ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ. «ԵՏՄ-Ն ՉՊԵՏՔ Է ՆՈՒՅՆԱՑՆԵԼ ՌԴ-ՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏ»
Արխիվ 12-16ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ. «ԵՏՄ-Ն ՉՊԵՏՔ Է ՆՈՒՅՆԱՑՆԵԼ ՌԴ-ՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏ»
Ամիսներ առաջ Հայաստանը դարձավ ԵՏՄ-ի անդամ, իսկ 2013 թ-ին` Մաքսային միության անդամ: Այդ երկու կառույցներին անդամագրվելուց հետո խոսվում էր ռուսական կազմակերպությունների կողմից Հայաստանում կատարվելիք ներդրումների մասին: Սակայն կարծես թե հույսերն այս առումով չեն արդարանում: «Իրավունքի» հետ զրույցում Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասաց, որ ներդրումային գործընթացը պետք է նայել ընդհանուր տնտեսական զարգացման համատեքստում: «Դուք նայեք` տնտեսական ինչ իրավիճակում է ՌԴ-ը, ռուսական ընկերություններն ինչքան ներդրումներ են անում: Երկու խնդիր կա, որը պետք է տարանջատել` մեկը տնտեսական իրավիճակն է, մյուսը` ԵՏՄ-ի անդամ լինելը: ԵՏՄ-ն չպետք է նույնացնել 2015 թ-ին ՌԴ-ում տիրող տնտեսական իրավիճակի հետ»,- ասաց նախարարը:
Ըստ նախարարի` մեր անդամակցությունը ԵՏՄ-ին համընկավ ՌԴ-ում տիրող վատ վիճակի հետ, Հայաստանը չի կարող ակնկալել էական մեծ ներդրումներ: «Սակայն հետաքրքրություն կա, ներդրումներ կան: Արդյունաբերական տեսանկյունից կարող ենք խոսել «Կանազ» գործարանի ներդրումների մասին: Այլ ընկերություններ եւս ունեն հետաքրքրություններ, որոնք արտահայտում են իրենց ծրագրերով: Բայց դա մեծ ծավալ չի կարող ունենալ, քանի որ բոլոր տեղերում խնդիր կա, օրինակ, Վրաստանում, Ադրբեջանում: Երբ տնտեսական զարգացումներն առողջ լինեն, տնտեսական տարածաշրջանային աճ լինի, մեզ մոտ զգալի կերպով կարտահայտվի աճը»,- եզրափակեց փոխվարչապետը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
