ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՈՒՐՈՒԴՄՓՈՑՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Արխիվ 12-16ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՈՒՐՈՒԴՄՓՈՑՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Այժմ ներքաղաքական կյանքում ոչ այնքան հրապարակային ելույթների, որքան ստվերային սակարկությունների, խորհրդակցությունների, բանակցությունների շրջան է: Սակայն ոմանք ստվերայնության հանգամանքը հասցնում են ընդհուպ դավադրության տեսությունների: Երբեմն զարմանում ես, թե քանի-քանիսը հոյակապ ֆանտաստ գրող դառնալու փոխարեն գերադասել են հասարակական կամ քաղաքական գործչի կամ էլ առնվազն քաղաքական մեկնաբանի կարիերան:
ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԺԱՆՐԸ
Ժամանակին լրատվական դաշտը ողողված էր դավադրության տեսություններով` քըխ Ռուսաստանի մասին, որն իբր պատրաստվում է մեր երկիրը իզութոզով ծախել թուրքերին: Սակայն քաղաքական ֆանտաստիկայի կոնկրետ այդ հակառուսական տեսակը կտրուկ պակասեց ու ոչ միայն այն պատճառով, որ հանրությունն այդպես էլ չհավատաց այդ հեքիաթներին, այլեւ ֆինանսավորման պակասեցման: Քեռի Սեմը դարձել է բավականին քձիպ ու առավել ֆինանսավորում է 2 ուղղություն` փողոց դուրս եկող քաղաքացիական ակտիվիստներ եւ ընտանիքի ինստիտուտի քայքայումով զբաղվող հակաբարոյական կառույցներ: Հակառուսականի վրա համարյա բաժին չի մնում:Իսկ հիմա ամենաթարմ դավադրության տեսությունը, որը կապված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ: Ահագին գրչակներ դեմքի ամենալուրջ արտահայտությամբ համոզում են, իբր ՀԷՑ-ի ղեկավար Բիբինը եւ ՀՀ իշխանությունները գլխանց եկել էին համաձայնության, որ հանրությանը դեմ կտան թանկացման ամենաանհեթեթ եւ աչք ծակող հիմնավորումները, այդ թվում` թանկարժեք ավտոմեքենաների եւ բնակարանների տեսքով, որպեսզի հետո վրդովված բնակչությունը հանգիստ կուլ տա 7 դրամանոց թանկացումը, որի հաշվին հանգիստ լրացուցիչ գումարներ իրար մեջ կկիսեն ՀԷՑ-ի ռուս ղեկավարները եւ ՀՀ բարձրաստիճան իշխանավորները:Դե պարզ է, որ այդ քաղաքական ֆանտաստիկան հրամցվում է, որպեսզի հանրային վրդովմունքը լրացուցիչ տաքացնեն, ու դրա հաշվին աշնանն ավելի հեշտ լինի հավաքել եւ առաջնորդել «ամբոխները խելագարված»:Իսկ մնացյալ «դավադրության տեսությունները» վերաբերում են ուժային կառույցներին: Ե՛վ գլխավոր դատախազի, ե՛ւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարի, ե՛ւ ոստիկանապետի, ե՛ւ պաշտպանության նախարարի, նվազ չափով նաեւ` ԱԱԾ պետի շուրջ ինչ պատումներ ասես պտտվում են, թե ով ինչ քաղաքական ծրագրեր ունի, եւ ով ում է թաքուն սպասարկում:Սակայն այդ ոլորտի վերաբերյալ ասեկոսեները եւ քաղաքական երեւակայության բուռն թռիչքները գոնե նվազագույն հիմք ունեն:Անշուշտ, ուժային կառույցների ղեկավարներից եւ ոչ մեկը կոնկրետ ինչ-որ մեկի դրածոները չեն, գործնականում նրանք բոլորն էլ հավատարիմ են ՀՀ նախագահին: Սակայն ուժային այս կամ այն կառույցի վրա ազդեցություն ձեռք բերելու, այդ կառույցներում սեփական լոբբինգն իրականացնելու համար կատաղի պայքար ընթանում է:
Ինչո՞ւ` որովհետեւ ԱԺ ընտրություններին ընդառաջ ֆինանսական ռեսուրսը շատ կարեւոր է, սակայն նույնիսկ ամենամեծ փող ունեցողին ուժային պետական կառույցն ի վիճակի է շատ արագ սարքել կուռկուռի ձագ: Հենց այդ պատճառով ապագա ընտրությունների վրա ստվերային ազդեցության ձգտող օլիգարխիկ խմբերը եւ որոշ ներիշխանական թիմեր ձգտում են ինչքան հնարավոր է ազդեցություն ունենալ այս կամ այն ուժային կառույցի վրա` ե՛ւ սեփական ֆինանսները քաղաքականապես կիրառելու ապահովության նկատառումներով, ե՛ւ ձգտելով ուժային կառույցների հարվածի տակ դնել մրցակիցներին:
Սակայն արդեն տեւական ժամանակ առանձնահատուկ աչքի է ընկնում այն, ինչ լրատվական դաշտում կատարվում է պաշտպանության նախարարի շուրջ: Մի կողմից` խոսակցություններ, որ 2018-ին նա է լինելու նախագահ դառնալու գլխավոր թեկնածուն, մյուս կողմից` վարկաբեկման փորձեր ամենակեղտոտ եւ անբարո տեխնոլոգիաների կիրառմամբ: Սակայն, խոշոր հաշվով, «նախագահացու» լինելու հարցադրումն այս պահին ամբողջովին տեսական է: Եթե Սերժ Սարգսյանը կարողացավ բոլորից անխտիր գաղտնի պահել ԵՏՄ մտնելու մտադրությունը եւ 2013-ի սեպտեմբերին բոլորին կատարված փաստի առաջ կանգնեցրեց, ապա առավել եւս գաղտնի կպահվի ապագա նպատակահարմար թեկնածուի անունը` մինչեւ հրապարակայնացնելու պահը:
Այնուամենայնիվ, անգամ տեւական հարցադրումը` ապագա նախագահ լինելու վերաբերյալ, ոմանց շատ անհանգստացրեց: Որովհետեւ, եթե նույնիսկ 10 տոկոս հավանականություն կա, որ կառաջադրվի մեկը, ով անցնելու է առանց վարչական ռեսուրսի կիրառման, դա արդեն քաղաքական մեծ հավակնություն ունեցող, մեղմ ասած, ոչ անբիծ անցյալ ունեցողների համար բավականին վտանգավոր է: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի տիպի գործիչը նորից պետության ղեկին կանգնելու շանս ունի միայն այն դեպքում, երբ ընտրությունը ոչ թե համեմատական լավի ու վատի միջեւ է, այլ վատի եւ վատագույնի միջեւ ընտրության միջավայրում: Այլ կլաններ էլ իրենց ծրագրերն ունեն 2018-ի համար, ուստի առաջիկայում միշտ էլ լինելու է այդ երեւույթը` տոտալ վարկաբեկման փորձեր ցանկացածի նկատմամբ, ով ի վիճակի է լրիվ մաքուր ընտրվել:
«ՓՈՒԹՈՎ ՓՈՂ ՂՐԿԵՑԵՔ»
Հիշո՞ւմ եք Երվանդ Օտյանի ստեղծած հեղափոխական պերսոնաժ Փանջունու նամակների ստանդարտ ավարտը` «Փութով փող ղրկեցեք»: Միշտ այդպես է եղել` որեւէ քաղաքական տեխնոլոգիա` լինի այն հեղափոխական, թե ամբողջովին խաղաղ, աշխատում եւ հաջողության է բերում միայն մի տեսակ վառելիքի` թղթադրամի առկայության պարագայում: Փողը, թեեւ ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայմանն է:
Իսկ Հայաստանում ոչ իշխանական քաղաքական գործունեությամբ զբաղվելու ընդամենը 2 տեսակի ֆինանսական աղբյուր կարող են լինել` Քեռի Սեմը եւ տեղական օլիգարխիկ կլանները: Այն, ինչ հիմա արվում է հրապարակային քաղաքական դաշտում` կրակոտ ելույթներ, նոր կուսակցությունների ստեղծում եւ հների վերաֆորմատավորում, ընդամենը դերասանություն է` փող ստանալու համար: Ոմանք դերասանություն են անում Քեռի Սեմի առաջ, ոմանք` օլիգարխների, այդ թվում` Քոչարյանի կլանի, ոմանք էլ` երկուսի համար էլ:
Իսկ թե ինչի են ընդունակ հին ու նոր քաղաքական գործիչները հանուն քաղաքական «վառելիքի»` ֆինանսական ռեսուրսի, ինչպիսի ոճրագործության են պատրաստ մրցակցի դեմ, դժվար չէ պատկերացնել: Համ էլ շատ շուտով այդ ամեն ինչը գաղտնիքի շղարշով պարուրված չի մնա: Սակայն մի բան պարզ է` փողերը կարող են խաղարկվել ուղիղ այն չափով, որով դա հանդուրժելի կհամարի իշխանությունը: Կարմիր գիծն անցնողին նունիսկ ոսկե սարերը չեն կարող փրկել, քանզի ճանապարհը ամենազոր օլիգարխից մինչեւ բոմժ շատ կարճ է` մեկ ձեռնաշղթայի երկարություն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
