«ՄԻԱՆՇԱՆԱԿ, ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌԸ «ՌԵԴՈՒԿՏՈՐԻ» ԿՈՏՐՎԵԼՆ Է»
Արխիվ 12-16«ՄԻԱՆՇԱՆԱԿ, ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌԸ «ՌԵԴՈՒԿՏՈՐԻ» ԿՈՏՐՎԵԼՆ Է»

Հունիսի 6-ին Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի պատճառով յոթ երիտասարդների զոհվելու փաստը մեծ ցնցում դարձավ ողջ հանրապետության համար: Ի՞նչը կարող էր նման ողբերգությամբ ավարտված վթարի պատճառը դառնալ: Եվրոպական դատական փորձաքննության ինստիտուտի կովկասյան տարածաշրջանի ղեկավար ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ մեկնաբանելով հարցը` նկատեց.
Դժվար է այս պահին ստույգ ինչ-որ եզրակացություն տալ: Մեր փորձագետները դեռ աշխատում են այդ ուղղությամբ: Բայց նախնական կարելի ասել, որ ամենահավանական վարկածն այն է, որ հրդեհը առաջացել է ավտոմեքենայի դիմացի մասում գտնվող գազի «ռեդուկտորի» վնասման հետեւանքով: Այդ սարքի միջոցով կարգավորվում է գազի ճնշումը, եւ այն ուղարկվում է շարժիչին: Սարքի կոտրվելու դեպքում գազը դուրս գալով` հպվում է կրակ առաջացնող որեւէ բանի, եւ առաջանում է հրդեհ: Նման մակնիշի մեքենաների վրա սովորաբար տեղադրվում են իտալական գազի բալոններ, որը չի կարող պայթել: Միանշանակ հրդեհի պատճառը «ռեդուկտորի» կոտրվելն է: Հավանաբար, բախման պահին մեքենայի դռները ավտոմատ փակվել են, այդ պատճառով երիտասարդները չեն կարողացել կամ չեն հասցրել դուրս գալ եւ փրկվել:
Կա նաեւ մեկ այլ` քիչ հավանական վարկած, որ տվյալ վթարի պարագայում գործ ունենք վարորդի սխալ գործողության հետ: Ինչպես հայտնի է, դեպքի վայրում՝ մեքենայի անիվների մոտ հայտնաբերել են սատկած փորսուղ, ինչն էլ նման ենթադրությունների պատճառ է դարձել: Հայտնի չէ՝ վարորդը փորձե՞լ է շրջանցել մեքենայի դիմաց հայտնված կենդանուն, թե կենդանուն բախվելով՝ մեքենայի ընթացքը թեքվել է, եւ ողբերգական ավարտ եղել: Մեքենան միաժամանակ ե՛ւ գազով լիցքավորվող է եղել, ե՛ւ բենզինով, եւ ենթադրություն կա, որ դա եւս նպաստել է, որ կայծակնային բռնկում լինի: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ ի վերջո կկարողանան պարզել վթարի պատճառը, քանի որ մեզ մոտ համապատասխան մասնագետներ չկան:
Բայց որպեսզի հստակ եւ վերջնական ասվի, թե ինչի հետեւանքով է վթարը առաջացել, պետք է հետազոտվի կոնկրետ տրանսպորտային միջոցը` պարզելու համար, թե արդյոք գազի տեղադրումը եւ մնացած սարքավորումների տեղադրումը եղե՞լ է օրենքով սահմանված կարգով, թե` ոչ: Սակայն, հարցն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը այդ միջազգային ստանդարտներին չի միացել: Այսինքն, եթե մենք անգամ հետազոտություն անենք եւ պարզենք, որ մեքենայի սարքավորումները կամ տեղադրումը միջազգային ստանդարտներին չեն համապատասխանել, ապա միեւնույնն է՝ որեւէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվի:
- Հնարավո՞ր է, որ մեքենան արագ է երթեւեկել, որն էլ վթարի պատճառ դարձել:
- Միանշանակ ոչինչ ասել չեմ կարող: Տարածքում կարծես տեսախցիկներ չկան, բայց քննության արդյունքում հնարավոր է պարզել դա: Այդ մեքենան, ամենայն հավանականությամբ, կունենա հատուկ «չիպ», որը սեւ արկղի պես մի բան է, որի միջոցով կվերծանեն մեքենայի երթեւեկման արագությունը:
Ավտովարորդների պաշտպանության «Աքիլլես» ՀԿ-ի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ էլ վթարի պատճառը դժվարացավ մեկնաբանել` նշելով.
- Վթարի պատճառը պարզելու համար պետք է ուսումնասիրվի տեղանքը: Այս պահին մի բան է ակնհայտ` երիտասարդները վառվել են: Ըստ երեւույթին գազի բալոնը եղել է մետաղապլաստ, որոնք պայթունավտանգ չեն, սակայն ինչ-ինչ պատճառներով գազի խողովակը պատռվել է, գազի դուրս գալու հետեւանքով կայծ է առաջացել, որն էլ հասցրել է պայթյունի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
