ՀԱՅԱՍՏԱՆ-ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ՝2:3. ՌՈՆԱԼԴՈՒՆ ՀԵԹ-ՏՐԿԻ ՀԵՂԻՆԱԿ(տեսանյութ)
Արխիվ 12-16
ՀԱՅԱՍՏԱՆ-ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ՝2:3. ՌՈՆԱԼԴՈՒՆ ՀԵԹ-ՏՐԿԻ ՀԵՂԻՆԱԿ(տեսանյութ)
Ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը, Հայաստանի ընտրանին զիջեց մրցակցին 2:3 հաշվով: Հանադիպման հաշիվը բացվեց 14-րդ րոպեին, երբ հյուրերի դարպասի մոտ նշանակվեց տուգանային հարված, որն ֆանտաստիկ հարվածով գոլի վերածեց Մարկոս Պիզելին: Առաջին խաղակեսը պորտուգալացիները անատամ ֆուտբոլ խաղացին, բայց հայ ֆուտբոլիստները դրանից օգտվել չկարողացան: Հանդիպման հաշիվը հավասարվեց, երբ Բերեզովսկու դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ վստահորեն իրացրեց Մադրդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում պորտուգալացիները դարձյալ աչքի չէին ընկնում ակտիվությամբ, սակայն 55-րդ րոպեին Ռոնալդուն օգտվելով Ռոբերտ Արզումանյանի եւ Ռոման Բերեզովսկու անհամաձայնեցված գործողություններից իր հաշվին գրանցեց դուբլ: Ռոման Բերեզովսկին եւս մեկ անգամ ստիպված էր դուրս բերել գնդակը սեփական դարպասից եւ հենց Ռոնալդուի հարվածից հետո: Հանդիպման 58-րդ րոպեին Ռոնալդուն հրաշալի հարվածով գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը եւ դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Այսպես, 62-րդ րոպեին պորտուգալացիները մնացին 10 ֆուտբոլիստներով, Տիագու Մենդեշը զգուշացվեց երկրորդ անգամ եւ լքեց խաղադաշտը: 10-ը հոգով մնացած պորտուգալացիները ուժերը կենտրոնացրին պաշտպանությունում, իսկ փոխարինման դուրս եկած Արաս Օզբիլիսը, ով նոր է վերկանագնվել վնասվածքից, սկսեց անհանգստացնել Պորտուգալիայի ընտրանու պաշտպաններին: Արդյունքում, անկյունայինի խաղարկման ժամանակ 71-րդ րոպեին աչքի ընկավ Հրայր Մկոյանը: Հանդիպման հաշիվն այլեւս չփոխվեց եւ Հայաստանի ընտրանուն չհաջողվեց միավոր վաստակել:
Այսպիսով, պորտուգալացիները 12 միավորով I խմբի առաջատարն են, իսկ Հայաստանն ունի մեկ միավոր եւ վերջին տեղում է:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
