Ո.ՄԱՐՈՒԽՅԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐԻ ԵՒ ՆԵՐԿԱՅԻՍ ՊՐՈՌԵԿՏՈՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՓԱՍՏԵՐԸ, ԲԱՅՑ ԵՒ Հ
Արխիվ 12-16Ո.ՄԱՐՈՒԽՅԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԻՍ ՊՐՈՌԵԿՏՈՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՓԱՍՏԵՐԸ, ԲԱՅՑ ԵՎ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՑ
«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԻՆ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԻՆ ՎԵՐՋ ՉԿԱ» հոդվածում անդրադարձել էինք Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր, այժմ ռեկտորի թեկանու Ոստանիկ Մարուխյանի ղեկավարած տարիներին ՎՊ-ի կողմից արձանագրված խսխտումներին, որոնք, ըստ նախկին ռեկտորի եւ ներկա պրոռեկտոր Սուրեն Աղբալյանի, չեն վերացվել պարոն Մարուխյանի օրոք: Ինչպես նշել էինք, վերը նշված վերտառությամբ հոդվածը պատրաստելիս եւ դրան հաջորդող օրերին, նախ մեզ չէր հաջողվել կապվել Ոստանիկ Մարուխյանի հետ, իսկ կապվելուց հետո, նա մեզ խնդրել էր սպասել մինչեւ երկուշաբթի, քանի որ ինչպես ինքն էր նշել.«Ուզում եմ փաստաթղթերը ձեռքիս տակ լինելուց հետո հանգամանալից անդրադառնամ»:
Եվ ահա, այսօր մեզ հաջողվեց պարոն Մարուխյանի հետ զրուցել եւ տեղեկանալ նաեւ իր տեսակետին: Սակայն, ավելորդ չենք համարում նշել, որ պարոն Մարուխյանը մինչ բուն թեմային անցնելը` նախ մի լավ ամոթանք տվեց մեզ, մասնավորապես նշելով. «Սիրուն չի, ամոթ է նման` ճշմարտությունից հեռու, ոչինչ չպարունակող նյութեր գրել»: Ավելորդ չհամարելով, նշել, որ նման նյութեր գրելը`ջահել աղջկան պատիվ չի բերի: Եվ սա, շնորհակալության փոխարեն, որ մենք ինքներս ենք ի սկզբանե շահագրգռված եղել ներկայացնելու նաեւ նրա տեսակետը: Ինչեւէ, չնայած պարոն Մարուխյանը մեզ հետ խոսելիս մեջբերումներ էր անում իր ձեռքին եղած փաստաթղթերից, սակայն, երբ մենք խնդրեցինք այդ փաստաթղթերի կրկնօրինակները, նա հրաժարվեց դրանք մեզ տրամադրելուց` պատճառաբանելով, որ ի պաշտոնե դրա իրավունքը չունի: Պոլիտեխնիկի նախկին ռեկտորի խոսքով մեր` վերը նշված հոդվածի զրուցակիցը` պարոն Աղբալյանը, ներակայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, քանի որ. «Նրան այդպես էր հանձնարարված, իսկ, թե ում կողմից` չեմ կարող ասել»: Նշենք, սակայն, ի տարբերություն պարոն Մարուխյանի, պարոն Աղբալյանը մեզ հետ զրույցում խոսում էր փաստաթղթերով, իսկ զրույցից հետո դրանք մեզ մեծ սիրով տրամադրեց: Իսկ պարոն Մարուխյանը չնայած վերը նշված հոդվածում տեղ գտած փաստերից յուրաքանչյուրի համար ուներ հակափաստարկ, սակայն, դրանք փաստացի մեզ տրամադրելուց հրաժարվեց: Նշենք, որ պարոն Մարուխյանի միակ եւ հաճախ կրկնվող փաստարկն այն էր, որ նա հավատարիմ դաշնակ է եւ Եղեռնը վերապրածների ժառանգորդ, բայց, թե դա ինչ կապ ունի Պոլիտեխնիկի գույքը, տվյալ դեպքում` մարզական ակումբը եւ լողավազանը ինչ-որ ակումբի բավական տարօրինակ պայմանագրով տրամադրելու հետ, ընդ որում` պայմանագրով սահմանված նորմերն էլ խախտելով, այդպես էլ չհասկացանք:
Ամեն դեպքում ներկայացնենք պարոն Մարուխյանի տեսակետը վերը նշվածի վերաբերյալ.
- Պարոն Աղբալյանը բացարձակապես նյութից ոչինչ չի հասկացել, ամենայն հավանակնությամբ նրան` չգիտեմ ով եւ ինչպես, հրամցրել է որեւէ պատրաստի փաստաթուղթ եւ ինքը թույլ է տվել այնպիսի արտառոց, անթույլատրելի սխալներ, որոնք բազում հարցեր են առաջացնում: Ուստի` հարց է առաջանում` եթե մարդը չի տիրապետում հարցին, ինչո՞ւ է նման հարցազրույց տալիս: Մասնավորապես, պարոն Աղբալյանը նշել է 3000 քմ. տարածք ունեցող մարզադահլիճը, իբրեւ թե իմ օրոք հանձնվել է մարզական ակումբին: Նորից եմ կրկնում, պարոն Աղբալյանը, ամենայն հավանականությամբ, լավ չի սերտել իրեն հանձնարարված դասը, ցավոք սրտի իր առաջխաղացման գործում ես էական դերակատարություն եմ ունեցել, դրա համար ցավ եմ ապրում: Հիմա իմ ձեռքի տակ է իմ օրոք ոչ բնակելի տարածքների անշարժ գույքի պայմանագրերը, որոնք հաշվարկված են ամբողջ ժամանակահատվածի համար: Եվ այստեղ ակնհայտ գրված է, որ վարձակալվող դահլիճի մակերեսը կազմում է 779,6 քմ, որը համարժեք է 113,69 քմ-ին: վարձակլությամբ տրված է եղել միայն ֆուտզալի դահլիճը` 684քմ. տարածքով, եւ լողավազանի երկու լողուղղին իրենց հարող հարթակներով: Բնականաբար հաշվարկվել է, որ վարձակալման ժամկետը` 3,5 ժամ, ժամը 14-30-ից, մինչեւ 20-00 վարձակալման օրավարձը եղել է 1100 դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկ: Ի դեպ պարոն Ավետիսյան Արան, երբ ինձանից ընդունել է հետագայում վարձակալության պայմանագիրը կնքել է ճիշտ այն ձեւով, ինչ ձեւով, որը 2010 թվականին կնքել եմ ես: Այս պայմանգրին կից տրվում է սպասարկման հետ կապված փոխհատուցման ծախսերը, եթե պարոն Աղբալյանը ծանոթ լիներ այս փաստաթղթին, ապա պետք է կարդար պայմանագրի 2-րդ կետը, որով վարձակալը վճարել է կոմունալ ծախսերը: Մասնավորապես պայմանագրում նշված է. «Տարածքների սպասարկման վճարը կողմերի համաձայնությամբ վարձակալած տարածքների պահպանման, սպասարկման եւ շահագործման համար վճար չի սահմանում, քանի որ ակումբը ինքն է իրականացնում վարձակալած տարածքների սպասարկումը, ընդ որում ձեռք է բերում քլոր եւ ախտահանող նյութեր, կազմակերպում է` ուսանողների բուժվելու, հսկողական աշխատանքները, ինչպես նաեւ անհրաեշության դեպքեւմ լողավազանի եւ հարող տարծքի ընթացիկ վերանորոգումը»: Այսինքն` այն, որ պետք է Պոլիտեխնիկը աներ, հետո մեզ ակումբը փոխհատուցեր, մենք ասում էինք, մենք դա դնում ենք Ձեր (նկատի ունի մարզական ակումբին) վրա: Իսկ «դա» ասվածի մեջ մտնում են` շուրջօրյա երկու բժիշկների պահելը եւ աշխատավարձը, երկու մարդ միայն պահվել են ավազանում, որ ոչ միայն մարզական ակումբի ժամանակ, այլեւ լողի դասերի ժամանակ հսկեն լողացողներին, հինգը մարզիչ պահված են եղել մարզական հավաքականների հետ աշխատելու համար, դրանց հետ մեկտեղ ակումբը պահել է հավաքարար, հանդերձապահներ, եւ այս բոլոր աշխատողների միջին աշխատավարձը եղել է մոտավորապես 65 հազար դրամ: Այսինքն` իմ օրոք Պոլիտեխնիկի ֆիզկուլտուրայի ժամերի ամբողջ բուժսպասարկումը դրված է եղել մարզական ակումբի կողմից վճարվող բժիշկների վրա, դրան գումարած մարզական ակումբը իր հաշվին գնել է քլոր, ախտահանիչ նյութեր, բոլոր տեսակի ֆիլտրերը արել են իրենք:
- Պարոն Մարուխյան, Դուք նշում եք, որ մարզադահլիճի ընդամենը մեկ դահլիճն է վարձակալման տրված եղել, սակայն ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչ Արարատ Ղոչիկյանը, մեզ հետ զրույցում նշում է, որ պայմանագրով տրված թե ժամային եւ թե տարածքային առումով խախտումներ են եղել, մասնավորապես, որ ամբողջ մարզադահլիճն է տրված եղել վարձակալման, ի՞նչ կասեք այս առնչությամբ:
- Եթե խախտվել են պայմանագրի կետերը, ինչո՞ւ է հիմա պարոն Ղոչիկյանը դրա մասին հիշել: Սա էլ մյուս տարբերակն է, մարդիկ կատարում են երկրորդ հրահանգը: Հիմա ենթդարենք եղել ժսմը 16:30-ից 20:00, բայց ֆուտբոլ խաղացողները քսան-քսանհինգ րոպե ուշ են վերջացրել, ի՞նչ կա դրա մեջ, դա որե՞ւէ բան է փոխում: Իսկ, եթե պարոն Ղոչիկյանը նպատակ ունի ինձ ինչ-ինչ մեղադրանքներ ներկայացնել, ես պարզապես զերծ կմնամ արձագանքելուց: Ցավում եմ, որ իմ ղեկավարման օրոք չափազանց բարի եմ եղել ոմանց նկատմամբ եւ այդ կերպարանփոխումն է, որ այսօր ինձ ցավ է պատճառում:
- Իսկ, մարզական ակումբի կողմից տրված վարձավճարներից որքա՞ն գումար է հատկացվել պետբյուջե եւ կարո՞ղ եք մեզ ներկայացնել փաստաթղթեր, եթե դրանք կան:
- Մի կտրվածքի համար կասեմ, որ ձանձրալի չլինի` 2006-2007թթ. միայն պետբյուջե մուծվել է 1 միլոն 250 հազար դրամ, իսկ 2010-11թթ. ուստարվա կտրվածքով պետբյուջե փոխանցվել է` (հաշվի առնելով ՎՊ-ի առաջարկությունը մենք տարածքային խնդիրը դրել ենք 188քմ-ի համար- Ո. Մ.), 2 միլոն 485 հազար 560 դրամ, եւ այսպես ամեն տարի պետբյուջե անխտիր վարձակալման վճարը փոխանցվել է: Հիմա ո՞նց է այս ամենի տակից դուրս գալու պարոն Աղբալյանը: Ի դեպ, ինձ համար ցավալի է նաեւ, որ պարոն Աղբալյանը ինձ մեղադրանք է առաջադրում, որ իմ օրոք քլորի գոլորշիները վնասել են լողավազանի տանիքը, այն դեպքում երբ ինձանից առաջ` 18 տարի այդ լողավազանը շահագործվել է պարոն Սարգսյանի օրոք, մոտավորապես 8-9 տարի էլ երջանկահիշատակ Ռաֆայել Մովսիսյանի օրոք: Առնվազն Մարուխյանը պետք է հրեշ լիներ, որպեսզի գար եւ նման վնաս հասցներ լողավազանին: Ինչ ուզում եք արեք երեսուն տարի շահագործվող ավազանի որոշակի մետաղական կոնստրուկցիաներ, քավ լիցի, կարող էին եւ խախտվել: Բայց նորից եմ կրկնում, դա ապաշհնորհ ղեկավարման արդյունք չէ, ինձ վրա ամենից շատ ազդել է պարոն Աղբալյանի հենց այդ հայտարարությունը: Ես փորձեցի հնարավորինս սեղմ ներկայացնել ասելիքս: Եվ մի բան էլ, պարոն Մարուխյանի կենսակերպին ծանոթ են բոլորը, կարող եք հետաքրքրվել նույնիսկ ռեկտոր եղած ժամանակ ոնց էի գալիս եւ ոնց գնում` ծառայողական մեքենայից օգտվել եմ ընդամենը անհրաժեշտության դեպքում: Եվ ի վերջո, ես եղեռնից մազապուրծ եղած գերդաստանի ժառանգորդ եմ, միեւնույն ժամանակ 1937 թ.-ի բռնի տեռորից մազապուրծ եղած հոր զավակ եմ, ով ընդունակ չէ չարաշահումների, ոչ էլ առավելեւ կոռուպցիայի:
Հավելենք, որ մինչ 2012թվականը, Կառավարության (ՀՀ պետական կառավարչական հիմնարկների տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության տրամադրման) որոշմամբ իրավունք չկար, տարածքները ժամավճարով տրամադրելու, իսկ տրամադրելու դեպքում էլ այն պետք է բավական բարձ գներով տրամադրվեր: Կոնկրետ դեպքում մարզական ակումբի ամսական վճարը պետք է կազմեր 16մլն. դրամ: Իսկ, պարոն Մարուխյանի ներկայացրած, պետբյուջե մուտք արվող, ընդ որում տարեկան 2 միլոն 485 հազար 560 դրամ վարձավճարը, մեղմ ասած հեռու է օրենքով սահմանված վարջավճարից ստացվող եկամտից:
Ենթադրությունները թողնում ենք ընթերցողին, բայց, որ առնվազն զարմանալի է, որ պարոն Մարուխյանը խուսափեց մեզ տրամադրել պայմանագրերի կրկնօրինակները, դա փաստ է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk