ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ. «ԵԹԵ ՀԻՄՆԱՎՈՐՎԵՆ ԹԱԼԱՆՆ ՈՒ ԼԱՓԵԼԸ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ՈՉ ՈՔ ՉՊԵՏՔ Է
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ. «ԵԹԵ ՀԻՄՆԱՎՈՐՎԵՆ ԹԱԼԱՆՆ ՈՒ ԼԱՓԵԼԸ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ՈՉ ՈՔ ՉՊԵՏՔ Է ՎՃԱՐԻ»
«Իրավունքն» այսօր ՀՀԿ պատգամավոր, պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից պարզեց` ինչո՞ւ պետք է քաղաքացիները էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման անվան ներքո վճարեն որոշ պաշտոնյաների թալանի ու լափելու համար:
Հիշեցնենք` ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ասաց, որ հոսանքի սակագինը հավանաբար կբարձրանա 6-7 դրամով:
ՀՀԿ պատգամավորի խոսքով` եթե հիմնավորվի այդ թալանն ու լափելը, լինեն հստակ ապացույցներ թալանի ու լափելու մասին, ապա դրա համար չպետք է ոչ ոք վճարի: «Եթե կան օբյեկտիվ պատճառներ թանկացման, եկեք քննարկենք, հասկանանք` ինչի մասին է խոսքը: Եթե չկան օբյեկտիվ պատճառներ, բայց պետք է թանկանա, եկեք պայքարենք»,- հիմնավորում է իր խոսքը քաղաքական գործիչը:
Պատգամավորին հիշեցրինք էներգետիկայի ու բնական պաշաների նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությունը ՀԷՑ-ի վատ կառավարման ու կոռուպցիոն ռիսկերի մասին: «Թե Երվանդ Զախարյանն ինչ է նկատի ունեցել, խնդրում եմ դա էլ պարզաբանեք: Ես կողմ եմ, որ թալանն ու լափելը վերանան մեր երկրից»,- ասաց իշխող կուսակցության ներկայացուցիչը:
Արդյոք ՀՀԿ պատգամավորը մտավախություն չունի, որ քաղաքացիական դժգոհությունը հոսանքի սակագնի թանկացման դեմ կօգտագործվի ընդդիմադիր ուժերի կողմից իշխանության դեմ եւ կվերածվի քաղաքական պայքարի: «Ընդդիմությունը միշտ էլ օգտագործել է որոշ խնդիրներ իշխանության դեմ ուղղորդելու համար: Դրա համար ենք ասում` մենք պոպուլիզմով չենք զբաղվում: Եթե Զախարյանը գողության մասին է խոսում, ես ասում եմ` երբ փաստերը կլինեն, կխոսենք, կքննադատենք: Բայց դա ընդամենը մեկ նախարարի հայտարարություն է, որին ես տեղյակ չեմ փաստերի առումով»,-եզրափակեց Հովհաննես Սահակյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
