ՀԷԿ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. « ՀՈՍԱՆՔԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՐՈՒՄԸ ՀԷԿ-ԵՐԻ ՎՐԱ ՉԻ ԱԶԴԻ»
Արխիվ 12-16ՀԷԿ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. « ՀՈՍԱՆՔԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՐՈՒՄԸ ՀԷԿ-ԵՐԻ ՎՐԱ ՉԻ ԱԶԴԻ»
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանից «Իրավունքը» պարզեց` հոսանքի թանկացումն ինչ ազդեցություն կունենա հիդրոէլեկտրակայանների վրա: «Ոչ մի ազդեցություն էլ չի ունենա, քանի որ հիդրոէլեկտրակայանների սակագինը հոսանքի վաճառքի տեսանկյունից պայմանավորված չէ բաշխիչ ցանցերի հետ: Ընդհակառակը, հիդրոէլեկտակայաններից բաշխիչ ցանցերը հոսանք են ձեռքբերում մոտ երկու անգամ ավելի էժան, հանրությանը վաճառում երկու անգամ թանկ: Ես հիմա ոչ թե խոսում եմ որպես ոչ թե ՀԷԿ ունեցող, այլ պարզապես ասում եմ` էլեկտրաէներգիայի սակագինը վեց ամիսը մեկ քննարկվում է դրամի արժեզրկման հետ կապված»,- պատասխանեց պատգամավորը:
- Փաստորեն, որպես ՀԷԿ ունեցող պատգամավոր` հոսանքի սակագնի թանկացման համար չե՞ք անհանգստանում:
- Բացարձակապես: Թող ականջահաճո չթվա, բայց մի ՀԷԿ-ով հարց չի լուծվում:
- Եթե ՀԷԿ-ի վրա հոսանքի թանկացումը բացասական անդրադարձ չի ունենալու, ինչո՞ւ է ՀԾԿՀ ղեկավարը հոսանքի թանկացումը կապում նաեւ հիդրոէլեկտրականների հետ, հայտարարում, որ սակավաջուր է եղել տարին, որը եւս վատ է անդրադարձել ՀԷԿ-ի վրա:
- Տարին, ցավոք սրտի, սակավաջուր է եղել: Իրենք (նկատի ունի Ռոբերտ Նազարյանին-խմբ.) ասում են` քանի որ տարին սակավաջուր է եղել, հոսանքը թանկանում է: Ակնհայտ երեւում է, որ հիդրոէլեկտրակայանները դեր ունեն հոսանքի թանկացման հարցում: Բաշխիչ ցանցերը ՀԷԿ-ից գնում են էժան հոսանք: ՀԷԿ-ն ինչքան շատ լինեն Հայաստանում, այնքան բաշխիչ ցանցերի համար շահեկան վիճակում կլինեն:
-Եթե հիմա մի բնապահպան լիներ Ձեր առջեւ կանգնած, պատկերացնում եմ` ինչպես կհակարդարձեր Ձեզ ՀԷԿ-ի քանակի ավելացման ցանկության համար:
- Կոոպերատիվ բնապահպաններին մի կողմ թողնենք: Մի բան էլ ասեմ` ռուսները որոշ բնապահպանների միջոցով պայքարում էին հիդրոէլեկտրակայանների դեմ:
Բաշխիչ ցանցերում այնպիսի սակագին պետք է սահմանվի, որ կաթվածահար չանի համակարգը: Բաշխիչ ցանցերի վերացումը ՀՀ-ի քաղաքացու շահերից չի բխում:
- Ձեւավորվել է «Ոչ թալանին նախաձեռնությունը, որը կոչ է անում անգամ հոսանքի սակագնի համար չվճարել:
- Իմ պատասխանը գուցե մի փոքր սուբյեկտիվ թվա, հաշվի առնելով, որ ես ՀԷԿ ունեմ, բայց դրանից ես վեր եմ կանգնած: Չվճարել հոսանքի սակագինը, չվճարել հարկերը դեմ է ՀՀ քաղաքացու շահերին: Երբեք կողմնակից չեմ եղել այդ տիպի կոչերով խնդիր լուծելուն:
Շարունակելի.
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
