«ԻՆՉԻՆ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՀԱՍՆԵԼ ԶԵՆՔՈՎ, ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ԳՐՉՈՎ»
Արխիվ 12-16«ԻՆՉԻՆ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՀԱՍՆԵԼ ԶԵՆՔՈՎ, ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ԳՐՉՈՎ»

Օրերս կայացավ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻ «Եզդի ազգի ցեղասպանությունը կամ Շանգալի մղձավանջը» ռուսալեզու պատմական, փաստա-վավերագրական գրքի շնորհանդեսը: Գրական միջոցառմանը ներկա էին եզդի համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ ու պարզապես, 21-րդ դարում կրկնվող ցեղասպանությամբ մտահոգված ու ոչ անտարբեր մարդիկ, այդ թվում` «Իրավունքը»:
Անդրադառնալով գրքին` հեղինակը մեզ հետ զրույցում նշեց. «2014 թվականի օգոստոսի 3-ից եզդիների դեմ իրականացվող անմարդկային գործողությունները, որը նույնիսկ Սպիտակ տունը որակեց ցեղասպանություն, գրքի միջոցով բարձրաձայնեցի, որ մեր ապագա սերունդները տեղեկացված լինեն 21-րդ դարի իրենց նախնիների դեմ իրականացված ցեղասպանության մասին ու մեզ պես փաստի առաջ չկանգնեն` մեղադրելով մեզ` նախորդ սերնդին»: Ռ. Ավդոյանը կոչ արեց անտարբեր չանցնել այս ամենի կողքով, քանի որ խոսքը ցեղասպանության մասին է. «Քանի-քանի ընտանիքներ են եղել, որոնք շատ կցանկանային, որ անցյալում իրենց հարազատների ձեռքով գրված վկայությունները տեղ գտնեին որեւէ աշխատությունում: Իսկ աշխատություններ, կարելի է համոզված ասել, որ եղել են, ինչպես եւ համոզված կարելի է պնդել, որ չի գտնվի այնպիսի մի եզդի ընտանիք, որ տեսած չլինի ցեղասպանություն կամ դրա հետեւանքով ընտանիքի որեւէ անդամի կորցրած չլինի»: Իսկ արեւելագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆՆ ընդգծեց, որ, ցավոք սրտի, ոչ բոլոր դեպքերում է զենքի ուժով հնարավոր դառնում հաղթահարել դժվարությունները. «Շատ դեպքերում այն, ինչին չես կարող հասնել զենքով, կարելի է հասնել գրչով: Հատկապես ներկա պայմաններում, երբ մարդիկ կան, ովքեր կոչված են գրչի ուժով պայքարել ցեղասպանությունների, տեղահանությունների ու իրենց ժողովրդին համապատասխան ճանաչում բերելու համար»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk