ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ. «ԻՐԱՐ ՀԵՏ ՄԻ ԿՌՎԵՔ ԳՈՆԵ ՄԵՐ ՀԵՏ ԿՌՎԵՔ»
Արխիվ 12-16ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ. «ԻՐԱՐ ՀԵՏ ՄԻ ԿՌՎԵՔ ԳՈՆԵ ՄԵՐ ՀԵՏ ԿՌՎԵՔ»
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը այսօր ԱԺ էր եկել հավանաբար առյուծի կաթ խմած, խորհրդարանում նեղսրտեց, թե երկար ժամանակ չի կարողանում հարց ուղղել կառավարությանը մեծամասնության ներկայացուցիչների գրավոր հարցերի պատճառով: «Թող գնան խրճիթ-ընթերցասրահ բացեն, իրենց հարցերը տան»,- հուզառատ հայտարարեց պատգամավորը:
Հարցադրումը դուր չեկավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, քանի որ գրավոր հարցերով հաճախ հանդես է գալի ՕԵԿ-ը: Բիշարյանի խոսքով` 131 պատգամավոր ստացել է ժողովրդի վստահությունը եւ նրանց հետ չի կարելի նման տոնով խոսել: «Խորհուրդ կտամ աշխատող պատգամավորների հասցեին որեւէ պիտակավորված արտահայտություն չհնչեցնել: Եթե նման ոճով պետք է խոսեն, դրա համար դահլիճից դուրս տեղ կա: Թույլ տվեք դահլիճում աշխատի հարց ու պատասխանի, վարման կարգի ձեւաչափը»,- ասաց Բիշարյանը:
Այս ելույթներից հետո քվեարկության դրվեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը, սակայն, առաջին քվեարկությամբ ստացավ 50 կողմ ձայն: Սակայն նիստերի դահլիճում կրքերը չէին հանդարտվում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախագիծը նորից դրեց քվեարկության, ապա հորդորեց պատգամավորներին դադարեցնել աղմուկը: Քվեարկությունից հետո Հեղինե Բիշարյանն ու Ալեքսանդր Արզումանյանը շարունակում էին վիճել միմյանց հետ: «Դադարեցրե՛ք պատերազմը: Սովորաբար ընդդիմությունը մեզ հետ է կռվում, իսկ հիմա ընդդիմությունն ընդդիմության հետ է կռվում: Իրար հետ մի՛ կռվեք, մեզ հետ կռվեք»,- կոչ արեց ԱԺ նախագահը:
Հ.Գ. Ի դեպ, արդեն որերորդ դեպքն է, երբ Ալեքսանդր Արզումանյանն ու Հեղինե Բիշարյանը բանավիճում են միմյանց հետ: Կարծես սովորական բան է դարձել մեր խորհրդարանում ընդդիմադիրների միջեւ տարաձայնությունները:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
