«ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԹԱՓԹՓՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԱՎԱՆԴՈՒՅԹԻ
Արխիվ 12-16«ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԹԱՓԹՓՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԱՎԱՆԴՈՒՅԹԻ
Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ամերիկյան «Վրիժառուի օրագիրը» ֆիլմի առաջին մասի փակ դիտումը, ինչի առթիվ Կարմիր գորգում էին հայտնվել գլամուրային, հոլիվուդյան դերասանների հիշեցնող արտասահմանյան ու տեղական դեմքեր: Սակայն դրան չէ, որ ուզում ենք անդրադառնալ, այլ կինոթատրոնի հերթական թափթփվածությանը: Երբ կինոսերները համակ ուշադրությամբ սպասում էին ֆիլմի սկսվելուն, կինոթատրոնն իր տեխնիկական խոտանով փորձեց «հարամել» այն:
Արդյունքում ֆիլմն սկսվեց առանց ձայնի ու շարունակվեց այդպես բավական երկար: Ֆիլմի պրոդյուսեր ՄԱՅՔ ՀԷԹԹՈՆԸ, ով թերեւս կանխազգացել էր, որ նման մի բան է լինելու
պրեմիերայի ժամանակ եւ եկել էր անգլիական դրոշի պատկերներով գիշերանոցի նմանվող կոստյումով, ստիպված եղավ շոու սարքել` ստեղծված խայտառակ իրավիճակից դուրս գալու համար: Վերջինս մի քանի անգամ հոլիվուդյան ոճով Voice («ձայն») բղավելուց հետո հասկացավ, որ իրեն ոչ ոք չի հասկանում ու անցավ հայերենի. «Ձայն ո՛չ, ձայն ո՛չ»: Դա էլ չօգնեց, ապա կատարելագործեց հայերենը. «Ձայն չկա՜, ձայն չկա՜»:
Այո, թերեւս կարելի է մխիթարվել նրանով, որ ամերիկյան դերասանը «Մոսկվա» կինոթատրոնի տեխնիկական պատճառների արդյունքում շուտով նաեւ հայերեն մաքուր նախադասություններ արտասանել կսովորեր, սակայն իրավիճակն էլ ավելի բարդացավ: Այս անգամ կորավ ոչ միայն ֆիլմի ձայնը, այլեւ պատկերը: Հիմա էլ հանդիսատեսը ստիպված էր մի քանի րոպե կիսամութ կինոսրահում նստել ու հիշել 90-ականների մութ ու ցուրտ տարիները: Այսքանից հետո էլ ոչինչ չի մնում
կարծել, քան այն, որ կինոթատրոնը որոշել է էլեկտրաէներգիայի թանկացման ֆոնին հայհանդիսատեսին վարժեցնել մթին: Ասվածի վառ ապացույցն էլ այն է, որ միայն «Վրիժառուի օրագիրը» ֆիլմի պրեմիերան չէր, որ զավեշտի վերածվեց, այլեւ վերջերս կայացած «Լսո՞ւմ ես ինձ, ճակատագի՛ր» ֆիլմի պրեմիերան, որի ժամանակ էլ ֆիլմի կեսից հանդիսատեսը ստիպված եղավ մի քանի րոպե մնալ մթության ու անորոշության մեջ: Եվ հատկանշական է այն, որ որեւէ անգամ «Մոսկվա» կինոթատրոնը հարկ չհամարեց ներողություն խնդրել կամ գոնե պարզաբանում տալ տեղի ունեցածի մասին:
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿՀՈՍԵՆ ԱՐՅՈՒՆՈՏ ԳԵՏԵ՞Ր
Ինչեւէ, անդրադառնանք նաեւ «Վրիժառուի օրագիրը» ֆիլմին, որտեղ ամեն խաղ խաղացել էինք, հիմա էլ հայերս ներկայացված ենք որպես «մաֆիոզներ»: Սակայն ողբերգականը ոչ թե սա է, այլ այն, որ ֆիլմի երկրորդ մասը նկարահանվում է Հայաստանում: Դատելով
ֆիլմի առաջին մասի տեսարաններից` կարելի է ասել, որ շուտով արյունոտ գետեր կհոսեն նաեւ Երեւանի կենտրոնում` Օպերայի տարածքում: Ավելին` ֆիլմի նկարահանող խումբը նախատեսել է նաեւ նկարահանումներ իրականացնել Սաղմոսավանքում: Այ հենց այստեղ է, որ մտահոգություններն ավելանում են: Եթե հաշվի առնենք ֆիլմի 18+ ձեւաչափն ու առաջին մասի ամերիկյան դաժան տեսարանները, մեղմ ասած, սարսափելի է պատկերացնել, թե ինչ նկարահանումներ են սպասվում Սաղմոսավանքում, ուստի` հուսով ենք, որ ֆիլմի նկարահանող խմբում ու դերասանական կազմում ընդգրկված հայերը գոնե այդքանը գիտակցում են ու չեն պատրաստվում պղծել մեր հոգեւոր արժեքները, ինչ է, թե ամերիկյան մի քանի դոլարներ են վաստակելու:
Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
