի աստիճանի: Շատ աշխատանք է հարկավոր անել, բայց մենք պատրաստ ենք դրան:
- Փաստորեն, խանգարողներ ունե՞ք:
- Միշտ եղել են, կան ու կլինեն:
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՎԷ ՇԱՏ ԼԱՎ ՓՈՂԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ»
-Ի՞նչ երաժիշտների պակաս ունենք նվագախմբում, որտե՞ղ ենք կաղում:
- Հիմնականում փողայինների մեջ: Հայաստանը երբեւէ շատ լավ փողային դպրոց չի ունեցել: Եվ եթե այդպես շարունակվի, եղածն էլ չենք ունենա: Լարային դպրոց միշտ ունեցել ենք: Այսօր կան այդ մարդիկ, բարեբախտաբար, նվագում են, եւ քչերն են դուրս գալիս երկրից: Չեմ ասի, որ կաղում ենք, ունենք փողային լավ երաժիշտներ, սակայն ավելի ապահով պետք է լինենք:
«ԴԱՀԼԻՃԸ ԵՐԲԵՔ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԻ ԵՂԵԼ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԱՐ»
-Ի՞նչ կասեք Ա. Խաչատրյան համերգասրահում տարվող վերանորոգման աշխատանքների մասին: Կապը հանդիսատեսի հետ, հուսանք, չի կտրվել:
- Նվագում ենք օպերային դահլիճում: Բնականաբար, սիմֆոնիկ համերգների համար ավելի անհարմար տարածքում, քան մեզ մոտ էր: Այդ մարդիկ ամեն ինչ անում են, որ մեզ համար հարմար լինի: Բայց դժվարությունները շատ-շատ են` թե՛ մեզ համար, թե՛ օպերայի. փորձերի առումով էլ է դժվար ազատ օր ընտրելը: Սկզբնական շրջանում խոսակցությունն այն էր, որ մեր դահլիճը կփակվի երկուսուկես ամսով, իսկ հիմա լավագույն դեպքում, եթե ութ ամիս անց համերգասրահը բաց լինի, պետք է ուրախ լինենք: Այսինքն` եղավ այն, ինչ որ լինում է Հայաստանում:
- Վերանորոգումից հետո այն կհամապատասխանի սիմֆոնիկ նվագախմբի համար նախատեսված չափանիշներին:
- Ոչ, երբեք չի համապատասխանի: Այդ դահլիճը երբեք նախատեսված չի եղել սիմֆոնիկ նվագախմբի համար, ի սկզբանե բեմը սխալ է կառուցված եղել: Որ այսքան էլ դարձել է, հիանալի է: Անշուշտ, կունենաք լավ լուսային համակարգ, նոր վահանակներ. հները քարե դար էին հիշեցնում, ավելի սիրուն բեմ, երաժիշտների համար հարմարավետ աթոռներ: Ու թեեւ գիտենք, որ մեծ փոփոխություններ չեն լինի, ասենք, ակուստիկան բարելավող, կլինեն իհարկե որոշ փոփոխություններ, բայց մեզ այլ դահլիճ պետք չէ, քանի որ շատ ենք սիրում այն եւ կարոտում ենք:
Զրուցեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
