ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄՈՎ ԱՐԴԵՆ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 7 ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆ
Արխիվ 12-16ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄՈՎ ԱՐԴԵՆ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 7 ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆ
Այսօր «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրը ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ ՍԵՐԳԵՅ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ էր, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանեց մեր ընթերցողների հեռախոսազանգերին ու ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Պարոն Հայրապետյանն անդրադարձավ նաեւ մայիսի 28-ին Էջմիածնի «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունին, որի պատճառով մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբայրը` Արմեն Հակոբյանը. «Փաստ է, որ մեր տեսչության կողմից մայիսի 15-ին որոշում էր կայացվել այդ գազալցակայանին տուգանել մեկ միլիոն դրամի չափով` փորձաքննություն մոտ երկու տարի չանցնելու համար: Եվ տուգանելուց բացի, մենք կարգադրագիր ենք տվել, որով արգելել ենք այդ գազալցակայանի շահագործումը մինչեւ այդ թերությունները չվերացնեն: Սակայն, իրենք շարունակել են շահագործել եւ տրված կարգադրագրից 8 օր հետո այդ դեպքը տեղի է ունեցել: Ինչպես ասում են` շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Ցավոք սրտի, մարդ զոհվեց, երկուսն էլ այրվածքներով հիվանդանոցում են»: Ինչ վերաբերում է այլ գազալցակայաններում իրականացված ստուգումներին, ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետը ընդգծեց. «Նշեմ, որ փորձաքննություն անցնելու վերաբերյալ բազմաթիվ զգուշացումներից հետո, նոր մենք դիմում ենք ռադիկալ մեթոդների, քանի որ հնարավոր է մարդը, պարզապես, մոռացել է այդ մասին: Ասեմ ձեզ, որ այս տարի արդեն 7 գազալցակայանի տուգանել ենք մեկ միլիոն դրամով: Իսկ 8-րդի համար արդեն արձանագրություն կազմել ենք, քանի որ միանգամից չենք տուգանում` նախ արձանագրություն է կազմվում, իրենց հրավիրում ենք քննարկման, քննարկման արդյունքում նոր որոշվում է տուգանել, թե` ոչ եւ ինչքան տուգանել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի հունիսի 17-ի համարում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
