ՀԱՅԱՍՏԱՆ-ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆ-ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Հունիսի 13-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը կընդունի Պորտուգալիայի ընտրանուն, որը Հայաստան է ժամանել հունիսի 11-ին: Հաղթանակն այս խաղում Հայաստանի ընտրանու համար շատ կարեւոր է, եւ առաջին հերթին՝ հոգեբանորեն: Իսկ ահա պորտուգալացիներին վաստակած միավորները կարող են ապահովել խմբում առաջին տեղը: Բայց դեռ խաղեր կան, եւ անպայման այս խաղով խնդիրը լուծելու հարցը, թերեւս, պորտուգալացիների համար գերկարեւոր խնդիր չէ:
Ամեն դեպքում, այն, որ մեր ընտրանին ինչպես նախորդ, այդպես էլ այս հանդիպմանը մոտենում է լուրջ խնդիրներով, գաղտնիք չէ: Յուրա Մովսիսյանի ստացած վնասվածքն էլ ավելի բարդացրեց իրավիճակը: Թեեւ ավելի վաղ կար խոսակցություն, որ Մովսիսյանն այնուամենայնիվ կմասնակցի հանդիպմանը, սակայն թիմին միանալուց հետո ֆուտբոլիստը մարզումները կիսատ թողնելով` մեկնել է ԱՄՆ՝ հետազոտություն անցնելու: «Մարզական հավաքի հինգ օրերի մարզումները ցույց տվեցին, որ լիովին վերականգնվել եւ պատրաստ լինել առաջիկա հանդիպմանը հնարավոր չէ: Մարզչական շտաբի եւ բժշկական անձնակազմի հետ որոշում կայացվեց՝ թույլատրել, որպեսզի Յուրան մինչեւ իր ակումբ վերադառնալը լրացուցիչ հետազոտություն անցնի ԱՄՆ-ում, եւ ես թույլատրեցի նրան՝ դադարեցնել իր մասնակցությունը հավաքին եւ մեկնել ԱՄՆ»,- ասել է Սարգիս Հովսեփյանը:
Արդյունքում ավելի է հաստատվում, որ Սարգիս Հովսեփյանը թիմի կազմի հետ կապված` ընտրության լայն հնարավորություն չունի, եւ նրա որոշումներն արդեն կարող են պարտադրված դառնալ: Եվ այս առումով՝ էլ ավելի կարեւոր է դառնում «12-րդ խաղացողի» ներկայությունն ու աջակցությունը: Այս առումով խնդիրներ չեն լինի. մարզադաշտի արեւելյան տրիբունայի բոլոր տոմսերն արդեն իսկ սպառված են, իսկ արեւմտյանի տոմսերը մոտ են սպառվելուն: Հյուսիսային եւ հարավային տրիբունաների չվաճառված տոմսերը համեմատաբար ավելի շատ են:
Իսկ ահա Պորտուգալիայի ընտրանին մեր հավաքականի դեմ հանդիպմանը նախապատրաստվել է Թբիլիսիում, որտեղից էլ մոտ 100 վրացի երկրպագու կժամանի Հայաստան՝ պորտուգալացիներին աջակցելու համար:
Նենք նաեւ, որ խաղը կսպասարկի բելգիական մրցավարական անձնակազմը՝ Սերժ Գյումյենիի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Ֆրանկ Բլեյենը եւ Ջիմմի Կրեմերսը: Չորրորդ պաշտոնյան է Տիբո Նիյսենը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Ալեքսանդր Բուկոն եւ Բարտ Վերտենտենը: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
