ՅՈՒՎԵՑԻ ԿԱՐՈՅԻ «ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ»
Արխիվ 12-16ՅՈՒՎԵՑԻ ԿԱՐՈՅԻ «ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ»

ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ «Իրավունքը» պարզեց` իրավապահ համակարգի ո՞ր օղակն է թերացել ԲՀԿ անդամ Գոհար Ենոքյանին սկզբում կալանավորելով, հետո` ազատելով, իսկ վերջում էլ` Ենոքյանի հանդեպ հարուցված գործը կարճելով:
Հիշեցնենք` Գոհար Ենոքյանը մեղադրվում էր Կարո Կարապետյանի դեմ մահափորձ պատվիրելու համար: Ենոքյանը ձերբակալվեց մայիսի 4-ին, երեք օր անց նրան մեղադրանք առաջադրվեց. նախկին պատգամավորը մեղադրվում էր ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ի շարքերը վերջերս լքած Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանությունը նախապատրաստելուն ուղղված գործողություններ կատարելու համար: Հունիսի 4-ին դատախազի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը, որ եթե ապացուցվի, որ Գոհար Ենոքյանի դեմ կեղծ ցուցմունքեր են տվել, տվողները կենթարկվեն պատասխանատվության: «Կարծում եմ` Գեւորգ Կոստանյանը հետեւողական կլինի իր այդ հայտարարության համար: Եթե գործը կարճվել է, նշանակում է` հիմքում եղել են ոչ ճշգրիտ փաստեր»,- մանրամասնում է տիկին Զոհրաբյանը:
Թե կոնկրետ իրավապահ համակարգի որ օղակն է թերացել, ԲՀԿ առաջնորդը խորհուրդ տվեց հարցն ուղղել նրա փաստաբանին: «Ես գործի ողջ նյութերին քանի որ չեմ տիրապետում, ճիշտ կլինի հարցն ուղղեք տիկին Ենոքյանի պաշտպանին: Ես ամեն օր կապի մեջ եմ տիկին Ենոքյանի հետ: Վստահ եմ ` նա էլ հետեւողական կլինի, որ կեղծ ցուցմունքներ տվողներին քրեական պատասխանատվության ենթարկեն»,- ասաց ԲՀԿ առաջնորդը:
Արդյո՞ք կեղծ ցուցմունքներ տվողների թիկունքում կարող է կանգնած լինել Կարո Կարապետյանը: Ի պատասխան` Ն. Զոհրաբյանը հիշեցրեց անմեղության կանխավարկածը, որը խախտելու բարոյական իրավունք չունի: «Դիմեք Գոհար Ենոքյանի պաշտպանին, ես գործի նյութերին չեմ տիրապետում»,- եզրափակեց ԲՀԿ առաջնորդը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
