«ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՅՍ ԺԱՆՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԳՐԱՆՑԵԼ ԱՐՎԵՍՏԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ»
Արխիվ 12-16«ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՅՍ ԺԱՆՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԳՐԱՆՑԵԼ ԱՐՎԵՍՏԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ»

Կիրակի օրը Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «ՓոփԱրտ» նվագախմբի համերգը: Նորաստեղծ խմբի նպատակը մեդիայի կողմից անտեսված, սակայն որակյալ երաժշտության տարածումն է: Դա վերաբերում է երաժշտության բոլոր տեսակներին` դասական արիաներ, ջազ, փոփ, ռոք եւ տարբեր սաունթրեքեր` նույնիսկ մուլտֆիլմերի:
«Այս երաժշտությունն ուղղակի պետք է լսել, ապրել նրանով եւ առավելագույն չափով վայելել, երաժշտության այս ժանրը կարելի է գրանցել երաժշտական արվեստի կարմիր գրքում, քանզի այն չի հնչում ո՛չ բեմերից, ո՛չ հեռուստատեսությամբ, ո՛չ էլ ռադիոյով: Մեր անսամբլի նպատակն է` վերհանել այս երաժշտությունը, այն տարածել, եւ եթե կարողանանք դա անել, ուրեմն չենք սխալվել թե՛ մեր կազմի, թե՛ մեր երգացանկի ընտրության հարցում»,- իր խոսքում նշում է խմբի ֆլեյտահար ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:
«ՓոփԱրտի» կազմում ներկայանում են` Անի Ասլանյանը` 1-ին ջութակ, Շաղիկ Մարտիրոսյանը` 2-րդ ջութակ, Արտաշես Ասատրյանը` ալտ, Անժելա Սարգսյանը` թավջութակ, Կարեն Խաչատրյանը` կոնտրաբաս, Տիգրան Գեւորգյանը` ֆլեյտա, Իշխան Հարությունյանը` սաքսոֆոն, Արմեն Աղաջանյանը` դաշնամուր, Արմենակ Գրիգորյանը` հարվածային գործիքներ եւ մենակատարներ Իրինա Զաքյանն ու Հովհաննես Այվազյանը:
Փոփ-արտ եզրույթն առաջացել է անգլերեն pop-art բառից եւ նշանակում է ընդմիջվող հնչյուն, թեթեւ հարված, բառացի թարգմանվում է` արվեստ: Որպես աբստրակտ արվեստի յուրօրինակ հակազդեցություն` փոփ-արտը տարածում է գտել 1950-ական թվականների 2-րդ կեսից` ԱՄՆ-ում (Ջ. Ռոզենկվիստ, Ջ. Ջոնս, Ջ. Դայն, ուղղության հիմնադիր` Ռ. Ռաուշենբերգ), Մեծ Բրիտանիայում (Պ. Բլեյք, Ռ. Համիլտոն) եւ այլ երկրներում:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
