12 ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶՈՀ ՈՒ 4 ՍՊԱՆՎԱԾ ԳԱԶԱՆ. ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՂԵՏ ԹԻՖԼԻՍՈՒՄ (Ֆոտոշարք)
Արխիվ 12-1612 ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶՈՀ ՈՒ 4 ՍՊԱՆՎԱԾ ԳԱԶԱՆ. ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՂԵՏ ԹԻՖԼԻՍՈՒՄ (Ֆոտոշարք)
Երեկ գիշեր Վրաստանի մայրաքաղաքում` Թիֆլիսում, երկարատեւ հորդառատ անձրեւը հեղեղել է մի քանի թաղամասեր: Ջրի տակ են անցել հարյուրավոր բակեր, նկուղներ եւ շենքերի առաջին հարկեր: Բացի այդ, աղետի զոհ է դարձել թիֆլիսյան գազանանոցը, ավելին` գազանների կեսը հայտնվել են մայրաքաղաքի փողոցներում: Արդեն իսկ գիշերվանից սկսվել է 32 գազանի փնտրտուքն ու վնասազերծումը:Բնակարաններում մարդիկ մնացել են առանց խմելու ջրի ու էլեկտրաէներգիայի:

Վերջին տվյալներով, ինչպես լրատվամիջոցներին հայտնել է Թիֆլիսի քաղաքապետ Թիմուր Պխալաձեն. «Փնտրվում են 6 այռուծ, 6 վագր, 7 արջ եւ 13 գայլ»: Իսկ թիֆլիսյան թաղամասերից մեկի բնակիչները փողոցում նկատել են «զբոսնող» լուսանի, ավելին` սարսափելի են սոցցանցերում հայտնված լուսանկարները, որտեղ կարելի է տեսնել թիֆլիսյան կենտրոնական փողոցներում շրջող ոչ թե զբոսաշրջիկների, այլ գետաձիու, առյուծի, կոկորդիլոսի ու այլ գիշատիչ կենդանիների: Ի դեպ, քաղաքապետը հորդորել է թիֆլիսաբնակներին դուրս չգալ տանից, մինչեւ կհայտնաբարվեն բոլոր գազանները:


Մի քանի ժամ առաջ իր ֆեյսբուքյան էջում թիֆլիսաբնակ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, Վրաստանի գրողների միության «Կամուրջ» հայալեզու տարեգրքի խմբագիր ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ գրել է. «Ով կսպասեր այսպիսի դժբախտություն քաղաքիս գլխին... Եվ արդյոք ամեն ինչ արդեն անվտանգ է…Փրկարարներն ամեն հնարավորն արել են՝ սպանել են կենդանիներին (նրանք էլ մեղք են), բայց կան օձեր, կարիճներ, գայլեր…Աստվա՛ծ, փրկիր …Կանխիր վատթարը...»:



Հավելենք, որ տեղի ունեցած աղետի պատճառով կա 12 զոհ եւ 4 սպանված գազան, ինչպես նաեւ 36 վիրավոր տեղափոխվել են հիվանդանոց ու կան անհայտ կորած մարդիկ: Նախնական տվյալներով, զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk