«ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՍՈԴՈՄՅԱՆ ՄԵՂՔԸ ԸՆԴՈՒՆԵԼ ՕՐԵՆՍԴՐՈՐԵՆ ԵՎ ԴԱՏԻ ՏԱԼ ՆՐԱՆ, ՈՎ ԴՐԱՆ ԴԵՄ Է»
Արխիվ 12-16«ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՍՈԴՈՄՅԱՆ ՄԵՂՔԸ ԸՆԴՈՒՆԵԼ ՕՐԵՆՍԴՐՈՐԵՆ ԵՎ ԴԱՏԻ ՏԱԼ ՆՐԱՆ, ՈՎ ԴՐԱՆ ԴԵՄ Է»
Օրերս Երեւանում էր «Համառուսաստանյան ծնողական դիմադրություն» ՀԿ ղեկավար ՄԱՐԻԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ, ով «Իրավունքի» հետ զրույցում խոսեց «յուվենալ արդարադատության» սպառնալիքների եւ «գենդերային» հասկացության օգտագործման արդեն իսկ սարսափելի հետեւանքների մասին:
– Տիկին Մամիկոնյան, քաջ գիտակցելով օրենսդրության մեջ «գենդերային» հասկացության օգտագործման ռեալ վտանգների մասին` հետաքրքիր է, թե ինչպիսի՞ պայքար եք պատկերացնում այս ամենի դեմ, որը ոչ միայն մեր երկրի, այլ միջազգային խնդիր է դարձել:
– Կարծում եմ` մարդիկ դեռ չեն հասկանում` ինչի մասին է խոսքը: Հետեւաբար, նախեւառաջ պետք է բացատրել ու հակապրոպագանդման մեծ աշխատանք տանել այս ուղղությամբ եւ երկրորդ` պետք է դուրս գալ ուղիղ հակագործողությունների` նման օրենսդրական նախաձեռնությունների դեմ: Եթե ոչ մենք, ապա ո՞վ պետք է պայքարի մեր իրավունքների, ընտանիքի մասին մեր պատկերացումների եւ մեր ազգային շահի համար: Ինչո՞ւ պետք է հույսեր փափագենք, որ դա ինչ-որ մեկին ավելի է հետաքրքրում, քանի հենց մեզ: Շատ ուրախ էի, որ հայ հանրությունը կես տարի առաջ միանգամից ոտքի կանգնեց, երբ պարզվեց, որ ժողովրդի թիկունքում Ազգային ժողովում ընդունվել է «գենդերային» ինչ-որ օրենք: Այն լայն արձագանք գտավ, եւ սա հույս է, որ որ դեռ կան ազգային ավանդական օջախներ, որոնք ընդունակ են հակապայքարի անցնելու: Ի վերջո, Արեւմուտքի այդ հրահրումները ոչ մի լավ բանի չեն բերի:
– Բայց նույն Արեւմուտքը հանուն ընտանեկան արժեքների սկիզբ առած պայքարը համարում է անհանդուրժողականություն ու փորձում ներազդել երկրների վրա` հենց «գենդերային» օրենքներով:
– Իսկապես, այդ «գենդերային» հասկացությունը հանդուրժողականության անվան տակ փաթաթվեց մեր վզին, մինչդեռ այն մեզ ոչինչ չի տալիս: Ճիշտ հակառակը` այդ հանդուրժողականությունն ու սեռերի համահավասարեցումն է քայքայում ընտանիքը: Բայց կան կնոջ եւ տղամարդու փոխլարցնող ֆունկցիաներ, եւ խոսակցություններն այն մասին, որ դրանք ուղղակի պայմանական են, ունի սոցիալական բնույթ, նույնիսկ ցինիկ է հնչում: Ընդհանրապես, չեմ հասկանում, թե գենդերային լոբբիստներն ինչպես են պատրաստվում այդ խնդիրը լուծել, երբ կնոջ եւ տղամարդու միջեւ տարբերություններն առաջին հերթին բիոլոգիական են: Թեպետ եվրոպական երկրներից մեկում այսօր Ազգային ժողովի մակարդակով քննարկվում է, որ պետք է համահավասար հնարավորություններ եւ իրավունքներ տալ տղամարդկանց եւ կանանց: Ու այս առումով լրիվ անթույլատրելի է, որ կանայք չեն կարող իրենց բնական կարիքները հոգալ այնպես, ինչպես տղամարդիկ են հոգում` կանգնած: Ավելին` արդեն իսկ ստեղծել են նման «հարմարանք», որով կանայք կարող են օգտվել այդ «հրաշք» հնարավորությունից: Սա, իհարկե, ծիծաղելի է, բայց անեկդոտ չէ, այլ իրականություն ու նույնիսկ այդ երկրի սանհանգույցներում նկարված է, թե ինչպես պետք է օգտվել այդ սարքերից: Այս ամենը, մեղմ ասած, գժանոցի է նմանվում, իսկ եթե ասել ավելի լուրջ` դա հարձակում է մարդու եւ ընտանիքների վրա: Վերջիվերջո, ավանդական ընտանիքի գաղափարը ենթարկվում է անկարելի փոփոխությունների: Օրինակ, երբ մեզ մոտ` Ռուսաստանում, օրենսդրական փոփոխության արդյունքում ընդունվեց, որ ամուսնությունը միություն է կնոջ եւ տղամարդու միջեւ, դա առաջացրեց ինչ-որ արեւմտամետ զանգվածների կատաղի վրդովմունքը, որովհետեւ իրենք ուզում են, որ ամուսնություն համարվի յուրաքանչյուր սեքսուալ հարաբերություն երկու եւ ավելի անձանց միջեւ, ընդ որում, առանց սեռային տարանջատման:
– Փաստորեն, այս առումով ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ո՞ւմ են առկա լրջագույն խնդիրներ:
– «Գենդերի» դեմ հակապայքար իհարկե կա մեզ մոտ, բայց դրան դեռեւս ոչ ոք լրջորեն չի էլ վերաբերվում, քանի որ մեզ մոտ լայն հակապայքար է «յուվենալ արդարադատության» դեմ: Շատ բարդ էր համախմբվելը, բայց երբ տեսանք, որ համառուսաստանյան պայքար է սկսվում, մենք էլ դուրս եկանք եւ սկսեցինք պայքարել: Հուրախություն մեզ` նշեմ, որ հիմա Եվրոպայում էլ է ծնողական շարժումն աճում ու իրենից բավական լուրջ ուժ է ներկայացնում: Երբ ես եվրոպական միջազգային կոնֆերանսներից մեկի ժամանակ ասացի, որ Հայաստանում չեն ընդունել «գենդերային» օրենքը, ներկաները ծափահարությամբ ընդունեցին այդ փաստը: Ըստ էության, նորմալ հանրությունը երբեք դա չի կարող ընդունել, եւ մարդիկ հույս ունեն, որ հակայուվենալ շարժումը միջազգային, ինչու ոչ, համաշխարհային պայքարի կվերածվի:
– Ի՞նչ խնդիր են լուծում արեւմտյան ուժերը` հիմա էլ առաջ տանելով «յուվենալ արդարդատության» գաղափարը:
– Մարդկության կրճատման ամենահեշտ տարբերակը ընտանիքները քայքայելն է: Իսկ յուվենալ արդադատության կիրառման պատճառով մարդիկ կսկսեն խուսափել ընտանիքներ կազմելուց: Եթե ընտանիքն իմանա, որ յուվենալ արդարադատության ներկայացուցիչն ամեն րոպե կարող է գալ եւ վերցնել իրենց երեխաներին, կսկսեն խուսափել ընդհանրապես երեխա ունենալուց: Ասում են, թե յուվենալ արդարադատության միջոցով հնարավոր կլինի վերացնել ընտանեկան բռնությունները: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե այդպիսի օրենք մտնի ուժի մեջ: Այո, կան ընտանիքներ, որտեղ առկա է բռնություն, բայց դա ներազդելու է նորմալ ընտանիքների վրա, որովհետեւ այդ ընտանիքների կյանքի մեջ սկսելու են քիթները մտցնել ինչ-որ անձինք: Չէ որ բռնությունները պետք է հայտնաբերել ու այն էլ` նախնական շրջանում: Այսինքն` եթե ընտանիքում կա կոնֆլիկտ, դա նախադրյալ է բռնության: Այս հարցում առավել սպեկուլյացիա է գնում երեխաների վերաբերյալ: Այն ամենը, ինչ այսօր ծնողներն անում են երեխաներին դաստիարակելու համար, վաղը կարող է որպես բռնություն դիտվել: Օրինակ, եթե թույլ չտաք ձեր երեխային դիսկոտեկ գնալ, քանի որ նա այնտեղից նախորդ անգամ եկել էր ինչ-որ բան ծխած ու դրա վերաբերյալ փորձեք զրույց տանել ձեր իսկ երեխայի հետ, այն կարող է դիտվել որպես հոգեբանական բռնություն: Իսկ երեխայի նկատմամբ տնտեսական բռնություն կլինի այն, եթե նրան փող չեք տալիս իր ամեն մի գլխից դուրս եկածի համար:
– Այնուամենայնիվ, ինչպե՞ս է հաջողվում այս խայտառակ իրականության դեմ կոնկրետ հակապայքար տանել Ռուսաստանում, երբ մեզ մոտ, օրինակ, համասեռամոլներին ընդամենը մամուլի հոդվածներում բացասական քողի ներքո ներկայացնելով` կարող ես հայտնվել դատարանի առջեւ:
– Ռուսաստանում կա ընդունված օրենք, ըստ որի, գեյ պրոպագանդան չափահաս չդարձած երեխաների մոտ արգելված է, եւ առաջնորդվելով սրանով` մեզ մոտ յուրաքանչյուր համասեռամոլության քարոզչություն արգելվում է: Արդյունքում նրանք դատի են տալիս ու մերժվում: Եվ ի տարբերություն Հայաստանի` մեզ մոտ չկան օրենքներ, որոնք թույլ տան իրենց գործունեությունը: Ուղղակի, ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է Հայաստանը, լինելով հինավուրց քրիստոնեական երկիր, որի հավատքն ասում է, որ համասեռամոլությունը մահացու մեղք է, եւ դա գրված է Աստվածաշնչում, հանդուրժել դա: Ինչպես կարելի է սոդոմյան մեղքը ընդունվել օրենսդրորեն, նույնիսկ թույլատրելի եւ գովելի համարել եւ դատի տալ նրան, ով այդ ամենին դեմ է: Սա նմանվում է հոգեբուժարանի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
