«ԱՇԽԱՐՀՈՒՄ ՎԱՂՈՒՑ ԿԻՆՈՆ ՄԱՀԱՑԵԼ Է»
Արխիվ 12-16«ԱՇԽԱՐՀՈՒՄ ՎԱՂՈՒՑ ԿԻՆՈՆ ՄԱՀԱՑԵԼ Է»

Կինոյի մասին օրենքը` ըստ կինոգործիչների, շատ հարցերում կօգնի եւ կխթանի հայկական կինոյի զարգացմանը: Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԸ նույնպես համոզված է դրանում, ավելին` կարծում է, որ օրենքը լավ բան է, եթե այն պահպանվի ու կիրառվի:
«ՕՐԵՆՔԸ ԼԱՎ ԲԱՆ Է,
ԵԹԵ ԱՅՆ ԿԻՐԱՌՎԻ»
-Ինձ թվում է` կինոարտադրության համար վատ չի լինի կինոյի մասին օրենքը, եթե կինոյում ներդրում անողներին ազատեն որոշ տուրքերից: Կինոցուցադրության հարցով օրենքը նույնպես կարող է օգնել, իհարկե` չեմ ձգտում ցենզուրայի, բայց կուզենայի, որ պետությունը հետեւողական լինի, թե ինչ են ցուցադրում ու ինչ են վաճառում: Օրինակ` կինռեժիսոր Տիգրան Խզմալյանն արեց «Սարդարապատ» ֆիլմը` պետական գումարներով, բայց տեսանք, որ լրիվ սխալ ֆիլմ է նկարել, ու հետո նա ասաց, որ դա իր հաշվին է նկարել: Եթե նման բան լիներ լուրջ երկրում, ուղղակի կարգելվեր այդ ֆիլմն ու վերջ, որովհետեւ դա պատմության խեղաթյուրում է, լրիվ սխալ ֆիլմ: Բայց այսօր ֆիլմը վաճառվում է օդանավակայանում, այսինքն` հսկողություն չկա: Ամենաճիշտն օրենքն է, ես կողմ եմ այդ օրենքին: Ընդհանրապես օրենքը լավ բան է, եթե այն պահպանվի ու կիրառվի:
«ԿԻՆՈՆ ՊԻՏԻ
ՄՏԱԾԵԼՈՒ ՏԵՂԻՔ ՏԱ»
-Իսկ կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում վերջին շրջանում աշխուժացել է ֆիլմարտադրությունը:
- Իհարկե աշխուժացել է, հատկապես երիտասարդների կողմից, արդեն բավականին հետաքրքիր ֆիլմեր կան նկարահանված` խաղարկային, վավերագրական: Բայց, ընդհանրապես, ունեմ իմ կարծիքը կինոյի մասին: Ինձ թվում է` ընդհանրապես աշխարհում վաղուց կինոն մահացել է: Ֆիլմն ու կինոն տարբեր բաներ են, այն, ինչ հիմա մեզ մոտ արվում է` ֆիլմեր են, բայց այդ ֆիլմերը բոլորն էլ ոչ թե մտքի, այլ զգացողությունների վրա է հիմնված` հումորային, բարի ֆիլմեր են: Այդ ամենը լավ է, բայց դա ծամոն է, մոմպաս, սակայն հաց ու պանիր չէ: Ոչ թե ես հին մարդ եմ ու կառչում եմ հին բաներից, այլ կինոն պիտի զգացմունք առաջացնի, հուզի, մտածելու տեղիք տա: Հիմա ես մի սցենար եմ գրել` լիամետրաժ խաղարկային ֆիլմ է լինելու` ժամանակակից մեր կյանքի, դժվարությունների մասին: Այնտեղ կա հերոս, որն այդ ամենը պետք է հաղթահարի: Ընդհանրապես արվեստագետները, կինոն, գրականությունը պետք է հույս ներշնչեն մարդուն, եթե դեպրեսիոն գործեր անենք, անհույս, որտեղ վերջում հերոսը գնում է, պարանը գցում ու կախվում, կամ երակները կտրում, հույս չենք ներշնչի մարդկանց: Հիմա առանց այդ էլ դժվար կյանք ենք ապրում: Ի վերջո, պետք է ապրենք, որ մեր սերունդները փոխարինեն մեզ, պայքարեն: Իմ սցենարում այդ ամենը կա, ուղղակի հերոս չեմ գտնում, դերասան` մոտ 37-38 տարեկան, որը պետք է քաղաքացու տեսք ունենա:
- Այսինքն` մեր դերասանների մեջ չկա՞ քաղաքացու արտաքինով դերասան:
- Կան, ուղղակի իրենք շատ սպիցիֆիկ են, իսկ ինձ պետք է նեյտրալ դեմք, որը հերոս լինի: Դժվար է, բայց` կգտնենք:
«ՉԵՄ ՏԵՍԵԼ, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ
ԿԻՆՈՆ ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇԱՀԻ»
-Պարոն Գեւորգյանց, կարծես տեղից վեր կացողը ֆիլմեր է նկարահանում ու հպարտորեն դրսում փառատոների ներկայացնում, շահում գրան պրիներ եւ ոչ ոք չի հետաքրքրվում, թե դրանք ինչ ֆիլմեր էին, որ ներկայացվում են Հայաստանի անվան տակ` գուցե հակահայկական ֆիլմեր են:
- Անկեղծ` չեմ տեսել, որ հայկական կինոն մեծ մրցանակներ շահի: Հայկական փառատոների բուկլետներում որոշ ֆիլմերի անվան դիմաց գրվում է բազմաթիվ միջազգային մրցանակակիր: Ծիծաղելի է, նման բան չկա, ով ինչ ուզում` գրում է: Մի ժամանակ ուզում էի լրատվական գրքեր տպագրել, թե ով որ թվականին ինչ ֆիլմեր է նկարահանել, եւ որ ֆիլմն ինչ է մրցանակ է ստացել: Հետո հասկացա, որ անհնար է` ասում ես, գրել ես 5 մրցանակ, բեր, ասում են` չկա ու հազար ու մի պատճառ են գտնում` ստում են: Չնայած` 20-30 տարի առաջ մրցանակ ստանալն այնքան հատուկենտ դեպք էր, որ միանգամից քեզ բարձրացնում էր մի 5 աստիճան վերեւ: Այսօր ոչ մի նշանակություն չունի, որովհետեւ մարդիկ, դժբախտաբար, չեն հասկանում, թե ինչ բան է մրցանակը: Ապրիլի 1-ին մի հանդիսություն էր, իմ եղբորն ընտրել էին ժյուրիի անդամ, ասացին` ներկայացեք, նա կատակով ասաց` Նոբելյան մրցանակակիր ու շատ նորմալ ընդունեցին, ծափահարեցին եւ մեկը չասաց` ի՞նչ Նոբելյան մրցանակակիր, որովհետեւ չեն իմանում ինչ բան է դա: Ամեն դեպքում` նախկինում վերահսկողությունը շատ ուժեղ էր, ընդհանրապես շատ դաժան էր ընտրությունը, նույնիսկ` մենք չէինք ընտրում, թե որ ֆիլմը մեկնի միջազգային փառատոնի, միայն Մոսկվան էր որոշում: Այսինքն` Մոսկվան մի քանի շերտ ստուգված ֆիլմերն էր ուղարկում: Դրանք էլ իհարկե արդեն լիակատար ուժեղ ֆիլմեր էին:
«ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՂԱՎԱՐ ԳՆԱՆՔ` ԱՅՆՏԵՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ԿՀՅՈՒՐԱՍԻՐԵՆ»
-Կաննի կինոշուկային Ձեր ստուդիան նույնպես մասնակցեց այս տարի:
-Այո, «Հայք» վավերագրական կինոստուդիան նույնպես մասնակցեց Կաննի շուկայում ու ասեմ, որ մեծ հետաքրքրություն է եղել, ինչն իհարկե կապված էր 100-րդ տարելիցի հետ, եւ մենք այդ թեմայով ֆիլմեր էինք տարել: Այդ մասնակցությունն անհրաժեշտ է, եթե ճիշտ ես աշխատում: Շատերը գալիս են այս կամ այն երկրի տաղավար` օգտվելու, հասնում են մեր տաղավարին, ասում են` հայկական տաղավար գնանք, այնտեղ անպայման հայկական կոնյակ կհյուրասիրեն: Բայց այս տարի շատ գործնական է եղել ամեն ինչ, ոչ մի կոնյակ, եւ բավականին լավ արձագանքներ ենք ստացել:
«ԵՐԵՎՈՒՄ ԷՐ, ՈՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԵԺԻՍՈՐ ՉԷ»
-100-րդ տարելիցից խոսեցինք, այս տարի բավականին վիճելի ու նաեւ լավ ֆիլմեր նկարահանվեցին այդ թեմայով:
- Ինչ վերաբերում է մեր արտադրանքին, ապա հետաքրքիր ֆիլմեր ցուցադրվեցին, հիմա էլ շարունակում ենք, չավարտվեց ամեն ինչ: Այս տարի էլ, մյուս տարի էլ նկարահանելու ենք Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմեր, որովհետեւ կենսագրություններ կան, ականատեսներ... Հիմա գերմանացի հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսի մասին ֆիլմ ենք նկարահանում: Նա դատապարտելով թուրքական իշխանությունների հայաջինջ գործողությունները, իր երկրի կառավարությունից պահանջել է ազդու միջոցներով դադարեցնել հայերի կոտորածները:
- Հայոց ցեղասպանության մասին ցուցադրված ֆիլմերից, որո՞նք կառանձնացնեք:
- Այս տարի լավ ֆիլմեր եղան, չեմ տեսել «Սպի» ֆիլմը, բայց կարդացել եմ կարծիքներ, գիտեմ սցենարի հեղինակին, որը հայ է, իսկ ռեժիսորին չեմ ճանաչում: Շատ հաճախ մենք մի բան ենք սպասում, բայց ստանում ենք ուրիշ բան, որովհետեւ մեր սպասելիքն էլ մի քիչ չափազանց է: Օրինակ` Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմը կտրականապես ինձ դուր չի եկել, բայց, այն, որ օտար մարդիկ արել են այդ թեմայի մասին ֆիլմ, դա արդեն գնահատելի է: Իրենք ֆիլմ են արել ամբողջ պատմությունը մի բաժակի մեջ ներկայացնելով, իսկ մերն օվկիանոս է: Ինձ դուրս չի գալիս Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, որովհետեւ խեղաթյուրում է, ուրիշ տեղ է տանում: Չնայած` Էգոյանը մեծ վարպետ է ու լավ մարդ: Մենք մտերիմ ենք, բայց կան բաներ, որ չի ստացվել իր մոտ: «1915» ֆիլմի մոտեցումը հետաքրքիր էր` հարցի անկյունն էր հետաքրքիր: Բայց երեւում էր, որ պրոֆեսիոնալ ռեժիսոր չէ, չէր հուզում ֆիլմը, այսինքն` զուտ ամերիկյան մտածելակերպ էր: Օրինակ գերմանացիները հոյակապ վավերագրական ֆիլմ արեցին Հայոց ցեղասպանության մասին, ամերիկացիները նույնպես նկարահանեցին չտեսնված վավերագրական ֆիլմ, բայց «Շինդլերի» մակարդակի ֆիլմ չունենք նկարահանած, չնայած` «Շինդլերի» սցենարի հեղինակը հայ է:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
