«ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻ» ՊԱՐՈՆՅԱՆԻ ԲԵՄՈՒՄ
Արխիվ 12-16«ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻ» ՊԱՐՈՆՅԱՆԻ ԲԵՄՈՒՄ
Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում կայացավ Կ. Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» ներկայացման առաջնախաղը` ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ ռեժիսուրայով: «Իրավունքի» հետ զրույցում պարոն Ղազանչյանն ասաց, որ գործին երրորդ անգամ է անդրադառնում:
«Սիրային քառանկյունի» ներկայացումը առաջին անգամ բեմադրվել է Հայաստանում, ապա Բուլղարիայում, Թբիլիսիիում: Ներկայացման հիմքում կին-տղամարդ հարաբերություններ են, սակայն ոչ պարզունակ. «Սա առաջին դեպքը չէ, որ նույն ներկայացումը բեմադրում եմ ե՛ւ այստեղ, ե՛ւ դրսում, սակայն կրկին բեմադրելով` աշխատել եմ զարգացնել եւ շարունակել այն, որ նախորդի պատճենը չլինի: Մյուս կողմից էլ, ուզես-չուզես` նույնը չի էլ կարող լինել` նոր դերասաններ, նոր հոգեբանություն ու միջավայր»,- նշեց բեմադրիչը:
Ներկայացման մեջ զբաղված էին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի արտիստները` ՀՀ վաստկավոր արտիստներ Բորիս Պեպանյանը, Մարիամ Ղազարյանը, դերասաններ` Անի Քոչարյանը, Հասմիկ Վերդյանը:
Ներկայացման պարերը բեմադրել էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը:
«Իրավունքի» հետ զրույցում պիեսի հեղինակ ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ, որը ներկա էր առաջնախաղին, ասաց. «Ամեն ինչ ժամանակի հետ է կապված…Պիեսը կարծես նույնն է մնում` մենք ենք հասունանում, փորձն է ավելանում: Այս անգամ Հակոբը նոր շերտեր էր գտել, որոնք չկային առաջինում եւ հակառակը: Թվաբանական պրոգրեսիայի պես աճում է այդ խորությունը, ասելիքը, դերասանների հոգեբանական խաղը: Իհարկե, մտովի աչքերիդ առաջ գալիս են ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ ներկայացումները, դերասան-դերասանուհիների խաղը»:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
