ՀԷՑ-Ի «ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ» ՀԵՌԱԽՈՍՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՃԻՇՏ ՀԷՑ-Ի ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՍԱԿԱԳՆԻ ՆՄԱՆ
Արխիվ 12-16ՀԷՑ-Ի «ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ» ՀԵՌԱԽՈՍՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՃԻՇՏ
ՀԷՑ-Ի ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՍԱԿԱԳՆԻ ՆՄԱՆ

ՀԷՑ-ի կայքի ուսումնասիրության արդյունքում բազմաթիվ ինչուներ են առաջանում: Դրանք պարզաբանելու նպատակով «Իրավունք»-ը հունիսի 3-ին դիմեց ՀԷՑ-ի լրատվական ծառայությանը, սակայն մեր պատասխանը ստացանք հունիսի 12-ին, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից բավականին ուշ: Ինչևէ, նշենք, որ հունիսի 3-ին մեր կողմից ՀԷՑ-ի «Վստահության»հեռախոսահամարին կատարած զանգով պարզել էինք, որ նույն օրը՝ ժամը 10.00-ից մինչև 12.00-ն ընկած ժամանակահատվածում ՀԷՑ-ի «Վստահության» հեռախոսը չի պատասխանում:
«Իրավունք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀԷՑ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության ծառայությունից գրավոր պատախանեցին, որ՝ «ՀԷՑ» ՓԲԸ կողմից վերծանվել են ժամը 10.00-ից մինչև 12.00 ընկած ժամանակահատվածում “Վստահության” հեռախոսահամարին ուղղված հեռախոսազանգերը: Պարզվել է, որ նշված ժամանակահատվածում ստացվել է մեկ հեռախոսազանգ` ժամը 11.30-ին: Նշված ժամին համապատասխան աշխատակիցը զանգին չի պատասխանել խորհրդակցության լինելու պատճառով:
«Իրավունք»-ի այն հարցին, թե ընդհանրապես ազգաբնակչությունը հաճա՞խ է դիմում «Վստահության հեռախոսահամար» ծառայությանը և ի՞նչ խնդիրներով, ՀԷՑ-ից պատասխանեցին, որ. «Վստահության» հեռախոսահամարին զանգահարում են ամենատարբեր հարցերով: Լինում են օրեր, երբ զանգեր փաստացի չեն գրանցվում, քիչ չեն նաև օրերը, երբ մեկ օրվա մեջ երկու կամ ավելի զանգ ենք ստանում: Մեր քաղաքացիներից շատերին թվում է, որ «վստահության հեռախոսահամարը» տեղեկատվական ծառայություն է ապահովում. երբեմն բաժանորդները խնդրում են տեղեկատվության տրամադրել ամենատարբեր հարցերի շուրջ (hաղորդել այս կամ այն մասնաճյուղի, ցանցի, տեղամասի հեռախոսահամարը, թե ինչպես դառնալ բաժանորդ, որքան է հարկավոր վճարել նոր հաշվիչի համար և այլն), այդ իսկ պատճառով նման զանգերի հաշվառում չի կատարվում»: Պատասխանում ասվում էր նաև, որ. «ՀԷՑ-ի «վստահության հեռախոսահամարն» իրականում կոռուպցիայի և ընկերության անմաքրաբարո աշխատակիցների հակաիրավական գործողությունների դեմ պայքարի արդյունավետ գործիք է, իսկ բողոքները տարբեր են, սկսած տեսուչների կողմից կատարված հավելագրումների մասին բողոքներից, նյարդային աշխատանքի կամ հաշվիչների խափանման, հնացած էլեկտրական լարերի հենարանների հետ կապված բողոքներից մինչև էլեկտրասարքավորումների խափանմանը հանգեցնող բողոքները»:
Իսկ 2014 թ.-ին քանի՞ զանգ է գրանցվել նշված ծառայության հեռախոսահամարին, և քանի զանգ2015 թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում հացին ի պատասխան ՀԷՑ-ը տրամադրել է հետևյալ տվյալները՝ 2014թ. սեպտեմբեր- դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում ստացվել է37 զանգ-բողոք, իսկ 2015թ.-ի ընթացքում 38 զանգ-բողոք:
Հ.Գ. Ստացվում է, որ ՀԷՑ-ում ամբողջական տվյալներ չկան 2014 թվականի ընթացքում իրենց վստահած զանգահարողների թվի մասին: Փաստորեն կարելի է ենթադրել, որ հենց այստեղից որտեղից պետք է, որ սկսվեր կոռուպցիայի և ընկերության անմաքրաբարո աշխատակիցներըի հակաիրավական գործողությունների դեմ պայքարը, նույն վայրում էլ տեղի է ունենում ստացված տվյալների «ջրումը», քանի որ տվյալներ չկան ոչ միայն զանգերի տարեկան քանակի մասին, այլև՝ ամենայն հավանականության՝ բովանդակության: Նման դեպքում հետաքրիր է թե ՀԷՑ-ում հակաիրավական գործողությունների դեմ պայքարի ի՞նչ «արդյունավետ գործիքակազմ» է կիրառվում, կամ ընդհանրապես կիրառվո՞ւմ է արդյոք:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk