«ԱՆՑԱԾ ԴԱՐԻՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՄ ԵՎ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՏԵՍԵԼ, ՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ «ՎԱՌ» ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԻՑ ԳՆԱՆ»
Արխիվ 12-16«ԱՆՑԱԾ ԴԱՐԻՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՄ ԵՎ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՏԵՍԵԼ, ՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ «ՎԱՌ» ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԻՑ ԳՆԱՆ»

Նախորդ շաբաթ կայացավ խորհրդարանական լսումներ` «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով: Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ: Թեպետ ելույթներն ու հարցադրումները բավական թեժ էին ու կոշտ, բայց, այնուամենայնիվ, որոշումը մնաց նույնը եւ էլեկտրաէներգիան կթանկանա 6.93 դրամով: Այս, ինչպես նաեւ խնդրի քաղաքական շահարկումների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
«ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ` ԲԱՆԱԼԻՆ, ՉԻ ԳՏՆՎՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ»
–Պարոն Հակոբյան, ամփոփելով էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ լսումները` որեւէ արդյունք արձանագրեցի՞ք:
– Բայց լսումներից ի՞նչ արդյունք էիք ուզում սպասել, երբ հարցի լուծումը` բանալին, չի գտնվում Ազգային ժողովում:
– Ամեն դեպքում, խորհրդարանական լսումները հույս էին, որ այդ բանալու տեղը ցույց կտրվեր:
– Լսումներն ընդամենը կարող էին հանրությանը մատչելի եւ հասանելի դարձնել թանկացման պատճառները: Եվ կարծում եմ` արդյունքում ճշտվեց եւ դարձավ հասարակությանը հայտնի, թե ինչ պատճառով էլեկտրաէներգիան թանկացավ:
– Այսինքն` Ձեզ համար արդարացվա՞ծ է էլեկտրաէներգիայի թանկացումը, թե դեռ հարցականներ մնացել են:
– Միշտ ասել եմ, որ թանկացումը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմ ունի: Օբյեկտիվ կողմերից է այն, որ դոլար-դրամ հարաբերակցությունը փոխվել է, ինչպես նաեւ այն, որ վերջին երկու-երեք տարիները եղել են ոչ ջրառատ, ատոմակայանը 85 օր լրացուցիչ գրաֆիկից դուրս չի աշխատել: Իսկ այն, որ սակագինը փոխվել է աշխատանքի որակի, կառավարման համակարգի եւ այլնի հետ կապված, սրանք սուբյեկտիվ պատճառներն են:
«ՃԻՇՏ ՉԷՐ ԲԻԲԻՆԻՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ԿԱՆՉԵԼԸ»
–Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հասցեին հնչած մեղադրանքներին:
– Ո՞վ էր մեղադրում Բիբինին:
– Մասնավորապես ընդդիմադիր պատգամավորները:
– Ովքեր Բիբինին մեղադրում են, ՀՀ օրենսդրությունը ճիշտ չգիտեն: Բիբինն աշխատում է հանձնաժողովի որոշումներով եւ Ազգային ժողովի կողմից էլցանցերի առքուվաճառքի պայմանագրով:
– Ուզում եք ասել, որ ընդդիմությունը մեղադրանքներ հնչեցնելով Ե. Բիբինի հասցեին` պարզապես դիվիդենտնե՞ր էր շահում:
– Միայն:
– Այնուամենայնիվ, Ե. Բիբինը չներկայացավ խորհրդարանական լսումներին: Չե՞ք կարծում, որ սա արհամարհանք էր խորհրդարանականների նկատմամբ:
– Ոչ, կարծում եմ` ճիշտ չէր Բիբինին Ազգային ժողով կանչելը, որովհետեւ նա խորհրդարանում անելիք չուներ: Ի վերջո, Բիբինը չի եկել օրենսդրական աշխատանքի, նա ունի իրավական ակտեր, որոնցով կառավարում է իր աշխատանքը:
«ԼՍՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀՆՉԱԾ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ
ԴԵՌԵՎՍ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԵՆ»
–Ի՞նչ կասեք այն մասին, որ թեպետ վերոնշյալ խնդրում բազմիցս խոսվեց հնարավոր չարաշահումների մասին, սակայն ՀՀ Դատախազությունն այդպես էլ հանձն չառավ այս գործն ուսումնասիրել:
– Ի՞նչն ուսումնասիրեր, եթե կան չարաշահումներ, պետք է ուսումնասիրել: Ես չգիտեմ` կա՞ն, թե՞ չկան:
– Մի՞թե դա պարզ չդարձավ լսումների արդյունքում:
– Լսումների ժամանակ հնչած ելույթները դեռեւս ապացույց կամ հիմք չեն` չարաշահումները հաստատելու համար: Եթե դուք մամուլ կարդաք կամ Ազգային ժողովում լսեք պատգամավորներին, ուրեմն` օրական մեկը հանցագործ է, բայց իրականության մեջ բացարձակ այդպես չէ:
– Անդրադառնանք նաեւ խնդրի սոցիալական կողմին: Ստեղծված իրավիճակում էլեկտրաէներգիայի թանկացման հարցում սուբսիդավորումը որքանո՞վ կարող է եղած խնդիրների լուծում դառնալ:
– Սուբսիդավորումը պետք է լինի պարտադիր եւ պետք է լինի այն չափով, որպեսզի աղքատության շեմից ներքեւ գտնվող քաղաքացիների քանակը չշատանա:
– Ըստ Ձեզ` որքանո՞վ են ի վիճակի աղքատության շեմից բարձր համարվող քաղաքացիները վճարել 6.93 դրամով թանկացած էլեկտրաէներգիայի համար:
– Մենք ունենք չափանիշ, ուղեցույց, գիծ` հասարակության մեջ աղքատության շեմի որոշման, եւ այդ շեմից ցածր մարդկանց տեղերը գիտենք: Մեր ամենախոցելի խավն իրենք են, դրա համար պետության առաջնային ֆունկցիան է նրանց օգնել: Երբ շաքարավազի, հացի գինը բարձրանում է, պայմանական ասեմ, որ ձեզ չեն փոխհատուցում, որովհետեւ դուք ապրում եք աղքատության շեմից վերեւ: Իհարկե, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կարող է պատճառ դառնալ, որ դուք ավելի շատ գումարներ ուղղեք, ասենք, հենց հացին եւ այլն` մյուս տեղերից խնայելով, բայց սա աղքատության հետ կապ չունի: Աղքատության համար անհրաժեշտ է, որպեսզի աղքատության շեմից ցածր գտնվող քաղաքացիներին պետությունը փոխհատուցի համապատասխան չափով:
«ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԳԻՏԵՆ, ԹԵ ՈՎ Է ՄՏԱԾՈՒՄ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ»
–Քաղաքացին այսօր շարունակում է պնդել` ասելով, թե ինչու պետք է ինքը մարի ՀԷՑ-ի պարտքերը:
– Հարցադրումը հետաքրքիր է: Ես արդեն ասացի, որ կան օբյեկտիվ պատճառներ: Եվ եթե կան օբյեկտիվ պատճառներ, հետեւաբար քաղաքացին չի փոխհատուցում ՀԵՑ-ի պարտքերը, այլ` վճարում է թանկացած էլեկտրաէներգիայի դիմաց: Իսկ սուբյեկտիվ պատճառների դեպքում, այո՛, քաղաքացու հարցադրումը ճիշտ է:
– Եզրափակելով թեման` եւս մեկ հարց. ընդդիմությանը կհաջողվի՞ այս խնդրից իր համար ինչ-որ բան քաղել` թե՛ վերադասավորումների, թե՛ ուժերի վերակազմավորման եւ թե՛ քաղաքացիներին իր կողմը գրավելու առումով:
– Անցած դարից պատգամավոր եմ եւ երբեք չեմ տեսել, որ քաղաքացիները «վառ» ընդդիմության հետեւից գնան: Եվ դրա վառ ապացույցը մի քանի կուսակցություններն են, որոնք Ազգային ժողովում եղել են ճարտար լեզուներով ընդդիմություն, բայց հաջորդ խորհրդարանական ընտրություններին Ազգային ժողով չեն մտել: Քաղաքացիները հստակ գիտակցում են իրենց շահը, եւ բոլոր այն հռետորները, ելույթ ունեցողները, ովքեր իբրեւ մտածում են քաղաքացիների շահերի մասին, թող չխաբվեն, որովհետեւ քաղաքացիները գիտեն, թե ով է մտածում իրենց մասին, եւ ով ում շահն է պաշտպանում:
– Աշնանը վառ ընդդիմություն կունենա՞նք:
– Շնորհակալություն... Ցտեսություն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
