«ՄԻ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ԴԵՌ ՉԿԱ, Ի՞ՆՉ ԱՍԵՍ»
Արխիվ 12-16«ՄԻ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ԴԵՌ ՉԿԱ, Ի՞ՆՉ ԱՍԵՍ»

Վերջին օրերին լայնորեն շրջանառվում է, որ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, հետ չմնալով ընդդիմադիր պատգամավորներից, որոշել է կուսակցություն հիմնել ու այն էլ` բացահայտ արեւմտամետ ուղղությամբ: Իսկ տեղեկությունը նա անձամբ է հաստատել` հավելելով, որ այս պահին տիրապետում է կուսակցություն հիմնելու համար բոլոր անհրաժեշտ ռեսուրսներին: Ըստ տարածված լուրերի` նոր ստեղծվելիք կուսակցության անդամներից մեկն էլ լինելու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցեց հենց նրա հետ:
ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԼԻՆԻ,
ՄԻԱՅՆ ՊՐՈԵՎՐՈՊԱԿԱ՞Ն ԼԻՆԻ
–Պարոն Պողոսյան, հաշվի առնելով, որ Է. Մարուքյանի կողմից ստեղծվելիք կուսակցությունում հնարավոր է նաեւ Դուք լինեք, կարո՞ղ ենք ասել, որ մտադիր եք Ձեր քաղաքական կապերը խզել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
– Նախեւառաջ խնդիր չեմ տեսնում` քաղաքական գծի խզման որեւէ հարցի շրջանակի հետ կապված, քանի որ կարելի է անդամակցել կամ ճանապարհ գնալ, եթե որեւէ կառույց արդեն գոյություն ունի: Եվ երկրորդ` ես կուսակցական չեմ եւ կուսակցական խնդիրների հետ որեւէ առնչություն չունեմ` անդամակցելու կամ չանդամակցելու: Իսկ ցանկացած ուժ, որը կունենա պրոեվրոպական ուղղվածություն` լինի ՍՊԸ, ՀԿ կամ կուսակցություն, միշտ պատրաստ եմ նրանց հետ համագործակցել, քանի որ տեսնում Հայաստանի երկարատեւ շահերի բավարարումը ու զարգացումը Եվրոպական ինտեգրման մեջ:
– Փաստորեն, առաջիկայո՞ւմ էլ չեք պատրաստվում դառնալ կուսակցական, այլ միայն կլինեն համագործակցություննե՞ր:
– Կարելի է խոսել այդ մասին, երբ կա կոնկրետ, վերջնական նախաձեռնություն: Քննարկումներ 100 ձեւի կարելի է անել, բայց երբ կլինի այդ ամենը կոնկրետ, այն ժամանակ էլ կխոսենք: Իսկ ո՞վ է ասել, որ, միեւնույն ժամանակ, չեմ ասի, որ գնում եմ ու անդամակցեմ: Բայց այսօր մի բանի մասին, որը դեռ չկա, ի՞նչ ասես: Այսօրվա դրությամբ ինքս կուսակցական նախասիրություն չունեմ ու դրա համար երբեւէ կուսակցական չեմ դարձել, բայց կլինեն ուղղություններ, քաղաքական զարգացումներ, պարզ կդառնա հետագայում:
«ԻՍԿ Ո՞Վ Է ԱՍԵԼ,
ՈՐ ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ ԵՆՔ ԳՆՈՒՄ»
–Գաղտնիք չէ, որ ընդդիմությունում, անկախ «Ժառանգություն» խմբակցության գործունեությունից, Դուք որոշակի վարկանիշ ձեռք եք բերել: Չկա՞ մտավախություն, որ Էդմոն Մարուքյանի հետ նույն ուղղությամբ գնալով` կկորցնեք այդ վարկանիշը:
– Առաջին հերթին` եթե ինձ գնահատեն, ապա գնահատելու են որպես Թեւան Պողոսյան` իմ եւ իմ արած աշխատանքի շրջանակներում: Իսկ ո՞վ է ասել, որ ինչ-որ տեղ ենք գնում: Ես դեռ մինչեւ 2019 թվականը խմբակցությունում եմ լինելու: Իմ էթիկայի կապերը շատ ավելի հզոր են, քան որեւէ մի այլ խնդիր, ինչը մեկ անգամ չէ, որ ապացուցել եմ: Ինձ թվում է` ամեն ինչ դեռ առջեւում է: Խոսել ապագայի մասին, դեռ այն էլ չկողմնորոշված, կարծում եմ` այսօրվա դրությամբ շատ վաղ է: Այնպես որ, ես կատարում եմ իմ աշխատանքը որակով ու պատվով եւ ձգտում եմ իմ նախընտրական խոստումները կյանքի կոչել:
– Այսինքն` «Ժառանգություն» խմբակցությունո՞ւմ էլ դեռ չեք քննարկել Ձեր ապագա ծրագրերի մասին:
– Բայց ինչի՞ մասին քննարկում լինի:
– Ամեն դեպքում, մտադիր եք նոր քաղաքական ուժի հարել:
– Հիմա վաղը, եթե Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցեմ, էլի նո՞ւյնն եք հարցնելու: Բոլորի հետ էլ աշխատելու եմ, ովքեր կունենան պրոեվրոպական ուղղություն եւ, ընդհանրապես, մի բան, որին կհավատամ, որ Հայաստանի համար լավ է: Համարում եմ, որ դրանով կնպաստեմ այն խնդիրների լուծմանը, որը հայանպաստ է, ուղղությունն էլ, արդեն ասացի, թե որն է լինելու: Հիմա մարդիկ, եթե ինչ-որ հարցեր են քննարկում, չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրը այդպես են անելու կամ ինչ-որ բան են փոխելու: Այնպես որ, անիմաստ տեղը աժիոտաժ ստեղծելը իմ ոճի մեջ չէ: Իհարկե, կարդացել եմ, որ մամուլում ոգեւորվել են նոր ստեղծվելիք կուսակցության մասին լուրերից, բայց ընթացքը դեռ կյանքը կապացուցի: Երբ 2012 թվականին եկա խորհրդարան, 100 ու մի բան գրեցին: Հետո ինձ թվում է` նույնիսկ շատերը զարմացան իրենց գրածներից, որոնք իրականություն չդարձան:
«ՄԱՐՈՒՔՅԱՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԽՈՍԵԼ Է ԱՊԱԳԱ
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԵՍԼԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
–Ի վերջո, ի՞նչ քննարկում եք ունեցել պարոն Մարուքյանի հետ` նոր կուսակցություն ստեղծելու վերաբերյալ:
– Հանդիպում, քննարկում, նախնական խոսակցություններ եղել են, բայց որեւէ վերջնական, կոնկրետ հարցերի մասին խոսք չի եղել: Իսկ պարոն Մարուքյանը մամուլում ընդամենը խոսել է ապագա ցանկությունների եւ տեսլականների մասին, նորից եմ ասում, որ ուժը ունենա պրոեվրոպական ուղղություն:
– Ըստ Ձեզ, նոր ձեւավորվող կուսակցությունները կկարողանան լուրջ տեղ գրավել քաղաքական դաշտում:
– Այսպես, թե այնպես, սերնդափոխություն պետք է լինի, եւ դա պետք է բոլորը գիտակցեն: Իսկ դա կլինի կուսակցությունների ներսում, թե նոր դեմքերի գալով` արդեն կյանքը ցույց կտա, բայց, այնուամենայնիվ, փոփոխություններ լինելու են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
