Զարմացած
Արխիվ 12-16
Ինչ կարծիքի եք, ծակ պրոֆեսորներն առկա են միայն մեր քաղաքական եւ լրատվական դաշտո՞ւմ, թե... Տվյալ դեպքում կխոսենք հենց այդ զարմանալի թե-ի մասին: Պարզվում է, որ ծակ պրոֆեսոր կա նաեւ հռչակավոր Սորբոնի համալսարանում` ի դեմս այդ համալսարանի պրոֆեսոր, հայագետ եւ պատմաբան ԿԼՈԴ ԱՐՄԵՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ: Սույն, կներեք արտահայտությանս համար, պրոֆեսորը առաջարկում է` եթե ձեր տան սենյակներից մեկը չեք կարողանում օգտագործել, ապա այն նվիրեք ձեր դուշմանին. «Հայկական շահը կլիներ, որ լուծվեր այս ձեւով, եթե նախկին ինքնավար մարզից դուրս որոշ չբնակեցված տարածքներ հայկական կողմը Ադրբեջանին վերադարձնի, դրա փոխարեն Ադրբեջանն ընդունի ԼՂՀ անկախությունը, չբնակեցված տարածքներ ասելով` օրինակ Աղդամը»:
Ավելին. «Չգիտեմ, բայց հակառակ դեպքում կբնակեցնեին այդ տարածքները: Երկու տարի առաջ գնացի Աղդամ, բոլորովին ամայի էր… Կարեւորը Պարսկաստանի հետ սահմանն է, բայց արեւելյան կողմերը` Աղդամի պես, այնքան էլ անհրաժեշտ չեն Հայաստանի, Ղարաբաղի համար: Կարելի է փոխադարձ պայմանավորվածություն լինի, կարեւորը Ղարաբաղը որպես պետություն ընդունվի, ինչպես Կոսովոն»: Զարմանալի է, այդ ով է բուծում հայկական ազգանուն ունեցող` հայկական հողը առեւտրի հանող ինքնակոչ առեւտրականներին: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մի բարի խորհուրդ այդ «պրոֆեսորին»` չգիտենք, դու պարզ դավաճա՞ն ես, խելապակա՞ս ես, թե՞ մեջդ նաեւ չհայի (հենց չհայի, այլ ոչ թե այլազգու) արյուն կա, բայց լավ կանես երբեք չհամարձակվես ոտքդ հայոց հող դնել:
Բազմաթիվ վերլուծաբաններ, հատկապես Ռուսաստանից, Լիտվայի նախագահ ԴԱԼՅԱ ԳՐԻԲԱՈՒՍԿԱՅՏԵԻՆ հաճախ համարում էին առնվազն անհավասարակշռված, կամ նույնիսկ խելապակաս: Սակայն պարզվում է, որ նույն Լիտվայում մեր հայրենակիցներից մեկը իրեն դրսեւորել է իսկական խելապակասի պես: 10 տարի առաջ Վիլնյուսում բնակություն հաստատած մի հայ որոշում է քաղաքացիություն ստանալ, սակայն այդ 10 տարում այդպես էլ չի բարեհաճում լիտվերեն սովորել, որպեսզի օրենքով սահմանված կարգով քննություն հանձնի: Դե, քննության հարցը լուծում է կաշառքի միջոցով, իսկ երբ հերթը հասնում է Լիտվայի նախագահի հետ հանդիպմանը (այդպես է քաղաքացիություն ստանալու կարգը), մի մեծ փաթեթ իր թխած լավաշից վերցնում է ու գնում նախագահական: Սակայն տեսնելով, որ բառ անգամ լիտվերեն չի կարողանում ասել, պահապանները թեւերից բռնած ուղեկցում են հայտնի ռուսական հասցեով: Դե ինչ, մխիթարվենք գոնե նրանով, որ կոնկրետ այդ հայն ընդամենը փորձել է մաղարիչ անել օտար երկրի ղեկավարին, այլ ոչ թե ձեւացել է սեռական փոքրամասնություն, աղանդավոր կամ թուրք` քաղաքական ապաստան ստանալու համար:
Վերջապես գտնվեց այն սրիկան, որը մեղավոր է հայոց ընդդիմության բոլոր ձախորդությունների համար: Այդ սրիկան Արեւմուտքն է, իսկ Արեւմուտքի դիմակը պատռողը` հավերժական թեկնածու, բոլոր ընտրություններին զրո ամբողջ տոկոս հավաքող ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է. «Իհարկե, Արեւմուտքը թուլություն եւ դանդաղկոտություն է դրսեւորում: Հայաստանի դեպքում այդքան խնդիրներ չէին լինի, եթե ժամանակին Արեւմուտքը մեզ չհանձներ Պուտինին: Արեւմուտքն ասում էր, թե հայերը վրացիների նման հետաքրքրված չեն Եվրոպական ինտեգրմամբ, բայց ամեն դեպքում հայկական խնդիրներում Արեւմուտքի աջակցությունը չենք ունեցել»: Դրան վրադիր էլ, հիմա սույն մարդ-կուսակցությունը նույն Արեւմուտքին մեղադրում է, թե ինչու այժմ Ուկրաինային չի փրկում ռուսների ձեռքից: Զարմանալով հանդերձ, պետք է հռետորական հարցադրում հնչեցնենք` տեսնես ժամանակին ռուսներն ի՞նչ են արել Արամ Հարությունյանին, որ ոչ միայն ռուսն է աչքի գրողը, այլեւ ռուսի դեմ չկռվող մեկ ուրիշ օտարը: Դե ինչ, պատասխանը երեւի թե կիմանան նրա կողմից թաքուն սիրված Ռոբերտ Քոչարյանի հռչակավոր «ուրիշ մասնագետները»:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk