«ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՈՐՈՇ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԱԼ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ»
Արխիվ 12-16«ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է
ՈՐՈՇ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԱԼ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ»
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը հունիսի 10-ին ժամանել են Հայաստան եւ հանդիպել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ: Հանդիպման ժամանակ բավական թեժ քննարկում է եղել, որի մանրամասների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ:
«ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ
ԲԱՌԱՊԱՇԱՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ Է»
–Տիկին Նաղդալյան, գաղտնիք չէ, որ ԵԽԽՎ-ում քննարկվող Հայաստանի համար խնդրահարույց թեմաները շարունակում են մնալ Սարսանգի ջրամբարի եւ ԼՂ զեկույցի հիմնահարցերը: Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների հետ ի՞նչ քննարկում ծավալվեց այս հարցերի շուրջ:
– Բազմաթիվ անգամ բարձրաձայնվել է, որ սրանք այն խնդիրներն են, որոնցում պահանջվում է ծայրահեղ զգուշավորություն: Եվ համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ հույս հայտնեցինք, որ այս զգայուն հարցերի վերաբերյալ Վեհաժողովը կպահպանի իր սկզբունքայնությունը: Այս դաշտում ամենամեծ նվաճումը այս տարիների ընթացքում այն խաղաղ բանակցություններն են, որոնք ընթանում են այսօր երկու երկրների ղեկավարների միջեւ, եւ կարեւոր է, որպեսզի ընդունվող բանաձեւերը համահունչ լինեն ընթացող բանակցությունների ոգուն: Միեւնույն ժամանակ, մեր եվրոպացի գործընկերների ուշադրությունը հրավիրեցինք հատկապես Եվրոպայի խորհրդի կողմից կիրառվող այն բառապաշարի վրա, որն անհանգստացնող է, քանզի նման բառապաշար երբեւիցե չի եղել Եվրոպայի խորհրդի փաստաթղթերում: Ի վերջո, որեւէ միջազգային փաստաթղթում առ այսօր չեք հանդիպի «Լեռնային Ղարաբաղ եւ յոթ գրավյալ տարածքներ» ձեւակերպմանը:
– Ըստ Ձեզ, արդյո՞ք եվրոպացի պարոնայք ընկալեցին հարցի նրբությունը, երբ այս մասին բազմիցս է բարձրաձայնվել, սակայն ԼՂ հարցում ԵԽԽՎ-յան զեկույցը մնացել է նույն խայտառակ բովանդակությամբ:
– Դրա համար էլ պատմական ակնարկ կատարեցինք` համազեկուցողներին հիշեցնելով, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցել է 2001 թվականին, այսինքն` այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ կապված բոլոր խնդիրների ակտիվ ֆազան արդեն ավարտված էր: Զինադադարը կնքվել է 1994 թվականին, իսկ 2001 թվականին Հայաստանին եւ Ադրբեջանին Եվրոպայի խորհուրդ ընդունելիս` ԵԽ-ն չի օգտագործել «Լեռնային Ղարաբաղ եւ 7 գրավյալ տարածքներ» բառակապակցությունը: «Օկուպացված տարածքներ» բառակապակցությունը երբեւիցե չի եղել այս տարիների ընթացքում եւ որեւէ բացատրություն չկա, թե ինչու այսօր հանկարծ այդ բառակապակցությունները հայտնվում են ԵԽ բառապաշարի մեջ: Լեռնային Ղարաբաղի գործընթացներում որեւէ նոր բան չի կատարվել, ուստի` տարակուսելի է, թե ինչու շուրջ 10 տարի այս մասին լռեցին ու հանկարծ հիմա խոսում են:
«ԵՎՍ ՄԵԿ ՆՄԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԼԻՆԵԼՈՒ Է
ՓԱՍՏԱՐԿ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՁԵՌՔԻՆ»
–Այնուամենայնիվ, եթե նման զեկույցը շարունակի մնալ ԵԽԽՎ օրակարգում, ապա այն ինչպիսի՞ վտանգներով է հղի:
– Նման անսկզբունքային վերաբերմունքը կամ թելադրանքը` որեւէ մեկի առանձին վերցրած շահերով, շատ վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Տարիներ շարունակ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը իր ուշադրության կենտրոնում է պահել հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների փոխհարաբերությունների խնդիրը, երկու պատվիրակությունների եւ հասարակությունների միջեւ փոխվստահության ամրապնդումը եւ ոչ թե` միջամտելը կոնֆլիկտի կարգավորմանը: Ի դեպ, համազեկուցողներին հիշեցրինք, որ 2005-ին, երբ ԵԽԽՎ-ում ԼՂ հարցի վերաբերյալ ընդունվեց հայտնի բանաձեւը, այն ոչինչ չավելացրեց խաղաղ կարգավորման, լարվածության թուլացման, կամ փոխվստահության կառուցման եւ ամրապնդման գործում, ինչը որ հայատարարվել էր ԵԽԽՎ-ի կողմից որպես նպատակ: Մինչդեռ տեղի ունեցավ հակառակը, եւ սա խոսում է այն մասին, որ եւս մեկ նման զեկույցի ընդունումը ընդամենը լինելու է մեկ լրացուցիչ գործոն, փաստարկ Ադրբեջանի ձեռքին` կոշտացնելու իր դիրքորոշումները եւ խաթարելու խաղաղ բանակցությունների ընթացքը, խուսափելու կոմպրոմիսներից:
– Որքանո՞վ կարող են ազդել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները հերթական խայտառակ զեկույցի ընդունման վրա:
– Ամեն դեպքում, մեր եվրոպացի գործընկերներին հորդորեցինք օգտագործել իրենց հեղինակությունը եւ իրենց պատվիրակություններում, Եվրոպայի խորհրդի քաղաքական խմբերում ու հանձնաժողովներում խոսել եւ ներկայացնել բարձրացված մտահոգությունները: Բացի դա, եւս մեկ մտահոգություն հայտնեցինք մեր գործընկերներին` Սառեցված հակամարտությունների հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, որտեղ կան սկզբունքային խնդիրներ` նախ Եվրոպայի խորհուրդը լիազորված չէ հակամարտություններով կամ դրանց կարգավորման հարցերով զբաղվելու մանդատով: Եվ ստեղծված հանձնաժողովը սահմանված չէ նաեւ Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի հանձնաժողովի կանոնակարգերով, ունի նաեւ բովանդակային թույլ եւ պրոբլեմատիկ կողմ: Այն է` տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր կոնֆլիկտները, որոնք տարբեր ծագում, ընթացք եւ բնույթ ունեն, լցված են «մեկ արկղի» մեջ: Ու հատուկ ընդգծեցինք, որ նույն ձեւակերպումն է ընկած նաեւ այս դեպքում, ինչը վտանգում է տարածաշրջանի խաղաղությունը եւ չի համապատասխանում Մինսկի խմբի բառապաշարին: Արդյունքում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը հայտնվել է որոշ անդամների կողմնակալ մոտեցումների ազդեցության տակ: Նման քայլերը խորացնելու են անդունդը: Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարի հարցին, հորդորեցինք մեր գործընկերներին` նախ ծանոթանալ այն նախագծին, որն այս պահին գոյություն ունի, որովհետեւ ընդամենը մեկ հայացքն էլ բավական է, որպեսզի պարզ լինի, որ հումանիտար և տենիկական խնդիրները փոխարինվել են քաղաքական բառապաշարով եւ քաղաքական եզրակացություններով:
«ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՆԱՐԴԱՐԱՑԻ
ԵՎ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԴԱՇՏ»
–Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ արձագանք եղավ եվրոպացի համազեկուցողների` Աքսել Ֆիշերի ու Ալան Միլի կողմից:
– Աքսել Ֆիշերը տեղեկացրեց, որ իրենց մոնիտորինգային զեկույցի մաս չի կազմում Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Սակայն, ի պատասխան դրան, մենք` ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներս` Արմեն Ռուստամյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ ես տարակուսանք հայտնեցինք Ադրբեջանի մոնիտորինգի մաս կազմելու առնչությամբ: Աքսել Ֆիշերը դա իսկապես խնդրահարույց համարեց եւ նշեց, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի մոնիտորինգի մաս չպետք է լիներ: Եվ եթե դա այդպես է եւ համազեկուցողները համարում են, որ Ղարաբաղի խնդիրը չպետք է արծարծվի մոնիտորինգային փաստաթղթերի մեջ, ապա նրանք եւս պետք է ձայն բարձրացնեն դրա դեմ նույն Մոնիտորինգի հանձնաժողովում:
– Արդյունքում հաջողվե՞ց նրանց կողմից որեւէ հավաստիացումներ ստանալ:
– Եվրոպացի համազեկուցողները հավաստիացրին, որ իրենց նպատակը ավելի լավ, որակյալ զեկույց պատրաստելն է, որն ավելի հավասարակշռված կլինի եւ ըստ էության: Թեեւ, այստեղ խոսքը գնում է ոչ միայն զեկույցի, այլ նաեւ այն մասին, որ երկու համազեկուցող Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ են, հեղինակավոր պատգամավորներ Եվրոպայի խորհրդում եւ պարտավոր են ձայն բարձրացնել եւ խոսել այն մասին, թե ինչու է Մոնիտորինգի հանձնաժողովը դարձել անարդարացի եւ անհավասար վերաբերմունքի դաշտ: Ինչո՞ւ է այսօր գործում որոշ ուժերի ճնշման տակ եւ բացարձակ միակողմանի դիրքորոշում ներկայացնում:
«ԴԱ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ԵՎ
ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»
–Որքանով տեղյակ եմ, Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Եվրասիական միության եւ Եվրոպայի միության հետ հարաբերությունների մասին...
– Եւս մեկ անգամ մեր եվրոպացի գործընկերներին ասացինք, որ Հայաստանի ընտրությունը դեպի Եվրասիական միություն պայմանավորված է բացառապես աշխարհաքաղաքական իրողություններով եւ անվտանգության գործոնով: Միաժամանակ համազեկուցողների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Եվրասիական միությանը անդամակցության առաջին իսկ օրվանից ՀՀ իշխանությունների գիտակցված դիրքորոշումը եղել է այն, որ դա բոլորովին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում կամ թուլացում: ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Եվրամիությունը եղել եւ շարունակում է մնալ կարեւորագույն գործընկեր ՀՀ-ի համար, եւ գործնական քայլեր են արվել` այդ հայտարարությունը տեսանելի դարձնելու բոլորի համար: Այնպես որ, Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին եւ սկզբունքներին, ստանձնած պարտավորություններին` ընդլայնելով եւ խորացնելով բարեփոխումների գործընթացը, որն ուղղված է ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքների գերակայությանը` ոչ այն պատճառով, որ այդպես պահանջվում է Եվրոպայի միության կողմից, այլ այն պատճառով, որ մենք քաջ գիտակցում ենք, որ դա առաջին հերթին պետք է մեր երկրին եւ մեր հասարակությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
