Գ. ՆՈՒՇԻԿՅԱՆ. «ԲԻԲԻՆԻ ԿԱՏԱՐԱԾ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ, 100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՄԵՔԵՆԱՆ Ի՞ՆՉ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՔԵՆԱ Է ՈՐ»
Արխիվ 12-16Գ. ՆՈՒՇԻԿՅԱՆ. «ԲԻԲԻՆԻ ԿԱՏԱՐԱԾ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ, 100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՄԵՔԵՆԱՆ Ի՞ՆՉ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՔԵՆԱ Է ՈՐ»
Հունիսի 12-ին, խորհրդարանում տեղի են ունենալու խորհրդարանական լսումներ` էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Մինչ լսումները, «Իրավունքը» պարբերաբար զրույցներ էր ունենում տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ: Եվ ահա ՀՀԿ գործարար պատգամավոր ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԸ, ով, ի դեպ, ինչպես պարզվեց` չի մասնակցել նախորդ շաբաթ ՀԷՑ-ի սեփականատեր Եվգենի Բիբին-ՀՀԿ փակ հանդիպմանը, մեզ հետ զրույցում իր արտահայտած կարծիքով լրիվ տարբերվեց շատ պատգամավորներից:
–Պրն Նուշիկյան, ՀԾԿՀ-ի հրապարակած տեղեկատվության համաձայն` հոսանքի սակագինը պետք է բարձրանա 6.93 դրամով: Ըստ Ձեզ` այդ թանկացման շնորհիվ ամբողջությամբ կփակվի՞ ՀԷՑ-ի 250 մլն դոլար պարտքը, որպեսզի հաջորդ տարի եւս էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդիր չառաջանա:
– Թանկացումը պայմանավորված չէ 250 մլն դոլար պարտքի փակմամբ: Թանկացումը հիմնականում հիմնավոր է համարվում այն մասով, որ նախորդ 2-3 տարիների ընթացքում ՀԷՑ-ի մեղքով տեղի չի ունեցել վնասներ: Դրանցից են` ատոմակայանի 88 օրվանից ավելի կանգնած լինելը, սակավաջրությունը եւ երրորդը` դրամ-դոլար հարաբերակցությունը: Նախորդ անգամ ՀԾԿՀ-ն իր նախաձեռնությամբ հանդես եկավ թանկացմամբ, նախատեսված էր մեկ դոլարը 411 դրամին համարժեք թանկացում: Իսկ հիմա մեկ դոլարը մոտ 480 դրամ է: Ռոբերտ Նազարյանի ասելով` այս թանկացումը կրում է ժամանակավոր բնույթ:
– Այսինքն` հավատում եք, որ հոսանքի սակագինը պետք է էժանանա՞:
– Ակնկալում եմ, որ կիջնի հոսանքի գինը, եթե դոլար-դրամ հարաբերակցությունը մնա այս մակարդակի վրա:
– Փաստորեն, Նազարյանի բոլոր փաստարկներն անվերապահորեն ընդունում եք:
– Բայց դա փաստ է, չէ՞:
– Իսկ ՀԷՑ-ի սեփականատեր Եվգենի Բիբինի մեղավորությունը հոսանքի թանկացման հարցում չկա՞.վատ մենեջմենթ, թանկարժեք «Լեքսուս»:
– Գիտեք, ես չեմ կարող ասել: Երեւի թե, ինչ-որ բացասական երեւույթներ տեղի են ունեցել, որ պարտքը գոյացել է: Ինչ վերաբերում է «Լեքսուսին» ու մնացած բաներին, ըստ Նազարյանի, դա սակագնի մեջ երբեւէ ներառված չի եղել: Ուղղակի, Բիբինը` որպես ձեռնարկության տնօրեն, շահագրգռված է` ինչքան ավելի թանկ վաճառի իր արտադրանքը, այնքան ավելի շուտ եւ հեշտ կլուծի թե՛ վարկային պրոբլեմները, թե՛ պարտքի խնդիրը:
– ՀԷՑ-ի խնդիրը տանում հասցնում են Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջան` ասելով, որ պետք է այն ժամանակվա իշխանությունը իմանար` ում է վաճառում էլցանցերը:
– Իսկ որ հասցնենք, դա մեզ ի՞նչ է տալիս:
– Խնդիրը ճիշտ պատկերացնելու համար:
– Դե, չէ, չեմ ընդունում, անկեղծ ասած, քանի որ չէին կարող պատկերացնել, որ տարիներ անց նման պատկեր կլինի:
– ՀՀԿ-Բիբին փակ քննարկմանը ներկա եղե՞լ եք:
– Ցավոք սրտի, ոչ: Տնտեսական հանձնաժողովում բյուջեի կատարողականի քննարկմանն էի:
– Բայց հոսանքի թանկացման հարցն ավելի կարեւոր չէ՞ր:
– Կարեւորի հարցը չէ, ուղղակի գիտեմ` բոլորն էլ սուր հարցերով հանդես են եկել: Հիմա մի հոգի պակաս, ավել, հարց չի լուծում:
– Որպես ՀՀ քաղաքացի` Բիբինից ինչ եք պահանջում կամ նրան ուղղված ի՞նչ մեղադրանք ունեք:
– Ցանկալի չէ, որ ամեն տարի լինում են որոշակի թանկացումներ` հատկապես մեր երկրի տնտեսական ծանր իրավիճակից, արտագաղթից, սոցիալական պայմաններից ելնելով: Դե, ի՞նչ պահանջ ունենամ Բիբինից...
– Կարծես թե, հոսանքի թանկացումը Ձեզ վրա չի ազդելու, որ այսքան հանգիստ եք խոսում:
– Չեք գտնի մի քաղաքացի կամ տնտեսվարող, որի վրա չի անդրադառնա հոսանքի թանկացումը…
– Դե Դուք կհաղթահարեք այդ թանկացման դժվարությունները` ի տարբերություն մնացածների:
– Ես կհաղթահարեմ, դրա մասին չի խոսքը, բայց ես էլ ունեմ բարեկամություն, որոնց համար դժվար է լինելու: Բայց կարծում եմ` շան գլուխը թաղված չէ այդ 6-7 դրամով թանկացման մեջ, այլ ավելի առաջ է: Դրամ-դոլար հարաբերակցությունն արդարացնում է հոսանքի թանկացումը:
– Շան գլուխը գտնելու համար ինչու էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը գլխավոր դատախազություն հաղորդում չի ներկայացնում:
– Չգիտեմ` ինչ հաղորդում ներկայացնի, փաստեր չունի:
– ԱԺ-ում հնչեցրած իր այն հայտարարության վերաբերյալ, թե չի բացառում` ՀԷՑ-ը վատ մենեջմենթի ու կոռուպցիոն ռիսկերի տակ է:
– Չգիտեմ: Լսումներ են նախատեսված: Պետք է որոշ ժամանակ հետո հանձնաժողով ձեւավորվի` գազի հանձնաժողովի նման` հասկանալու խնդիրը: Կարծում եմ` դրա անհրաժեշտությունը կա:
– Եթե հոսանքի թանկացումը դրամ-դոլար հարաբերակցությամբ պայմանավորեցիք, Բիբինից պահանջ չունե՞ք, նրան չե՞ք քննադատում:
– Ես չեմ արդարացնում թանկացումը` դրամ-դոլար հարաբերակցությամբ, այլ ասում եմ` այս 7 դրամի հատվածը կապենք դրամ-դոլար հարաբերակցության հետ, կլինի օբյեկտիվ: Բայց խնդիրը դրանից առաջ է` մենք այս պահին հոսանքի համար ունենք 42 դրամ սակագին: Այ սրա, կորուստների, գազից ստացվող էլեկտաէներգիայի մեջ է:
– Բայց այս դեպքում հոսանքի թանկացման պատասխանատուն սեփականատեր Բիբինն է, որի մասին կարծես խուսափում եք խոսել:
– Բիբինին անձամբ ճանաչում եմ…
– Ընկերական մոտ հարաբերություններ ունե՞ք…
– Չէ, ընկերական չեն: Նորմալ հարաբերություններ են:
– Որտե՞ղ եք ծանոթացել Բիբինի հետ:
– Դեսպանատներում` միջոցառումների ժամանակ:
– Գործնական հարաբերություններ, շահեր չե՞ք ունեցել:
– Չէ, չէ, ի՞նչ շահ:
– Դե, ի տարբերություն Ձեր գործընկեր ՀՀԿ-ականների, որոնք կոշտ էին տրամադրված Բիբինի հանդեպ, Դուք ավելի մեղմ եք:
– Դե, հիմա ես չգիտեմ` ինչից ելնելով են կոշտ տրամադրված:
– Իսկ ինչ կոնկրե՞տ պահանջ ունեք Բիբինից:
– Ի՞նչ պահանջ նկատի ունեք:
– Ձեր գործընկերները սուր հարցադրումներ են հնչեցրել ՀՀԿ-Բիբին քննարկման ժամանակ:
– Դե, սուր հարցադրումներն անում են, ինչի՞ համար:
– Պատասխան են ակնկալել, չէ՞ որ նա է սեփականատերը:
– Դե հիմա ինքն է սեփականատերը, բայց էլեկտրաէներգիան թանկանում է:
– Բայց թանկացման հայտը Բիբինն է ներկայացրել ՀԾԿՀ-ին:
– Նախորդ անգամ ինքը չէր բերել, այլ ՀԾԿՀ-ն էր բերել ու թանկացրեց հոսանքի գինը: Բիբինը հիմա ինչ պետք է ասի, իր պրոբլեմը պետք է լուծի: Մենակ Բիբինով չի, էլի: Մենեջմենթի 99 տոկոսը հայերն են անում: Բիբինը` որպես ղեկավար, կարող էր ավելի խիստ լինել…
– Իսկ ինչպե՞ս է լինում, որ ՀԷՑ-ի սեփականատերը թանկ ավտոմեքենա է վարում, ըստ լուրերի` մոտ 1 մլն դրամանոց սենյակ է վարձակալում...
– Դե, մեկ մլն դրամ բնակարանը Բիբինի ստատուսի համար այդքան էլ մեծ գումար չէ, թանկարժեք մեքենան էլ… Դե լավ, ինչ թանկարժեք մեքենա է, որ: Այդ շրջանառության մեջ դա կոպեկ է:
– Բայց ո՞ւմ հաշվին են այդ մեքենան ու բնակարանը:
– Դա սակագնի մեջ մտած չէ, իրենց հաշվին է: Բայց եթե հիմնարկը վնասով է աշխատում, ոնց է իր հաշվին անում դա:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
