ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ. «ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ «100 ՏԱՐԻ ԱՆՑ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԼԱՑ ԷՐ ԼԻՆՈՒՄ»
Արխիվ 12-16ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ. «ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ «100 ՏԱՐԻ ԱՆՑ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԼԱՑ ԷՐ ԼԻՆՈՒՄ»
Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» պիեսի հիման վրա բեմադրությունը հաջողությամբ է ներկայացվել լոսանջելեսյան հանդիսատեսի համար, այդ մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում տեղեկացրեցին ներկայացման բեմադրիչ, թատրոնի գլխավոր ռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ եւ թատրոնի դերասան, ներկայացման գլխավոր դերակատարներից ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ:
Տիգրան Գասպարյանի համար անսպասելի է եղել լոսանջելեսյան հանդիսատեսի ընդունելությունը. «Ներկայացումը կարծես Լոս Անջելեսում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երթի շարունակությունը լիներ»:
Իսկ Ա. Մարությանն էլ, ով ներկայացման մեջ կերտել է Ջեմալ Փաշայի թոռան կերպարը,
հավելեց. ««100 տարի անց» ներկայացումն իրական փաստերի հիման վրա է գրել հեղինակը եւ ունի իր ասելիքը։ Այն շատ լավ ընկալեց ամերիկահայ հանդիսատեսը` ներկայացումից հետո լաց էր լինում։ Այնտեղի հայերը մոտենում էին մեզ եւ ասում, որ կարոտ են մնացել լուրջ արվեստին։ Ցավով եմ ասում` Ամերիկայում այնքան հայ կա, որքան Հայաստանում։ Արտագաղթն է պատճառը, որ մեր երկրում չունենք այդ հանդիսատեսը»: Ըստ դերասանի ներկայացումը նոր լուծում է առաջարկում, թե 100 տարի հետո ինչպես կարելի է շարունակել այս գործընթացը. «Դա շատ լավ ընկալեց Ամերիկայի հանդիսատեսը, նրանք այդ լուծման մեջ նորություն տեսան, թե ինչպես պետք է շարունակել, ինչպես պետք է պայքարել: Ներկայացման մեջ շատ կարևոր տեսարան կա, որտեղ Արտաշես Գևորգյանի թոռը` ում կերպարը մարմնավորում է Տիգրան ներսիսյանը, ինձ հարցնում է, թե ի՞նչ եք կարծում պարոն Ջեմալ, 2 թոռներ հաշտվեցի՞ն, Ջեմալը պատասխանում է՝ ոչ, չհաշտվեցին, պարզապես զրուցեցին, նա էլ ասում է, կարևոր է պարզապես զրուցելը, ուրեմն հասունացել է ժամանակը թուրքերի հետ պարզապես զրուցելու»:
Ներկայացումը հիմնված է իրական փաստերի վրա և ներկայացնում է , թե ինչպես են 1915թ. Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի եւ հայ վրիժառու Արտաշես Գեւորգյանի թոռները` Ջեմալն ու Անդրանիկը, 100 տարի անց հանդիպում Երեւանում եւ խոսում 1915-ին կատարվածի մասին:
ԱՌԱՎԵԼ ՄԱՆՐԱՄԱՍՆ` ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ.
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք նաեւ տպագիր «Իրավունքում»:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
