«ԴԵ ԹՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ...»
Արխիվ 12-16«ԴԵ ԹՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ...»

ՀԷՑ-երի թալանի շուրջ իրադարձություններն ու խոսակցությունները չեն ավարտվում: «Ալյանս» ցենտրիստական կուսակցության ղեկավար ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ դեռեւս նախորդ քառօրյային, հայտարարությունների ժամին ասաց, որ կարող է հնչեցնել անուններ եւ տրամադրել տվյալներ, փաստեր, ըստ որի` ՀԷՑ-երում տեղի է ունեցել թալան: Սակայն նա նաեւ ասում է, որ կոնկրետ գործողություններով նա չէ, որ պետք է զբաղվի, այնուհետ պարզաբանեց.
–Սկսենք նրանից, որ ոլորտը համակարգող գերատեսչություն կա, որը կոչվում է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, եւ այդ պաշտոնյաններն են ժողովրդի փողով գնած թանկարժեք պետական ծառայողական մեքենաները վարում: Իրենք են ստանում պետական աշխատավարձ եւ օգտվում այլ արտոնություններից եւ հետեւաբար պարտավոր են ունենալ այդ տեղեկությունները, այլ ոչ թե ես կամ որեւէ մեկ այլ մարդ: Բացի այդ, թե՛ էներգետիկայի նախարարին եւ թե՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախարարին հարց տալուց նշել եմ կոնկրետ դեպքերի եւ հասցեների մասին, նույնը` գրավոր տարբերակով: Եվ ի վերջո, ամեն Աստծու օր տարբեր ԶԼՄ-ներով հրապարակվում են դեպքեր, անուններ, տվյալներ, գումարների չափեր: Վերջապես, նախարար Զախարյանն է հնչեցրել «գողություն» եւ «անարդյունավետ կառավարում» ձեվակերպումները: Ինձ` որպես այս երկրի քաղաքացի եւ առավել եւս պատգամավորի, մեղմ ասած, չափազանց մտահոգում է, որ քրեական հոդվածի տակ ընկնող երեւույթների մասին խոսում է ոչ ավել, ոչ պակաս ոլորտը ղեկավարող անձնավորությունը, որի արդյունքում տեղի չի ունենում, որեւէ քրեադատավարական գործընթաց: Անշուշտ, մենք բոլորս` բոլոր շահագրգիռ մարմինների ու հանրության հետ միասին, իրավունք ունենք պահանջելու, որպեսզի հանցագործության մասին տեղեկություն ունեցողը համապատասխան մարմիններին տրամադրի այդ նյութերը:Թե արդյոք պարոն Ուրիխանյանը դատախազությանը ներկայացրել է որեւէ կոնկրետ հաղորդում` նա նշեց, որ նա իր խոսքը սկսեց նրանից, որ հաղորդում տվողը ինքը չէ, այլ նա, ով խոսել է դրա մասին.
– Ես տրամադրում եմ իմ չափով, իմ հնարավորությունների սահմաններում, որոնք կարելի է բաց հաղորդում համարել դատախազության համար, քրեական գործ համարելու հիմք հանդիսացող: Խոսվել է գողության մասին, հույսով ենք, որ ոլորտը համակարգող նախարարը պարտավոր է տրամադրել իր իսկ կողմից հնչեցրած արտահայտությունների հիմք հանդիսացող տեղեկությունները: Այլապես, պետք է հայտարարի, որ իր իսկ կողմից կատարած հայտարարությունները արվել են անգիտակցաբար, հենց այնպես, ինչի մասին խոսեց նաեւ գլխավոր դատախազը` նշելով, թե նախարարը քաղաքական անձ է եւ կարող է... Այսինքն` ի՞նչ է սա նշանակում. պատահաբար կարող է չհիմնավորված հայտարարություննե՞ր կատարել նախարարը: Դե, ուրեմն` թող հրաժարական ներկայացնի, այդ պահանջը դնենք ուրիշների առջեւ:
Ի դեպ, Տ. Ուրիխանյանը տեղեկացրեց, որ այսօր «Ալյանսի» երիտասարդական թեւը իրականացնելու է ակցիա, տրամադրելու է բաց հաղորդագրության տեքստ` ՀԷՑ-երում կատարված եւ նախարարի կողմից հնչեցրած գողությունների մասին` զանգվածային պահանջի տեսքով:
Պարոն Ուրիխանյանից հետաքրքրվեցինք նաեւ քաղաքական դաշտում սպասվող քաղաքական վերադասավորումների մասին, եւ արդյոք «Ալյանս» ցենտրիստական կուսակցությունը պատրաստվում է համագործակցել կամ միանալ որեւէ կուսակցության: Ի պատասխան` նա նշեց, որ իրենք արդեն համագործակցում են ժողովրդական լայն զանգվածների հետ, այն մարդկանց հետ, ովքեր ընդունել եւ ընդունում են իր քաղաքական թիմի տարիներով որդեգրած քաղաքական կուրսը եւ շարունակելու են համագործակցել:
Կհամագործակցի՞ արդյոք ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ` ի պատասխան նա նշեց, որ նա չի կարող տեսնել համագործակցություն հենց այնպես, որեւէ կուսակցության հետ եւ միայն համագործակցություն կարող է լինել կոնկրետ քայլերի եւ գործողությունների շուրջ: Իսկ երբ վերոնշյալ կուսակցության գործողությունները կհռչակվեն, երբ կլինի քաղաքական դաշտում օրակարգ, այն անշուշտ կքննարկվի:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
