ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ, ՈՐ ԱՍՈՒՄ ԵՆ` ԲԻԲԻՆԻՑ ՊԱՀԱՆՋ ՉՈՒՆԵՆՔ»
Արխիվ 12-16ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ, ՈՐ ԱՍՈՒՄ ԵՆ` ԲԻԲԻՆԻՑ ՊԱՀԱՆՋ ՉՈՒՆԵՆՔ»
«Իրավունքը» ներկայացրել էր ԱԺ ընդդիմադիր-գործարար պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի` որպես ՀԷԿ-ունեցողի կարծիքը հոսանքի թանկացման մասին, մասնավորապես, թե ինչ անդրադարձ կունենա հոսանքի թանկացումը ՀԷԿ-երի վրա:
- Պրն Քոքոբելյան, ՀԾԿՀ-ի հրապարակած տեղեկատվության համաձայն` հոսանքի սակագինը պետք է բարձրանա 6.93 դրամով: Ըստ Ձեզ` այդ թանկացման շնորհիվ ամբողջությամբ կփակվի՞ ՀԷՑ-ի 250 մլն դոլար պարտքը, որպեսզի հաջորդ տարի եւս էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդիր չառաջանա:
- Դրամի արժեզրկման ժամանակ վնասներ կրել են նաեւ բաշխիչ ցանցերը: Բայց անզեն աչքով տեսանելի է, որ ՀԷՑ-ի կողմից ներկայացված պահանջն անհամատեղելի է այն տոկոսադրույքի հետ, որը կորցրել է բաշխիչ ցանցը դրամի արժեզրկման պատճառով: Դա ոչ ռեալ ու ոչ փաստարկված պահանջ է: Իմ խորին համոզմամբ ոչ գրագետ մենեջմենթը, թալանը ( քանի որ խոսքն այդքան մեծ գումարի ու չաաշահումների մասին է), այս ամենը չի կարելի թույլ տալ: Պարտքի գոյացման պատճառներն առանց վերացնելու, առանց վերահսկելու, իրավական համակարգն ու կառավարությունը ուղղակիորեն այդ պարտքը չպետք է դնեն հանրության վզին: Ինձ համար տեսանելի էր, որ փոքր թանկացում լինելու է: Բայց հոսանքի այսօրվա գնային քաղաքականության մեջ կան ոչ օբյեկտիվ պատճառներ: Դրանք վերացնելու դեպքում հնարավոր էր հոսանքի գինն իջեցնել:
Հրազդանի ՋԷԿ-ի մասին չեմ կարող չխոսել, քանի որ այն ոչ արդյունավետ էլեկտականություն արտադրող կազմակեպությունն է: Աշխատում է հին տեխնոլոգիաներով, թանկ գազից ստանում թանկ հոսանք: Մեր պատկան մարմինները, որոնք թերի են կատարել իրենց պարտականությունները, կարող էին նոր տեխնոլոգիաներ ներդնել` եվրոպական գազատուրբիններ, եւ հոսանքի ինքնարժեքն անհամեմատ էժան կլիներ: Խոսքը վերաբերում է երեք անգամ էժան հոսանքին: Ինձ համար անհասկանալի է, որ ինչպիսի թողտվութուն է եղել, որ մենաշնորհ ունեցող հիմնարկը հայտնվել է ծանր վիճակում: Ինձ զարմացնում է նաեւ այն, որ որոշ մարդիկ ասում են`մենք Բիբինից պահանջ չունենք եւ առաջին հերթին պետք է պահանջենք ՀՀ պատկան մարմիններից: Այո, պետք է է պահանջենք ՀՀ պատկան մարմիններից` տվյալ դեպքում կառավարությունից: Բայց ես`որպես ՀՀ քաղաքացի, ո՞նց կարող եմ պահանջ չունենալ Բիբինից, որի վարած տնտեսական քաղաքականության պատճառով Հայաստանի էներգետիկ համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում: Ես միշտ հայտարարել եմ, որ չի կարելի վաճառել այդքան կարեւոր էներգետիկ համակարգը մի կազմակերպությանը, որտեղ դու կորցնում ես քո վերահսկողությունը:
- Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի այն հայտարարությունը, թե ՀԷՑ-ը գտնվել է վատ մենեջմենթի ու կոռուպցիոն ռիսկերի տակ, բայց նախարարությունը լծակներ չուներ դա վերահսկելու, հիմնավորվա՞ծ եք համարում:
- Իհարկե, ոչ: Նա, որպես կառավարության ներկայացուցիչ, խոստովանում է` բավարար չէին այդ լծակները: Բայց էներգետիկայի նախարարը, կառավարությունը, իրավապահները պետք է իրացրած լինեին այդ վերահսկողությունը: Իրավապահները, իհարկե, չունեն իրավասություն միջամտել տնտեսվարողի գործունեությանը, եթե դա շահույթին է վերաբերում, բայց սակագնին առնչվող բաղադրիչի վերահսկողության համար պարտականություն ունեն թե՛ էներգետիկայի նախարարությունը, թե՛ մյուս պատկան մարմինները: Էներգետիկայի նախարարությունը բավարար լծակներ ունենալու համար պետք է նախաձեռնությամբ հանդես գար կամ դա աներ օրենսդիրների միջոցով: Քանի որ ՀԾԿՀ-ի մասին շատ է խոսվում, ասեմ նաեւ, որ չեմ պաշտպանում այդ կառույցին, բայց տպավորությունն այնպիսին է, որ պրոբլեմները փորձում են ջարդել այդ կառույցի գլխին: Ուզում եմ խոսել ՀԷՑ-ի սեփականատիրոջ «Լեքսուս» ֆիրմայի մեքենայի մասին նաեւ: Դա, իհարկե, չարաշահում է, բայց 250 մլն դոլար պարտքի մեջ դա փոքր թիվ է: Տպավորությունն այնպիսին է, որ դիտավորյալ խոսվում է դրա մասին` մեծ չարաշահումները շրջանցելու համար:
- Անցած տարի ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարում էր, որ այս տարի հոսանքի սակագնի բարձրացում չի լինի, բայց եղավ հակառակը:
- Դա մեր երկրի ընդհանուր համակարգի ոչ կատարյալ վիճակի արդյունքում է: Ցավոք սրտի, մենք ի զորու չենք դիմանալ մի մասնավոր կազմակերպության կամայականություններին: ՀՀ կառավարությունը, օրենսդրական դաշտ ապահովել, որն ուղղակիորեն զերծ կպահի ՀՀ էներգետիկ համակարգը նման «տեռորից» ու հարձակումից:
- Նազարյանն իրո՞ք չգիտեր, որ այս տարի հոսանքը նորից կթանկանա:
- Այդ հարցը պետք է ուղղեք Նազարյանին: Կարծում եմ` ցանկացած քաղաքացի, գիտակցում էր, որ անխուսափելի է լինելու հոսանքի թանկացումը:
- Նաեւ Նազարյա՞նը:
- Կարծում եմ:
- Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությունը (ՀԷՑ-ը գտնվել է վատ մենեջմենթի ու կոռուպցիոն ռիսկերի տակ) որպես հաղորդում հանցագործության մասին ինչո՞ւ դատախազությունը չընդունեց:
- Երվանդ Զախարյանը, եթե նման հայտարարություն է արել, դատախազությունը պարտավոր էր օր առաջ ընդունել ու հետաքննություն սկսած լիներ: Միգուցե դա արդեն արվել է, ես չգիտեմ:
- ՀԷՑ-ի ազգայնացումը կամ մրցակցությունը դուրս կհանի՞ կարեւոր այս կառույցը նման ծանր իրավիճակից:
- Որպես ազատական տնտեսության կողմնակից` դեմ եմ ազգայնացման գաղափարին, բայց կարծում եմ, որ այնպիսի պայմաններում ( պատերազմական իրավիճակ, շրջափակում) ինչպիսին մեր երկիրն է, կան այնպիսի հանգույցներ, որոնք կարող են լինել նաեւ պետական: Որպես կանոն` պետական մոդելները տնտեսության ոլորտում վատ են աշխատում, հետեւաբար մրցակցությունն ՀԷՑ-ի համար ուղղակի անհրաժեշտություն է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
