Զարմացած
Արխիվ 12-16
Գամառ ջոբա, հերթական անգամ մեզ առավել քան զարմացրեց Վրաստանի նախկին նախագահ ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ: Նա ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է. «Այսօր Ուկրաինայի հերոսական զինված ուժերը ամեն ինչ անում են, որպեսզի թշնամին չկարողանա մտնել մեր քաղաքներն ու գյուղերը, որպեսզի եւս մի քանի հարյուր հազար մարդ անօթեւան չմնա: Իսկ հետագայում մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այն, ինչ ժամանակին նվաճել են, այդ թվում եւ Ղրիմում տեղակայված ռազմածովային ուժերը, վերադարձվի ուկրաինական վերահսկողության ներքո: Եվ դա անպայման լինելու է, դրան այլընտրանք չկա»: Ապշել կարելի է այդպիսի պարծենկոտությունից, ախր, դեռ ոչ ոք չի մոռացել, թե ինչ եղավ, երբ նույն Սահակաշվիլին 2008-ին փորձեց «վերադարձնել» Հարավային Օսիան եւ Աբխազիան: Առավելագույնը, ինչ ի զորու է անել Միշիկոն` Ուկրաինայի նախագահին սովորեցնել փողկապ ուտելու արվեստը, իսկ զինվորականներին` ռուսական բանակից հմտորեն ճողոպրելու բոլոր նրբությունները:
Իսկ Հանրային խորհրդի անդամ, վաղուց առանց «հարգելի ռադիոլսողների» մնացած ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ առավել քան զարմանալի առաջարկություն է անում` համատարած հոսանք գողանալ սովետական տարիների պես. «Միգուցե սկսենք համատարած գողանալ, որ հասկանան` իրենք գողանում, անունը դնում են գերկորուստներ, մենք էլ էս թանկացումների չափով իրենցից կգողանանք: Մարդիկ պետք է սկսեն մտածել դրա շուրջ: Խնդիրն այն է` ինչպես չվնասել քաղաքացիական հասարակության պահպանմանը եւ միաժամանակ գնալ օրինականության խախտման: Կարող ենք բարոյահոգեբանական այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ բոլոր տեսուչները, որոնք այդ ձեւով նաեւ լրացուցիչ փող կաշխատեն, համատեղ, համաձայնեցված ջանքերով աշխատեն մարդկանց հետ: Օգնեք, որ գողանան ձեր Բիբինի փողերը: Փորձենք այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ վախենան, որ մյուս անգամ որեւէ թանկացման դեպքում ավելի վատ վիճակ կստեղծենք»: Դեռ մի կողմ, որ նման հայտարարություններն անհամատեղելի են Հանրային խորհրդի անդամի կարգավիճակի հետ, սակայն պետք է զարմանքով փաստենք, որ Հանրային խորհուրդը լավ էլ արտացոլում է մեր հանրության պատկերը: Ախր, այնքան շատ են նրանք, ովքեր երազում են գողանալ, սակայն չկարողանալով, անպատվում են գողացողներին: Այ, երբ զանգվածային հոգեբանությունից դուրս կգա այդ մտածողությունը, հենց այդ ժամանակ հնարավոր կլինի երկիրը մաքրել խոշոր գողերից, հակառակ պարագայում` ամեն մի տապալված գողի տեղի վրա հա էլ մի քանի հավակնորդ կլինի:
Իսկ քաղաքական ոլորտում ընդդիմության անկարողությունը փաստացի խոստովանել է «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ. «Ընդդիմությունն առաձգական պարան չէ, որ ինչքան ասեք` ձգվի, ինքն ունի իր ռեսուրսները պայքարելու համար, այդ ռեսուրսները երբեմն վերջանում են»: Զարմանալի է, բայց ինչո՞ւ պարոն Մարտիրոսյանը չի քննում այն հարցը, թե ինչ պատճառով են վերջանում այդ ռեսուրսները: Ախր, այդքան արագ ու այդքան դաժան 550 հազար քվեի տեսքով ռեսուրս ունենալուց հետո այն փոշիացնել եւ զրոյացնել կարող էր միայն ու միայն Արմեն Մարտիրոսյանի անմիջական ղեկավարը` Րաֆֆի Հովհաննիսյանը: Ախր, փողոցից ցանկացածին որ վարձես, դնես որեւէ կուսակցության գլուխ եւ հանձնարարես այդ կուսակցության քաղաքական կապիտալը փոշիացնի` թեկուզ մեջներից ճղվի, Րաֆֆիի ապահոված տեմպի կեսն իսկ չի կարողանա կյանքի կոչել:
Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ ոչ միայն զայրացել է ընդդիմադիր գործիչների քննադատական խոսքից, այլեւ, զարմանալիորեն, նրա խոսքում հուսահատության երանգներ կան. «Ուզում եք վաղն իսկ փոխեք մեր պատվիրակությունը, տարեք այդ քննադատողների համար ամենից ընդունելի անձանց, վստահ եմ` ոչինչ չի փոխվելու, այդ պայմաններում նրանք որեւէ բան չեն կարողանա անել: Այդ կերպ մտածողներին կասեմ` գնացեք Միլի Մեջլիս ու կանխեք, որ հակահայկական փաստաթուղթ չընդունվի: Կան օբյեկտիվ պատճառներ, որոնք չտեսնել չի կարելի: Գործ ունենք արդեն ձեւավորված հզոր լոբբինգի հետ, որը աշխատում է Հայաստանի դեմ, աշխատում է Ադրբեջանի համար, սպասարկում նրա շահերը: Այդ սպասարկման հետեւանքով է, որ Եվրախորհրդարանը աչք է փակում Ադրբեջանում գոյություն ունեցող բոլոր խնդիրների վրա»: Չէ, մի տեսակ չի սազում, առավել եւս, որ հարց է ծագում` եթե թուրքը կարողանում է Եվրոպայում այդքան լոբբինգ անել, ապա ինչո՞ւ ամենուրեք կիսաընդհատակյա սկզբունքով կառույցներ ունեցող ՀՅԴ-ն, որը Սփյուռքում շատ ուժեղ է, ի տարբերություն հայրենիքի, չի կարողանում եթե ոչ հակառակն անցկացնել, ապա գոնե չեզոքացնել Բաքվի «խավիարային դիվանագիտությունը»:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
