ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԸ
Արխիվ 12-16ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԸ

Բնականաբար, սպասելի էր, որ ԱԺ արտահերթ նստաշրջանին ընդդիմադիրները պետք է ամեն ինչին չեմուչում ասեին: Մանավանդ ոգեւորվել էին արեւմտամետները, քանզի քննարկվում էր Ղրղըզստանի` ԵՏՄ-ին միանալու արձանագրության վավերացումը: Ալիկ Արզումանյան, Զարուհի Փոստանջյան, Թեւան Պողոսյան, Խաչատուր Քոքոբելյան` կարճ ասած բոլոր արեւմտամետ «վերջին մոհիկանները» անցան գործի: Դե, նրանց գործ ասածն էլ խոսելն է:
ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ «ՔԵՌԻ ՍԵՄԻՑ» ԵՎ ԱՅԼ «ՔԵՌԻՆԵՐԻՑ»
Թե ինչպիսին էր արեւմտամետների ոճը` խորանալու կարիք չկա, վաղուց անգիր գիտենք, թե ով ինչ է ասելու: Պարզապես, Ալիկ Արզումանյանն այնքան էր պնդում, որ ԵՏՄ-ն քանդվելու է, կարծես թե, շտապ վերամասնագիտացել է բայղուշության գծով եւ ամեն օր ԵՏՄ-ի վրա թուղթուգիր է անում:
Բնական է, որ արեւմտամետ ընդդիմադիրները որեւէ հնարավորություն չունեին խանգարելու հարցի դրական լուծմանը, եւ իրենք էլ դա լավ գիտեն: Գիտեն նաեւ, որ հանրային տրամադրությունների վրա էլ չեն կարող ազդել, քանզի ժողովուրդը լավագույն դեպքում պարզապես անտարբեր է Արեւմուտքի հանդեպ: Ավելին` հիմա բավականին հաճախ Արեւմուտք բառն ընկալվում է որպես «այլասերվածություն տարածողի» հոմանիշ:
Հարց է ծագում, էլ ինչո՞ւ են իրենց պատռում արեւմտամետ պատգամավորները, առավել եւս, որ հանրության կողմից դրանով առնվազ համակրանք չեն շահի, իսկ շատ հնարավոր է նաեւ, որ վարկանիշի կորուստ ունենան, այն էլ չեղած վարկանիշից: Կարելի է ենթադրել, որ դրանով նրանք մասնակցում են ավելի ու ավելի սուղ դարձող արեւմտյան ռեսուրսների համար ընթացող մրցակցությանը: Ե՛վ «քեռի Սեմը», ե՛ւ «քեռի Սորոսը» վերջերս դարձել են ձեռքից պինդ ու փող հատկացնում են հիմնականում ոչ թե ընդդիմադիր քաղաքական ուժերին, այլ ընտանիքի ինստիտուտը քայքայող, այլասերվածություն տարածող կառույցներին, մեկ էլ սոցիալական սուր հարցերով ժողովրդին հրապարակ բերող եւ առայժմ հայտնի, հետեւաբար հանրության աչքում փչացած հասարակական նախաձեռնություններին: Խոշոր հաշվով, ինչո՞ւ ֆինանսավորեն արեւմտամետ կուսակցություններին, չէ՞ որ պարտվածներին ոչ ոք չի սիրում, այդ թվում եւ տարբեր արեւմտյան «քեռիները»:
Ինչն է նախեւառաջ հետաքրքրում նույն արեւմտյան վերնախավերին` դա ներդրած փողի քաղաքական արդյունավետությունն է: Իսկ Հայաստանի պարագայում հա՛մ «հեղափոխականներն» են ապաշնորհ, հա՛մ էլ ընդհանուր աշխարհում եւ այդ թվում Հայաստանում բոլորն արդեն սովորել են, թե ինչպես կարելի է «գունավոր հեղափոխությունների» դեմն առնել:
Բայց բոլոր արեւմտամետներն էլ ամեն պատեհ առիթով իրենց պատռում են, արեւմտյան «քեռիներին» ցուցադրում սեփական ջանասիրությունը: Դե, շնից, այսինքն` «քեռի Սեմից» մազ պոկելն էլ է օգուտ:
ԽՈՇՈՐ ՇՆԱՁԿՆԵՐԸ ԴՈ՞ՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՍՏՎԵՐԻՑ
Օլիգարխների մեծ մասը, այդ թվում եւ Ռոբերտ Քոչարյանի կլանը, առայժմ հիմնականում խաղում են ստվերում: Սակայն հայտնվել է եւ խոշոր փողատեր, որը կարծես թե նախաձեռնում է բացահայտ խաղ: Խոսքը Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մասին է, ով, կարծես թե, չի բացառել, որ մշտական բնակություն կհաստատի Հայաստանում եւ կա՛մ կստեղծի կուսակցություն, կա՛մ եղած կուսակցություններից որեւէ մեկի բազայի վրա կծավալի պայքարը: Ու նրա աչքի գրողն էլ, կարծես թե, սահմանադրական բարեփոխումներն են:
Անձամբ հավակնել պատգամավորական մանդատի` նա չի կարող, թեեւ եղել են ժամանակներ, երբ նրա բոլոր եղբայրները պատգամավորներ էին, այն էլ` միաժամանակ տարբեր կուսակցություններից: Պատճառը պարզ է` քաղաքացիության ցենզի բացակայությունը: Բայց իհարկե, փողատիրոջ ֆինանսները կարող են լավ էլ աշխուժացնել ցանկացած` նույնիսկ «տրամվայի տակ ընկած», որեւէ կուսակցություն:
Բայց հարց է ծագում` հանուն ինչի՞: Չէ՞ որ մի քանի հոգու խորհրդարան անցկացնելը նրանց «սիրուն աչքերի» համար չի կարող նպատակ լինել: Նպատակը կարող է լինել այդ անցկացրածների միջոցով (եթե դա ստացվի) լոբբինգ անել սեփական շահերը: Բայց Հայաստանի քաղաքական դաշտում վաղուց արդեն գոյություն ունի «զմիմյանս քցելու» հին եւ բարի ավանդույթը, ու այդպիսի բազմափորձ, ամբողջ կյանքում ռուսական վերնախավի հետ շփված գործչին դա չի կարող հայտնի չլինել: Իսկ թե ինչո՞վ են սահմանադրական բարեփոխումները խանգարել այդ մեծահարուստին, առաջին հայացքից դժվար է ասել: Սակայն կարելի է ենթադրել, որ այդ բարեփոխումների դեմ պայքարելը կարող է քաղաքական սակարկությունների հիմք ստեղծել:
Բայց ի լրումն այլ կուսակցությունների` արդյո՞ք Արա Աբրահամյանը կթողնի ռուսաստանյան ասպարեզը: Արդյո՞ք նա գործադիրում դիրքեր է ուզում: Եվ արդյո՞ք մինչեւ աշուն մտքափոխ չի լինի:
Չզբաղվենք գուշակությամբ, այլ ընդամենն արձանագրենք, որ ամռան ընթացքում թերեւս նաեւ նորանոր դեմքեր հայտնվեն, ովքեր հրապարակավ կհայտարարեն սեփական քաղաքական հավակնությունների մասին: Թե ինչ կստացվի դրանից...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
