ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԳՈՒՇԱԿՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ, ԻՍԿ ԹԵ ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎՈՒՄ ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ
Արխիվ 12-16ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԳՈՒՇԱԿՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ, ԻՍԿ
ԹԵ ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎՈՒՄ ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ
Հայաստանյան ներքաղաքական դաշտում տարեսկզբից կանխատեսվող գարնանային սրացումներն ինչպես տեսանք ավարտվեցին ընդդիմության ֆիասկոյով: Դրան չնայած հաջորդեցին նոր քաղաքական վերադասավորումներ ու նոր կուսակցությունների ծնունդներ, սակայն տպավորությունն այնպիսին է, որ ընդդիմությունը կամ խորը քնած է, կամ անհանդուրժողականության ճիչերն այնքան նվազ են, որ առանձնապես չեն լսվում: Այնուամենայնիվ, որոշ քաղաքական գործիչներ կրկին սկսել են բարձրաձայնել, թե աշունն այնուամենայնիվ թեժ է լինելու: Իրականում քաղաքական ինչպիսի՞ աշնան ականատեսը կլինենք և արդո՞ք տեղի կունենա ընդդիմության կոնսոլիդացիա: Այս և «Իրավունք»-ի այլ հարցերի վերաբերյալ իր տեսակետն է հայտնում ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
- Պարոն Մանուկյան, Ձեր կարծիքով առաջիկայում քաղաքական դաշտում ինչպիսի՞ հնարավոր վերադասավորումներ կլինեն, քանի որ քաղաքական գործիչները թեժ աշուն են խոստանում: Դուք նման կանխատեսում ունե՞ք:
- Շատ անորոշ հարց եք տալիս: Հազար ձևի վերափոխումներ էլ կարող են լինել, ինչո՞ւ եք հիմա սկսում դրա մասին խոսել: Հո ես գուշակ չե՞մ: Կնայենք, կտեսնենք: Ես պատրաստ չեմ այդպիսի հարցի պատասխանել: Ոչ մեկն էլ չի իմանում, թե ինչեր կլինեն, իսկ կանխագուշակումներ անելն էլ իմ սովորությունը չէ:
- Վերջին շրջանում նոր քաղաքական կուսակցություններ են ձևավորվել, օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը կարծես հետաքրքրություն է առաջացրել քաղաքական դաշտում: Ի՞նչ կասեք այս մասին:
- Որևէ մեկնաբանություն չունեմ այդ հարցի վերաբերյալ: Ես գիտեմ, որ ամեն ինչ կյանքը պետք է ցույց տա, առայժմ դեռ ոչինչ չեմ կարող ասել:
- Իսկ Ձեր կարծիքով հնարավո՞ր է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն:
- Գիտե՞ք ինչ, ես Հայաստանում չէի, նոր եմ եկել: Երևի քաղաքական դաշտում բան չկա, որ ստիպված նման հացադրումներ եք անում: Չէ, համարեմ, որ այդ հարցերին ես պատասխան չունեմ:
- Իսկ հոսանքի թանկացումն անխուսափելի՞ կլինի, թե՞ հնարավոր կլինի այս անգամ շրջանցել այն:
- Չեմ իմանում: Դուք հարցեր եք տալիս, թե ինչ կլինի ապագայում: Մի հատ գուշակ կամ գնչու չկա՞ Հայաստանում: Փող եք տալիս, նա էլ սկսում է գուշակել: Ես հո գնչու՞ չեմ:
- Հոսանքի թանկացման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել, որ կարծես թե դրանից խուսափել չի լինի:
- Ես որևիցե բան ասել չեմ կարող: Հանրային խորհուրդն իր կարծիքն ասել է, հիմա էլ հետևում ենք, թե ինչ կլինի:
Հ.Գ Դժվար է պատկերացնել, որ պոկերի մեծ վարպետ և էլ ավելի մեծ սիրահար, քաղաքական գործիչ Մանուկյանը, ապագայի կանխատեսումների հարցում կարող է նման զսպվածություն դրսևորել, թեև կարելի է հավատալ նրա անկեղծությանը, երբ աում է, թե չգիտի ինչ կլինի քաղաքական ապագայում. նույն կերպ նա հավանաբար չգիտեր, ինչ է լինելու ՀՀ-ի ապագան, երբ Ղարաբաղ կոմիտեի, իսկ հետագայում ՀՀՇ ղեկավարության կազմում՝ բռունցք էր թափահարում օպերայի հրապարակում:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
