«ԱՅՍ ՋՐՀԵՂԵՂՈՏ ԿԻՐԱԿԻՆ ԹՈՂ ԴԱՌՆԱ ՄԵՐ ԵՐԿՈՒ ԱԶԳԵՐԻ ԻՐԱՐ ՃԻՇՏ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՈՒ ՍԻՐԵԼՈՒ ՆՈՐ ՍԿԻԶԲ»
Արխիվ 12-16«ԱՅՍ ՋՐՀԵՂԵՂՈՏ ԿԻՐԱԿԻՆ ԹՈՂ ԴԱՌՆԱ ՄԵՐ ԵՐԿՈՒ ԱԶԳԵՐԻ ԻՐԱՐ ՃԻՇՏ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՈՒ ՍԻՐԵԼՈՒ ՆՈՐ ՍԿԻԶԲ»
Անդրադառնալով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած աղետին` թիֆլիսաբնակ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, Վրաստանի գրողների միության «Կամուրջ» հայալեզու տարեգրքի խմբագիր ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ նշել է. «Օրը մոտենում է իր ավարտին...Կիրակին կիրակիի նման չեղավ այսօր Թիֆլիսի, վրացիների, վիրահայության համար... Ու Թիֆլիսում ապրող բոլոր ազգությունների համար… Բացառապես բոլոր…Ես 30 տարի շարունակ ապրել եմ աղետի գոտու հարակից տարածքում… Այդտեղ է հանգչում եւ ամուսնուս աճյունը...Ամեն անգամ այդտեղ գնալիս ճզմվում է սիրտս… Ծանր հիշողություններից… Բայց գիտեմ, թե այդտեղ՝ Բագեբիում, Վերայում, Վակե-Սաբուրթալոյում, ինչ հաշտ են ապրել ու ապրում իրար հետ բոլոր ազգերը…Ասեմ ձեզ նաեւ, որ 30 տարի շարունակ նույն բնակարանում, ընդհանուր պայմաններում ես ապրել եմ ադրբեջանցի ընտանիքի հետ. ղարաբաղյան պատերազմի տարիներին էլ (հերոս եմ, չէ՞) բոլորն անխտիր: Կրկնում եմ` Ցավն այսօր բոլորինն է …Եվ ցավն էլ նորից միավորել է այսօր բոլորին… Ցավի մրմուռը հասավ եւ ձեզ, իմ սիրելի հայաստանյան ու աշխարասփյուռ ազգակիցներ՝ հայեր ջան…Դուք այսօր չհանգստացաք մեզ հետ, իմ հետ միասին»: Ապա ընդգծել է. «Խոնարհվում եմ բոլորիդ առջեւ` բոլորիդ ուշադրության, բոլորիդ զորակցության, աջակցության պատրաստակամության համար… «Եղբայր` եղբորով ես ուժեղ», - ասում էր Մորիս Փոցխիշվիլին, իր «Օջախ, գրող, ճշմարտություն» բանաստեղծության մեջ նույն միտքն էր արծարծում Իոսեբ Նոնեշվիլին…»: Տիկին Բոստանջյանը խոր ցավով նաեւ շեշտել է. «Այս ծանր, ահավոր օրը, այս ջրհեղեղոտ կիրակին թող դառնա մեր երկու ազգերի իրար ճիշտ հասկանալու, իրար գնահատելու, իրար մեջ միայն լավը տեսնելու ու իրար սիրելու նոր սկիզբը... Մենք շատ նման ենք իրար ... Ես թարգմանում եմ վրաց մեծ գրականության ամենալավագույն նմուշները ու տեսնում եմ, թե ինչ նման են իրար մեր ազգերը, մեր ավանդույթները, մեր սովորություններն ու ծեսերը, բառերը, դարձվածքնե՜րը հատկապես (շշմելու բան), մեր ուրախությունները, մեր ցավերը…Այս ամենը թող մեզ ավելի սիրել տան իրար, իրար ավելի թանկ գնահատել տան…Այս եմ ուզում ես…Եվ դրան եմ նվիրել ամբողջ գիտակցական կյանքս… 25 տարեկանից … Այս տարի Երեւանում լույս կտեսնի այդ նպատակին ծառայող գրականագիտական հոդվածներիս ժողովածում «Սիրո աշխարհ» վերտառությամբ…»: Եվ վերջում հորդորել է. «Ապրենք այն գաղափարներով, որ պատգամում են մեզ վրացի ու հայ մեծերը, որոնց անձամբ ճանաչել ու որոնց գրական -հասարակական կյանքի ուսումնասիրությամբ զբաղվել եմ դեռ երիտասարդ տարիներիցս սկսած…Ավաղ, ընտանեկան հանգամանքները, միաժամանակ հայր լինելուս բեռը` չթողեց պաշտպանել գիտական թեզս…Սա արդեն այլ թեմա է…»:
Եզրափակելով խոսքը` Ա. Բոստանջյանը մեկ առ մեկ բոլորից շնորհակալություն է հայտնել այսօրվա զորակցության համար եւ խոստացել վաղը վրացերեն գրել հայաստանյան հայերիս զորակցության խոսքը վրաց ժողովրդին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
