«ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ԵՐՏԱՍԱՐԴԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄ Է ՆԿԱՏՎՈՒՄ»
Արխիվ 12-16«ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ԵՐՏԱՍԱՐԴԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄ Է ՆԿԱՏՎՈՒՄ»

«Հայաստանում, ինչպես եւ ողջ աշխարհում տարեցտարի սեռավարակների երտասարդացման միտում է նկատվում, որն արդեն անհանգստացնող է: Նաեւ այն առումով, որ սեռավարակներն այսօր արդեն երեսունից ավել հիվանդություններ են ներառում իրենց մեջ, որոնք պայմանավորված են մանրէներոով, մակաբույծներով, վիրուսներով եւ սնկերով»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով սեռավարակների տարածվածությանը եւ միտումներին` ասաց Մ.Հերացու անվան մաշկավեներաբանության եւ կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր ԽԱՉԻԿ ԽԱՉԻԿՅԱՆԸ:
-Սեռավարակները մեծ մասամբ տարածվում կամ դիմացինին վարակման վտանգի են ենթարկվում սեռական ակտիվության ցանկացած դրսեւորման արդյունքում: Բայց սխալ է հանրության այն տպավորությունը, որ սեռավարակներով վարակվում են բացառապես սեռական ճանապարհով. վարակները կարող են փոխանցվել նաեւ արյան փոխներարկման, հյուսվածքների փոխպատվաստման եւ կենցաղային ճանապարհով:- Ինչո՞վ եք պայմանավորում սեռավարակների երտասարդացումը:
- Վերջին քսան տարիներին նկատվել է, որ սեռավարակները օրգամիզմում զարգանում են անախտանիշ, շատ հաճախ հիվանդին չեն անհանգստացնում, հիվանդներն էլ բավարար չափով առողջական կուլտուրա չեն դրսեւորում, որ տարին մեկ-երկու անգամ հետազոտեն թե՛ սեռական եւ թե՛ առհասարակ առողջությունը: Եվ դա է պաճառը, որ մեզ դիմում են արդեն բարդությունների, վարակի զարգացման փուլում. իսկ սեռավարակների առաջացրած բարդությունները շատ են: Երեսուն սեռավարակներից Հայաստանում ամենամեծ հիվանդացությունը ապահովում են չորսը` սիֆիլիսը, գոնորեան, խլամիդիոզը եւ տրիխոմոնիազը: Հիմնախնդրի մասշտաբը բավական մեծ է, քանի որ այն միանգամից ազդում է մարդու սեռական եւ վերարտադրողական առողջության վրա: Ամեն օր աշխարհում մոտ մեկ միլիոն մարդ վարակվում է այս կամ այն սեռավարակով, այսինքն` տարեկան մոտավորապես հինգ հարյուր միլիոն մարդ հիմնական չորս սեռավարակներից մեկով վարակվում է: Ինչ խոսք՝ Հայաստանում եւս մեծ է սեռավարակներով հիվանդների թիվը, սակայն իրական թվերը, թերեւս կդժվարանամ ասել, որովհետւ շատ քիչ տոկոսն է գրանցվում եւ բուժում ստանում. վարակվածների մեծ մասն էլ չեն ցանկանում դրա մասին բարձրաձայնել: Մինչդեռ սեռավարակների երտասարդացումը մտահոգիչ է ոչ միայն նրանով, որ դա հուշում է հիվանդների թվի աճի մասին, այլեւ, պայմանավորված սեռավարակով, օրգանիզմում կարող է քաղցկեղային կազմափոխություն արձանագրվել. հատկապես կանաց մոտ արգանդի վզիկի քաղցկեղ է առաջացնում: Նման դեպքերը նաեւ շատ հաճախ նպաստում են մեռելածնությանը, թերքաշ ծնունդին, նորածնի թոքաբորբի եւ բնածին այլ դեֆեկտների: Օրինակ՝ սիֆիլիսն աշխարհում յուրաքանչյուր տարի բերում է նորածին երեխայի մահվան մոտ երեք հարյուր հազար դեպքի, եւ 215 հազար երեխա ծնվում են մահվան մեծ ռիսկով:
- Ասացիք, որ սեռավարակները շատ ժամանակ անախտանիշ են զարգանում: Ինչպե՞ս հասկանալ, որ որեւէ սեռավարակով հիվանդանալու վտանգ կա:
- Ախտանիշները կախված են հիվանդության տիպից եւ ձեւից, բայց հիմնականում սեռավարակով վարակվելու առաջին նշանը արտադրությունն է, սեռական օրգաներում քորի, ցավի, այրոցի, խոցային եւ էրոզիվ էլեմենտների զարգացումը` ինչպես սեռական, այնպես էլ բերանի խոռոչի շրջանում: Այսինքն՝ խախտվում է մաշկի ամբողջականությունը:
- Եթե սեռավարակը ի հայտ է գալիս կնոջ հղիության ընթացքում, պետք է ընդհատվի՞ հղիությունը:
- Եթե ի հայտ է գալիս հղիության մինչեւ չորս ամիսները, ապա սեռավարակը չի կարող ազդել պտղի վրա, եւ այդ ընթացքում բուժումը կլուծի խնդիրը: Չորս ամսականից հետո, այո, պտուղը վարակվում է, բայց այդ փոփոխություները եւս վերադարձելի եւ վերահսկելի են:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
