ԲԱՔՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԸ ԿՓՈՐՁԻ ՌՈՒՍՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԱՀԵԼ ԴԻՐՔԵՐԸ
Արխիվ 12-16ԲԱՔՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԸ ԿՓՈՐՁԻ ՌՈՒՍՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԱՀԵԼ ԴԻՐՔԵՐԸ
Թուրքիան հերթական՝ Բրազիլիայում իր դեսպանին է «կոնսուլտացիաների համար» ետ կանչել: Պատճառն էլ հայտնի է. Բրազիլիան օրերս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Միայն թե այս դեպքում Անկարայի ստանդարտ պրակտիկան խախտվեց. եթե նախկինում Ցեղասպանությունը ճանաչելուց առավելագույնը մեկ օր անց Անկարան դեսպանին ետ էր կանչում, այս անգամ արձագանքը մի տասն օրով ձգձգվեց: Դե պատկերացրեք՝ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված` ինչքան խառն էր Էրդողանի գլուխը:
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴԸ
Այն, որ նախընտրական փուլում Էրդողանն իրոք գերլարված, անգամ իր իսկ մի շարք կողմնակիցների հրապարակային խոստովանությունների համաձայն՝ հոգեկան եւ հոգեբանական ծանր վիճակում էր, ժամանակին էլի էր խոսվել: Իսկ թե ինչու էր այդքան լարվել Թուրքիայի ղեկավարը, կարելի է կռահել՝ ընտրությունների արդյունքներից ելնելով: Որ 41 տոկոս ձայներով ընտրություններում առաջին տեղը վերցնելու պարագայում անգամ պարտված համարվող Էրդողանին իրական հաղթողը մոտ 13 տոկոս ձայներով վերջին տեղը զբաղեցրած քրդական կամ քրդամետ համարվող «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն» էր, դժվար չէ համոզվել: Այն առումով, որ երկրորդ եւ երրորդ հորիզոնականների քեմալականներն ու ազգայնամոլական «Գորշ գայլերը» փոքր տատանմամբ իրենց ավանդական ձայներն ստացան: Այսինքն՝ քրդամետներն իրենց 13 տոկոսը «պոկեցին» Էրդողանից՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից: Նկատենք նաեւ՝ եթե «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» իրոք իր ուղնուծուծով իսլամական կարգ ու կանոնով ապրող քրդերինը լիներ, ապա հազիվ թե իր կազմում քվոտաներ սահմաներ կանանց, սեռական ամենատարբեր փոքրամասնությունների եւ նման կարգավիճակի այլ անձանց համար ¥հայերին չխառնենք, հաշվի առնելով, որ թեեւ այս կուսակցությունից կա ընտրված մեկ հայազգի պատգամավոր, ապա մեկական հայեր ընտրվել են նաեւ իշխող եւ Քեմալական կուսակցությունից¤: Մի խոսքով, որ քրդական կուսակցության քիկունքից Վաշինգտոնի ականջները պարզորոշ ցցված են, այսինքն, որ հենց Վաշինգտոնի դեմ է, որ Էրդողանը պայքարում էր, ապացուցում է հաեւ հետեւյալ փաստը: Նախորդ նախագահական ընտրությունների շեմին Թուրքիայում էլի «գունավոր հեղափոխություն» էր ծավալվել:որից «քաղաքացիական զանգվածների» հետ միասին քրդերը ծայրահեղ ակտիվ էին: Սակայն այդ գործընթացն այն ժամանակ միանգամից կանգ առավ, Էրդողանն էլ՝ առանց դժվարության ընտրվեց նախագահ, եւ դեռ այն օրերին էր ակնհայտ, որ դա տեղի ունեցավ Վաշինգտոնի հետ լեզու գտնելու արդյունքում: Թե կոնկրետ ինչ էին պայմանավորվել, ենթադրելի է: Սակայն այն, որ ռուսական «Թուրքական հոսք» գազատարի ծրագրին հավանություն տալուց հետո Էրդողանի հարաբերությունները Վաշինգտոնի հետ նորից կտրուկ վատացան, արդեն իսկ հուշում էր, որ երբեմնի պայմանավորվածությունները փլվեցին եւ հին ու նոր հակասությունները տեղափոխվեցին խորհրդարանական ընտրությունների փուլ: Եվ այս առումով արդեն ընտրությունների արդյունքներն իրենց տրամաբանությունն են ստանում:
Բայց այս մեդալն ունի նաեւ հակառակ երեսը: Թեեւ պարտված, սակայն Էրդողանը, այնուամենայնիվ, 41 տոկոս ձայն է հավաքել: Միեւնույն ժամանակ՝ Վաշինգտոնին հազիվ հաջողվեց Էրդողանի դեմ մոբիլիզացնել ընտրազանգվածի 13 տոկոսը՝ բավականին համեստ մասը: Ընդ որում, ինչքան էլ ցուցակում տրանսսեքսուալներ եւ սեռական փոքրամասնություններ էին հավաքել, այդ ձայները հիմնականում ստացվել են քրդերի հաշվին: Վաշինգտոնը, իհարկե, խաղարկում է Մեծ Քուրդիստանի գաղափարը: Սակայն Մերձավոր Արեւելքի իրավիճակն այն աստիճան անկանխատեսելի է դարձել, որ դժվար է ասել, թե Վաշինգտոնին կհաջողվի՞ քրդերին առհասարակ, եւ թուրքական քրդերին՝ մասնավորապես վերահսկողության տակ պահել: Իսկ այդ դեպքում, ինչքան էլ, որ Էրդողանի դիրքերը թուլացել են, սակայն նրան արագորեն քաղաքական օրակարգից վերջնականապես դուրս չբերելու դեպքում կարող է շատ արագ վերականգնել կորցրած դիրքերը:
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՄԵԾ ԽԱՂԻ» ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Մի խոսքով՝ Վաշինգտոնը, թերեւս, «երկաթը տաք-տաք ծեծելու» սկզբունքով միանգամից Էրդողանի նկատմամբ ճնշումը կփորձի հասցնել առավելագույնին: Եվ գրոհն էլ սկսեց անձամբ Բարաք Օբաման՝ G7 գագաթաժողովի շրջանակներում Էրդողանին, ըստ էության, մեղադրելով այսպես ասած՝ միջազգային ահաբեկչությանն աջակցելու մեջ: Թե Թուրքիայից հազարավոր գրոհայիններ են մտնում Սիրիա ու այնտեղից էլ՝ Իրաք: «Թուրքական մարմիններն այդ խնդիրը գիտեն, սակայն այդ հարցի շուրջ անհրաժեշտ միջոցառումները բավարար չափով չեն իրականացվում»: Այն, որ սիրիական պատերազմի առաջին օրերից էլ սկսած հենց Վաշինգտոնի սնած-պահած գրոհային ահաբեկիչներն էին թուրքական սահմանով անցնում Սիրիա, «կարեւոր չէ». Օբաման դեռ անպատժելի է, մինչդեռ Էրդողանի գլխին կարելի է կախել միջազգային ահաբեկչության հիմնական հովանավորներից մեկը համարվելու վտանգը ¥անհրաժեշտ կոմպրոմատների պակաս Վաշինգտոնը հաստատ չունի¤, որին ընթացք տալու դեպքում Թուրքիայի նախագահը հաստատ պետք է աչքի առաջ ունենա Սիրիայի իր գործընկերոջ վիճակը: Այն տարբերությամբ, որ Մոսկվայի ու Իրանի աջակցությամբ Ասադը մի քանի տարի շարունակ կարողանում է դիմադրել, իսկ Էրդողանը նման աջակցություն չունի:
Բայց ամեն ինչ պետք է շատ արագ անել, քանի որ այս ճնշման ձգձգումը նաեւ Վաշինգտոնի համար է մեծ վտանգ պարունակում: Դեռ ընտրությունների «յոթը չտված»՝ Էրդողանն այս շաբաթվա ընթացքում պատրաստվում է Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցելու անվան տակ մեկնել Բաքու եւ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Իսկ դա արդեն Վաշինգտոնի համար ահազանգ է, որ Անկարան թուրքական այս մեծ խաղի մասնակիցը կարող է փորձել դարձնել Մոսկվային: Ընդ որում, Ռուսաստանը խաղի մեջ մտնելու մոտիվացիաներ, միանշանակ, ունի. միայն «Թուրքական հոսք» գազատարը ու դրա տակ դրված մեծ քաղաքական խաղի ճակատագիրը բավական է: Ու եթե Ռուսաստանը մտնի թուրքական խաղի մեջ եւ ամրապնդի Էրդողանի դիրքերը, դա Վաշինգտոնի համար Մերձավոր Արեւելքի խաղատախտակին շատ ծանր իրավիճակ է ստեղծում՝ նաեւ հետեւյալ նոր գործոնները հաշվի առնելով: Նախ՝ Իրաքի բավականին ծանր հայտարարությունը, թե. «Իրաքը հիասթափվել է Միացյալ Նահանգներից եւ օգնության համար կդիմի Իրանին, Ռուսաստանին եւ Չինաստանին»: Երկրորդը. Իրանն արդեն լրջորեն մտել է այդ խաղի մեջ. համենայնդեպս կան տվյալներ, որ Իրանից ավելի քանի 15 հազար «կամավորականներ» արդեն Սիրիայում են, իսկ Իրաքում աշխարհազորայինների թիվն արդեն 100 հազարից անցել է: Արդյունքում՝ ռուս-իրանական ռազմական աջակցությունը կարող է արմատապես փոխել պատերազմական պատկերը: Իսկ այդ դեպքում՝ օրակարգ է գալիս ԱՄՆ-ին, մեղմ ասած, չսիրող Իրան-Իրաք-Սիրիա ռազմաքաղաքական առանցքի ձեւավորման հարցը, որը Մերձավոր Արեւելքում դոմինանտ քաղաքական ուժի վերածվելու հայտ կներկայացնի: Դա խառնում է նաեւ տարածաշրջանային լիդեր դառնալու Էրդողանի հաշվարկները: Բայց այդ հաշվարկներն արդեն իսկ խառնված են, մինչդեռ Իրաքում եւ Սիրիայում կայունացումը գոնե փակում է Մեծ Քուրդիստանի ստեղծման ծրագրերի ճանապարհը՝ Թուրքիային ետ քաշելով այդքան վտանգավոր դարձած մասնատման հեռանկարից: Եվ որպես կոմպենսացիա՝ կմնա նաեւ դեպի Եվրոպա ռուսական գազամատակարարի կարգավիճակը:
Այս հեռանկարներն էլ ավելի են նյութականանում, եթե Էրդողանը կարողանա Բաքվում լեզու գտնել Մոսկվայի հետ: Պատահակա՞ն էր, որ սրանից հետո նախ՝ եվրոպական լիդերները սկսեցին հրապարական հրաժարվել Բաքու մեկնելուց, թեեւ առանց նրանց արտոնման հազիվ թե այդ խաղերն առաջին անգամ Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվեին: Ապա՝ Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ միանգամից քննադատության հեղեղ թափեցին Բաքվի գլխին, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող այդ երկրում դեմոկրատական Եվրոպայի առաջին Օլիմպիադան է լինելու: Մի խոսքով՝ մարզական այս միջոցառումն ու Ալիեւի ծախսած միլիարդներն աչքի առաջ քոռուփուչ են լինում: Բայց մեկ է՝ այս ցուցադրական քայլով Էրդողանը Օբամային լուրջ է երկընտրանքի առաջ կանգնեցնում. հնարավո՞ր է արագ ավարտել թուրքական «հեղափոխությունը», եթե ոչ, ինչպե՞ս շարունակել, երբ համապատասխան «հեղափոխական» ուժերի ակնհայտ պակաս կա: Թե՞ պետք է փորձել սպառնալիքների ներքո Էրդողանի հետ լեզու գտնել, հաշվի առնելով, որ նման մի շարք ձախողված փորձեր արդեն եղել են, եւ ամենագլխավորը՝ Անկարան ոչ մի կերպ չի ուզում հրաժարվել իր համար այնքան խոստումնալից ռուսական էներգետիկ ծրագրերից...
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, հասկանալի է, կախված նրանից, թե այս իրավիճակը տարածաշրջանային մակարդակով որ սխեմայով կզարգանա, համապատասխան ազդեցությունը մեր երկրի վրա էլ կզգացվի: Ինչ վերաբերում է նրան, թե ով վերին իշխանությունը կվերցնի Թուրքիայում, ապա հազիվ թե մեզ համար դրանից որեւէ բան փոխվի: Իհարկե՝ անվերապահ ամերիկամետ թուրքական իշխանության պարագայում Վաշինգտոնի քավորությամբ հայ-թուրքական տխրահռչակ հաշտեցման ծրագրերը կարող են վերադառնալ օրակարգ: Բայց դա, թերեւս, ամենափոքր հավանականություն ունեցող տարբերակն է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk