ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ Ի. ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ Ի. ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻԻ հետ՝ Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի եւ ավերածությունների պատճառ է դարձել: Հատկապես մեծ խնդիր է դարձել թիֆլիսյան գազանանոցից մայրաքաղաքի փողոցներում հայտնված գիշատիչ գազանների հայտնաբերումն ու վնասազերծումը:
Հովիկ Աբրահամյանը ցավակցություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին եւ առաջարկել հայկական կողմի աջակցությունը: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ցավակցության եւ աջակցության առաջարկի համար: ՀՀ վարչապետը նաեւ հանձնարարել է ՀՀ ՏԿԱԻ նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻՆ շարունակել համագործակցությունը Վրաստանի իր գործընկերոջ հետ` ըստ անհրաժեշտության համապատասխան աջակցությունը վրացական կողմին ցուցաբերելու համար: Մինչդեռ վրացական IMEDI հեռուստաընկերությունից հայտնում են, որ օգնություն ուղարկելու պատրաստակամություն են հայտնել հարեւան Թուրքիան ու Ադրբեջանը: Իսկ Հայաստանի մասին ոչ մի խոսք, ինչը սոցցանցերում տարաբնույթ մեկնաբանությունների ու թյուր կարծիքների պատճառ է դարձել: Ոմանք գրում են, թե 1988-ին Սպիտակի երկրաշարժի ժամանակ առաջինը վրացիները հասան մեզ օգնության, մինչդեռ մենք «ուղտի ականջում քնած ենք»: Իսկ մյուսներն էլ հակադարձում` հիշեցնելով, որ նույն 1988-ին Վրաստանը հավակնություններ ուներ անգամ Կիրովականի վրա, իսկ տեղի ունեցածը Աստծո պատիժն է` Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար:
Ինչեւէ, այս պահին թերեւս սոցցանցային փոխադարձ վիրավորանքների փոխարեն, գոնե մեր աղոթքներով պետք է սատարենք մեր միակ քրիստոնյա հարեւան երկրին ու շուտափույթ առողջություն մաղթենք վիրավորներին, որոնք մեր տվյալներով ավելի քան 158-ն են: Իսկ զոհերի թիվը մինչեւ այս պահը հասնում են 14-ի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
