«ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՍԽԱԼ». ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՆՈՒՅՆ ՓՈՑԽՆ ԵՆ ՏՐՈՐՈՒՄ
Արխիվ 12-16«ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՍԽԱԼ». ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՆՈՒՅՆ ՓՈՑԽՆ ԵՆ ՏՐՈՐՈՒՄ
Համակարգչից օգտվող ցանկացած ոք լավ կհիշի, թե ինչպես էր մի փոքր խուճապի մատնվում իր անփորձության շրջանում այն պահին, երբ հանկարծ տհաճ ձայնով հայտնվում էր «համակարգային սխալ» պատուհանը: Նույնը, կարծես թե, կարելի է ասել եւ մեր ընդդիմադիրների մասին: Տարիներ եւ անգամ տասնամյակներ շարունակ հանրությունից ստանալով «համակարգային սխալ» ազդանշանը, փոխանակ վերլուծեն, թե սեփական մարտավարությունում եւ ռազմավարությունում ինչն է սխալ, շարունակում են անել այն, ինչին սովոր են:
«ՆՈՐԵՐԸ» ԿՐԿՆՈՒՄ ԵՆ
«ՀՆԵՐԻ» ՍԽԱԼՆԵՐԸ
Կարծես թե, անվիճելի իրողություն է, որ այնպիսի «դասական» արմատական ընդդիմադիր ուժերը, ինչպիսին են ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը», այլեւս քաղաքական լուսանցքում են: Որպես կուսակցություններ` նրանց հեռանկարը գործնականում զրոյական է, եւ երեւի թե դա է պատճառը, որ այդ կուսակցությունների առաջնորդները մի տեսակ դիստանցիա են պահում սեփական կուսակցություններից:
Այսպես, գործնականում չի երեւում, թե ինչ կապ ունեն Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններն ու խոսքերը «Ժառանգության» հետ: Կարծես թե, դառնում է այն պատմությունը, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը գերադասում է լռությունը, իսկ երբ հրապարակավ հանդես է գալիս, ՀԱԿ-ը կանգնում է փաստի առաջ, քանզի ծերուկը կարող է ասել այնպիսի բան, որ հեչ չի բռնում կուսակիցների ասածի հետ:
Ինչո՞ւ են առաջնորդները վարվում այդպես, արդյո՞ք դա նշանակում է, որ շունը տիրոջը չի ճանաչում կամ տերը` շանը, թե՞ այլ ավելի խորքային պատճառ կա: Կարծում ենք, որ ե՛ւ Լեւոնը, ե՛ւ Րաֆֆին այդպես են վարվում միանգամայն գիտակցված, ելնելով ոչ թե թիմային, այլ անձնական քաղաքական շահերից: Այդ շարունակական սահմանազատումը բերում է նրան, որ առաջնորդներն ընկալվում են առանձին, իսկ կուսակցությունները` նույնպես առանձին: Ի՞նչ է դա տալիս առաջնորդներին` շատ հասարակ, գործնական օգտապաշտ մի բան: 2017-ի ընտրություններին ընդառաջ նրանք կարող են հարմար պահին դեն նետել իրենց իսկ կուսակցությունները, որպես բալաստ, ու ազատորեն մասնակցեն քաղաքական դաշտի վերաֆորմատավորման ցանկացած տարբերակի: Ճիշտ է, նոմինալ նույն ՀԱԿ եւ «Ժառանգություն» անունները կարող են եւ պահպանվել, սակայն էական զտումների արդյունքում, ու այդ զտումների ընթացքում հաշվի չեն առնվելու ոչ մարդկային կապերը, ոչ էլ միասին անցած ճանապարհը: Չէ՞ որ քաղաքական կարիերան զոհեր է պահանջում, եւ այդտեղ զուտ մարդկային զգացմունքային պահերի արժեքը եթե չի հավասարվում զրոյի, ապա առնվազն մղված է երկրորդ պլան:Իսկ հիմա ինչ են անում այն ընդդիմադիր ուժերը, որոնք համարվում են նոր կամ համեմատաբար նոր: «Հիմնադիր խորհրդարանը» վառվեց շատ արագ` նույն արմատական դասական ընդդիմադիրների գործելակերպը ճշգրտորեն կրկնելով, սակայն հռետորաբանությունը հասցնելով ծայրահեղականության: Արդյունքն ակնառու է` կատարյալ ձախողում: Այդ տղերքի վրա այլեւս ոչ ոք քաղաքական խաղագումար, առավել եւս` ֆինանսական գումար չի դնի: Միակ հեռանկարը քաղաքական անէությունն է: Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»: Մեկնարկը համեմատաբար զուսպ էր եւ զգուշավոր, սակայն նույն Նիկոլին «քաշեց» հին խասյաթը` ամենուրեք սկանդալ սարքելու եւ կոշտ բառապաշար օգտագործելու: Եթե խորհրդարանից դուրս ծավալած գործունեության համար Նիկոլին կարելի է «4» նշանակել, ապա խորհրդարանի ներսում նա սկսել է թողնել բավականին տարօրինակ տպավորություն: Զորօրինակ, նրա կոպիտ պասաժը` գլխավոր դատախազի տնկած մատի վերաբերյալ, ավելի շատ սազական է ոչ թե խորհրդարանական բանավեճին, այլ քուչի ռազբիրատին: Եվ դա անկախ նրանից` ինչքանով է ճիշտ Նիկոլ Փաշինյանը, եւ ինչքանով է սխալ Գեւորգ Կոստանյանը: Թեկուզեւ դատախազը տեղով մեկ սխալ լինի, կա բառապաշար եւ ոճ, որը պետք է պահպանվի խորհրդարանում, թեեւ բավականին լավ կուտվեր Ազատության հրապարակում: Դե, իսկ ինչ վերաբերում է քոչարյանական ճամբարին, ապա Ռոբերտ Սեդրակիչը գերադասում է ստվերը, եւ ճիշտ էլ անում է: Միգուցե, նա սեփական փորձից դասեր է քաղել, որ ինչքան շատ խոսում է, այնքան ավելի շատ է վարկաբեկվում եւ դառնում խոցելի: Թեեւ ժամանակին հենց Քոչարյանին էին ասում «պաուզայի վարպետ», սակայն իրականում նա այժմ կարիք ունի «մաստեր-կլաս» անցնել ծերուկ Լեւոնի մոտ: Դե, իսկ նրա մտերիմներից Գառնիկ Իսագուլյանի` մինչեւ աշուն անպայման միավորում ապահովելու մասին երազանքն ու հավաստիացումները լսելիս` անմիջապես հիշում ես ժողովրդական խոսքը` քաչալը դարման ունենար, իր գլխին կքսեր:
ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ`
ԹԵԺ ԱՇՆԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
Ժիրայր Սէֆիլյանին կարելի է արդեն դուրս գրված համարել, Նիկոլ Փաշինյանը միգուցե սովորի ավելի զուսպ լինել խորհրդարանում, սակայն նրա շրջապատում գրեթե բացակայում են հանրության կողմից ճանաչված գործիչներ:
Լրիվ առանձին է Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագան: Նրանց հիմնական զենքը կարող է լինել միայն ինտրիգը, կուլիսային աշխատանքը, ստվերային բանակցություններն ու սակարկությունները: Հրապարակային ելույթներն ու քայլերը կառուցվում են` ելնելով հենց ստվերային գործընթացներից եւ սպասարկում այդ գործընթացները: Սակայն ստվերային-ինտրիգային գործելակերպը ունի մի շատ խոցելի տեղ: Այդ ժողովրդին հանգիստ կարելի է մի որոշ ժամանակ երկարականջ կենդանու տեղ դնել եւ չտրամադրել առանցքային տեղեկատվություն, սակայն որեւէ ստվերային գործընթաց անհնարին է ռեալ թաքցնել քաղաքական վերլուծաբաններից, իսկ իշխող կուսակցության` ՀՀԿ-ի հնարավորությունները` տիրապետել այդ ստվերային խաղերի ամեն մի մանրամասնությանը, ու հարկ եղած դեպքում մանրամասները հանրությանը տրամադրելու, ոչ ոք չի վիճարկում: Ու կարող է լինել իրավիճակ, որ նույնիսկ մեկ կամ երկու փոքրիկ, բայց կարեւոր տեղեկատվական արտահոսքերը կարող են մեկ վայրկյանում զրոյացնել հսկայական ստվերային աշխատանքը: Նույնիսկ մի քանի կտրուկ հրապարակային ակնարկը շատ բան կարող է փոխել` հիշենք թեկուզ, թե ինչ տեղի ունեցավ ԲՀԿ-ի ծրագրերի հետ փետրվարին:
Իսկ ինչ վերաբերում է բողոքի հսկայական ներուժ պարունակող հարցին` էլեկտրաէներգիայի սակագնին, ապա այդ հարցը, կարծես թե, լրացուցիչ շանսեր է տալիս թեեւ փոքր, սակայն երբեւէ ծայրահեղականությամբ աչքի չընկնող կուսակցություններին: Եվ ինչու չէ` նույն դաշնակներին եւ ՕԵԿ-ին: Այդ դաշտում կարող է հայտնվել կոնկրետ այդ ուժերի վրա քաղաքական խաղագումար ու, ինչու չէ, ռեալ գումարներ դնողը: Հիշենք թեկուզ, թե ինչ հրաշքներ գործեց անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսը, երբ, այսպես կոչված, «քաղաքացիական նախաձեռնությունը» մեծ հանրահավաք արեց թանկացման դեմ: Թեեւ այդ շարժման դեղնակտուց առաջնորդների անուններն ում էլ հարցնես միտը չեն բերի, սակայն «ամբոխները խելագարված» այդ երիտասարդների հետեւից լավ էլ խելոք-խելոք գնում էին:
Մի բան է ակնհայտ` աշնանը նույնպես կլինեն քաղաքական ինքնասպանություններ, բայց հուսանք, որ իսկական ինքնասպանությունների չեն վերածվի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
