ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՋՐՀԵՂԵՂ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՋՐՀԵՂԵՂ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ

Թբիլիսիում շաբաթ լույս կիրակի գիշերվա ողբերգական հետեւանքներ ունեցած ջրհեղեղի թեման դեռ գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Բայց Հայաստանում կարեկցանքին եւ հետաքրքրասիրությանը գումարվել է նաեւ մեկ այլ հանգամանք. Վրաստանը մեր հարեւանն է, եւ կարո՞ղ է նույն բնական աղետը նաեւ մեզ հարվածել: Առավել եւս, որ վրացական որոշ պաշտոնական աղբյուրներ մտավախություն ունեն, որ եղանակային այդ անոմալիան կարող է կրկնվել: Ուրեմն՝ որքանո՞վ է հավանական, որ Թբիլիսիում այս օրերին տեղի ունեցող իրավիճակը կկրկնվի նաեւ Հայաստանում: Հարցի պատասխանը ստացանք ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերեւութաբանական ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանից, ով մասնավորապես նշեց.
Թբիլիսիում ջրհեղեղի եւ սողանքների հանգեցրած ցիկլոնն արդեն կորցրել է իր ուժգնությունը, եւ ցիկլոնի ներթափանցումը Հայաստանի տարածք գրեթե բացառվում է:
- Իսկ ինչո՞վ է պայմանավորված հարեւան երկրում տեղի ունեցած անոմալիան:
- Պատճառների մասին ստույգ ոչինչ ասել չենք կարող, քանի որ Վրաստանի Հիդրոօդերեւութաբանական ծառայությունը գաղտնի է պահում ավերիչ ջրհեղեղի պատճառները:
- Իսկ Հայաստանում ինչ եղանակ է սպասվում առաջիկայում:
- Չնայած ՀՀ-ում ջրհեղեղ չի սպասվում, փոխարենը, սակայն, Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում են հորդառատ անձրեւներ, ամպրոպ, կարկուտ, սակայն ոչ մի անոմալ շեղում առաջիկայում չի կանխատեսվում: Եղանակը մինչեւ ամսվա վերջ էապես չի փոխվի, օդի ջերմաստիճանը սպասվում է կլիմայական նորմայի սահմաններում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
