ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԻՆ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԻՆ ՎԵՐՋ ՉԿԱ
Արխիվ 12-16ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԻՆ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԻՆ ՎԵՐՋ
ՉԿԱ
Այս օրերին բավականին մեծ աղմուկի տեղիք է տվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի ընտրությունները: Թեկնածուները երկուսն են` ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր (2003-2007թթ.), Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր (2006-2011թթ.) Ոստանիկ Մարուխյանը եւ ներկայիս ռեկտորի պաշտոնակատարը` Հովհաննես Թոքմաջյանը: Ընդ որում, նկատելի է, որ նախկին ռեկտորը` Ո. Մարուխյանը, պարբերաբար բավականին ծանր մեղադրական հարվածների է դիմում իր մրցակցի հանդեպ: Մինչդեռ ասել, թե նրա ղեկավարության օրոք Պոլիտեխնիկում ամեն ինչ նորմալ էր...
ՏԱՐԵԿԱՆ 60 ՄԻԼԻՈՆ` ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ
Թեեւ Պարոն Մարուխյանը միանգամայն այլ կարծիքի է, թե իր ղեկավարած տարիներին ամեն ինչ նորմալ էր: Նույնիսկ, Վերահսկիչ պալատն (ՎՊ) է ուսումնասիրություններ արել ու որեւէ բան համենայնդեպս չի հայտնաբերել: Բայց ահա` ՎՊ-ի փաստաթղթերը միանգամայն այլ բան են հուշում: 2010թ.-ին Պոլիտեխնիկում ՎՊ-ն ուսումնասիրություններ անցկացրել է, եւ խախտումներ, այնուամենայնիվ, եղել են: Ավելին` ՎՊ-ն իր համապատասխան որոշմամբ` հանձնարարել է մեկամսյա ժամկետում «գրավոր տեղեկատվություն տրամադրել ընթացիկ հաշվետվությունում ամրագրված խախտումները վերացնելու վերաբերյալ»: Նման տեղեկատվություն ՎՊ-ին տրամադրվել է, թե` ոչ, դժվարանում ենք ասել: Բայց այն, որ խախտումները, համենայնդեպս` հիմնականներից մեկը չի վերացվել, կարծես թե փաստ է: Ու այնպիսի խախտում, որի շուրջ այսօր էլ մեծ աղմուկ կա: Խոսքը բուհի մարզադահլիճը եւ լողավազանը «Պոլիտեխնիկ» անվամբ ՀԿ-ին վարձակալությամբ տալու մասին է, այն էլ, ինչպես մեզ հետ զրույցում ասաց ՀՊՃՀ պրոռեկտոր ՍՈՒՐԵՆ ԱՂԲԱԼՅԱՆԸ, նման «պայմանով».
- Ոչ մի գումար չի պահանջել վարձակալողներից` պատճառաբանելով, որ մարզադահլիճից օգտվում են նաեւ ինստիտուտի ուսանողներ: Այսինքն` 3000 քմ-ից ավելի տարածք ունեցող մարզադահլիճը, որից պետք է Պոլիտեխնիկը շահույթ ստանար եւ օգտագործեր իր ուսանողների համար, ըստ էության` տրվել է մեկ այլ`«Պոլիտեխնիկ» անունով կազմակերպության: Պարոն Մարուխյանը վարձակալների հետ պայմանավորվել է հետեւյալ կերպ: Տարեկան մարզադահլիճի շահագործման ծախսը այն ժամանակ կազմել է մոտ երեսուն միլիոն դրամ: Մինչդեռ` Պոլիտեխնիկը, ռեկտոր Մարուխյանի գլխավորությամբ, ՀԿ-ին մեկ այլ լավություն է արել, ասել է` գիտես ինչ, քանի որ դահլիճում նաեւ մեր ուսանողներն են պարապում, ես ձեզանից ծախսի փոխհատուցում չեմ ուզում: Այլ կերպ ասած` ամեն ծախս ՀԿ-ի փոխարեն վճարվել է Պոլիտեխնիկի կողմից, որոշումն էլ կա, որ փոխհատուցում չի ուզում: Ավելին, ասել է` ինչ օգուտ, որ ստանում եք, թող Ձեզ մնա: Մինչդեռ մեր հաշվարկներով` այդ օգուտը տարեկան կազմել է 60 միլիոն, եւ շուրջ տասը տարի «Պոլիտեխնիկ» հասարակական կազմակերպությունն այդ գումարները տնօրինել է ինքնուրույն:
- Եկեք ճշտենք. այդ օգուտից որեւիցե գումար, եթե ոչ Պոլիտեխնիկին, ապա գոնե պետբյուջե չի՞ գնացել:
- Սկզբում տարեկան 360 հազար սիմվոլիկ գումար են տվել, իսկ 2010 թվականից հետո այն դարձել է զրո: Պատճառաբանությամբ, որ ուսանողները եւս օգտվում են մարզադահլիճի ծառայություններից: Այսինքն` վերը նշված ՀԿ-ն տարեկան 60 միլիոն շահույթ է ստացել, իսկ կոմունալ եւ այլ ծախսերի գումարը` տարեկան 27 միլիոն, վճարել է Պոլիտեխնիկը: Այդպես էլ կշարունակվեր, եթե Մարուխյանից հետո չգար Արա Ավետիսյանը եւ փոփոխություններ չաներ: Իսկ պարոն Թոքմաջյանի նշանակումից հետո պատկերն արդեն ամբողջությամբ փոխվեց:
- Ի՞նչ փոփոխություններ են արվել, եւ ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր:
- Մարուխյանի դուրս գալուց հետո մարզադահլիճից Պոլիտեխնիկին տրվող զրո տոկոս եկամուտը Արա Ավետիսյանը դարձրեց տարեկան հինգ միլիոն դրամ: Իսկ ներկայիս ռեկտոր պարոն Թոքմաջյանն ամբողջությամբ խզեց պայմանագիրը հիշատակված ՀԿ-ի հետ: Այսօր մեր ուսանողներն անվճար պարապում են, իսկ երբ ազատ ժամ է լինում, մենք ոչ թե վարձակալությամբ ենք տալիս, այլ ծառայություն ենք մատուցում: Այսինքն` գումարը վճարում են եւ օգտվում մարզադահլիճի ծառայություններից: Իմ ունեցած ստույգ տեղեկություններով` այս ութ ամիսների ընթացքում շուրջ 18 միլիոն դրամի եկամուտ ենք ստացել, եւ դա այն դեպքում, երբ լողավազանը չի շահագործվում: Եթե լողավազանն էլ լիներ, մոտավորապես երեսուն-երեսունհինգ միլիոն փող եկած կլիներ, իսկ մեկ տարում դա կկազմեր մոտ 50-60 միլիոն:
- Ասացիք` լողավազանը չի շահագործվում, ինչո՞ւ:
- Լողավազանը չի շահագործվում, քանի որ պարոն Մարուխյանի օրոք, երբ մարզադահլիճը վարձակալությամբ էր տրված, չեն պահպանվել էլեմենտար նորմերը: Արդյունքում` քլորով հագեցած գոլորշիները ներթափանցել են տանիքի մեջ եւ քայքայել մետաղական կոնստրուկցիաները: Երբ մենք կոսմետիկ վերանորոգման համար մասնագետներ հրավիրեցինք, նրանք ուսումնասիրությունից հետո մեզ զգուշացրին, որ տանիքն ամեն վայրկյան կարող է փլուզվել: Այսինքն` ոչ թե կոսմետիկ վերանորոգման կարիք կա, այլ շտապ պետք է նորը կառուցել: Ներկայումս ամբողջությամբ փոխում ենք լողավազանի տանիքը:
ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐՆ ԷԼ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ
Խնդրի հետ կապված մենք զրուցեցինք նաեւ Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր ԱՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ, ով եւս հաստատեց, որ մինչ իր պաշտոնավարումը բուհի մարզադահլիճից զրո տոկոս եկամուտ էր ստանում, եւ միայն իր օրոք` պայմանագիրը վերանայելուց հետո.
- 363 հազար վճարվում էր պետբյուջե, 120 հազար` քլորացման աշխատանքների համար, 36 հազար` սանէպիդ-լաբորատոր ստուգումների համար եւ 180 հազար դրամ հատկացվում էր մեկ բժշկի եւ երկու մարզիչների: Իմ օրոք այդքան ծախս դրվեց «Պոլիտեխնիկ» ՀԿ-ի վրա:
Ստացվում է, որ պարոն Մարուխյանի օրոք Պոլիտեխնիկի շենք-շինությունը օգտագործվում էր հօգուտ ինչ-որ ՀԿ-ի՞: Նման բաներ, նկատենք, որ սովորաբար «սիրուն աչքերի» համար չէ, որ արվում են: Բայց իհարկե, այս պատմության մեջ առանցքային է դառնում նաեւ Ոստանիկ Մարուխյանի տեսակետը: Բայց նրա հետ, չնայած մեր համառ փորձերին, այդպես էլ չհաջողվեց կապվել: Զանգահարեցինք մինչեւ իսկ նրա բնակարանի հեռախոսահամարով, սակայն, մեզ փոխանցեցին, որ նա տանը չի: Ամեն դեպքում` դեռ կփորձենք պարոն Մարուխյանի պարզաբանումներն էլ ստանալ, հաշվի առնելով, որ եթե օրենքին համահունչ բացատրություններ չլինեն, ապա այս պատմությունից կսկսի միանգամից բավականին «ծանր» կոռուպցիոն ռիսկերի հոտեր փչել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
