ԼՂՀ-ՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ «20 ՏՈԿՈՍ ԱՃ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ»
Արխիվ 12-16ԼՂՀ-ՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ «20 ՏՈԿՈՍ ԱՃ Է
ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ»
ԼՂՀ-ում այս տարվա հինգ ամիսների ընթացքում արդեն արձանագրվել է զբոսաշրջության շուրջ քսան տոկոս աճ` նախորդ տարվա համեմատ: Այս մասին մեզ հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ-ի տուրիզմի զարգացման ուղղությունների եւ ծրագրերին` ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ ՍԵՐԳԵՅ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ:
- Բարեբախտաբար, մենք այս տարի հաղթահարեցինք տուրիզմի հետ կապված դժվար կացությունը, երբ անցյալ տարի արտասահմանյան զբոսաշրջիկների կտրուկ նվազում ունեցանք: Նախորդ տարվա համեմատ այս տարի արդեն հասցրել ենք գրանցել զբոսաշրջիկների 20 տոկոսի ավելացում, որը շատ հուսադրող թիվ է: Անցած տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր օտարերկրյա զբոսաշրջիկների թվի որոշակի նվազում, ինչը տարբեր հանգամանքներով է պայմանավորված, այդ թվում նաեւª օգոստոսյան պատերազմով:
- Տուրիզմի զարգացման ի՞նչ ծրագրեր ունեք, եւ որոնք են մինչ օրս կյանքի կոչվել:
- Կառավարությունը ամեն տարի հաստատում է զբոսաշրջության զարգացման ծրագրեր, բացի այդ, մենք ունենք նաեւ զբոսաշրջային երթուղիների զարգացման ծրագրեր, որոնցով առաջնորդվում ենք այս տարիների ընթացքում: Ընդհանրապես, զբոսաշրջության զարգացման առումով մենք աշխատում ենք երկու ուղղությամբ: Մեկը` միջազգային զբոսաշրջային շուկաներում ԼՂՀ-ի համար` որպես նպաստավոր երկրի իմիջի ձեւավորումն է, եւ երկրորդը` անել ամեն հնարավորը` զբոսաշրջիկների համար հարմարավետ պայմաներ ստեղծելու համար: Առաջին ուղղությամբ ապահովվում ենք ԼՂՀ-ի մասնակցությունը միջազգային զբոսաշրջային խոշոր ցուցահանդեսներին, որի շնորհիվ կարողանում ենք ներկայացնել մեր պետությունը: Նաեւ այդ առումով իրականացնում ենք բավականին լայնածավալ աշխատանքներ` սոցցանցերի միջոցով, որտեղ բավական մեծ քարոզչություն ենք իրականացնում: Կազմակերպում ենք միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություններ ԼՂՀ, որպեսզի իրենք եւս իրենց հոդվածներում ներկայացնեն Ղարաբաղը` որպես զբոսաշրջության կենտրոն: Ամեն տարի նկարահանում ենք տեսահոլովակներ, ֆիլմեր, որոնք ներկայացնում են Ղարաբաղի զբոսաշրջային ներուժը, որոնք եւս հրապարակվում են ինչպես համացանցի, այնպես էլ ԶԼՄ-ների միջոցով:
- Պարոն Շահվերդյան, Դուք նշեցիք, որ այս տարի` նախորդ տարվա համեմատ, զբոսաշրջիկների աճ եք նկատել, ինչո՞վ եք դա պայմանավորում:
- Տարեցտարի մեր երկրում ավելանում են զբոսաշրջավայրերի քանակը, եղածներն էլ ավելի են բարեկարգվում: Եթե մի քանի տարի առաջ մենք կարողանում էինք խոսել միայն Տիգրանակերտի, Շուշիի, Գանձասարի մասին, ապա այս տարի, որպես զբոսաշրջային գրավչություն ավելացրել ենք Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, ունենք Տաք ջրեր, որտեղ բարեկարգումն ավարտված է եւ արդեն պատրաստ է նվազագույն ծառայություններ մատուցելու այցելուներին: Այս միջոցների շնորհիվ կարողանում ենք զբոսաշրջիկներին ներկայանալ շատ ավելի նոր եւ հետաքրքիր զբոսաշրջավայրերով, քան եղել է նախկինում: Նոր զբոսաշրջավայրերն արդեն իսկ տվել են իրենց դրական արդյունքները, դրանց վառ ապացույցն այն է, որ եթե հինգ տարի առաջ զբոսաշրջիկները առավելագույնը երկու-երկուսուկես գիշեր էին մնում Ղարաբաղում, ապա այսօր միջին գիշերահատվածը հասնում է չորսի, որը շատ դրական միտում է:
ԼՂՀ-Ն ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՄԵԾ ԹԻՎ ՈՒՆԻ ԱՄՆ-ԻՑ,
ԱՍԻԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ
- Որքանո՞վ է մատչելի ԼՂՀ-ում հանգիստ անցկացնելը:
- Դա կարծես ավանդական հարց է դարձել լրագրողների մոտ: Ի՞նչ է նշանակումª որքանով է մատչելի. մեկի համար մատչելի է, մյուսի համար` ոչ: Ամեն դեպքում, այսպես ասեմ` Ղարաբաղի զբոսաշրջության մատչելիությունը չի կարող էականորեն տարբերվել Հայաստանի զբոսաշրջության շուկայից, քանի որ նույն տնտեսական դաշտի մեջ ենք գործում: Եվ մատչելիության մասին կարող ենք խոսել` համեմատելով Հայաստանի հետ: Այլ կերպ ասած` որքանով որ Հայաստանի զբոսաշրջություն է մատչելի զբոսաշրջիկի համար, այնքանով էլ մատչելի է ԼՂՀ-ի զբոսաշրջությունը: Մենք ունենք հնարավորություններ` զբոսաշրջիկներին տրամադրելու թե՛ շատ ցածր գներով հյուրանոցներ, թե՛ բարձրակարգ տեսակի, այնպես որ այդ բնույթի հարցերը եւս վաղուց լուծված են մեզ մոտ:
- Հիմնականում ո՞ր երկրներից են առավել շատ զբոսաշրջիկներ այցելում ԼՂՀ:
- Իհարկե, առաջին երկիրը ՌԴ-ն է, որը կապված է այն հանգամանքի հետ, որ բազմաթիվ ղարաբաղցիներ եւ հայաստանցիներ բնակվում են եւ աշխատում են ՌԴ-ում: Եվ նրանցից յուրաքանչյուրը յուրօրինակ քարոզիչ է: Պետք է նկատի ունենալ նաեւ, որ խորհրդային տարիներին Հայաստանը շատ պահանջված զբոսաշրջանային ուղղություն էր Սովետական Միությունում, եւ այդ հիշողությունը եւս իրենց դերն ունեն ՀՀ եւ ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների համար: Զբոսաշրջիկների մեծ թիվ ունենք նաեւ ԱՄՆ-ից, ասիական երկրներից եւ այլն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
