ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ. « ՁԵՐ ՑՈՒՑԱՄԱՏԸ ՁԵԶ ՊԱՀԵՔ»
Արխիվ 12-16ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ. « ՁԵՐ
ՑՈՒՑԱՄԱՏԸ ՁԵԶ ՊԱՀԵՔ»
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում կոշտ քննադատության ենթարկեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: «Սուրիկ Խաչատրյանը 2013 թ-ին իր տան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների ժամանակ քնած է եղել եւ ինչպես Գեւորգ Կոստանյանն էր հայտարարել, չի եղել Ավետիք Բուդաղյանի հետ տեղի ունեցած վայրում: Այդ ողջ իրադարձությունները տեսաձայնագրվել են Սուրիկ Խաչատրյանի տան տեսախցիկների կողմից: Եվ ուսումնասիրելով այդ տեսաձայնագրությունները` սեպտեմբերի երեսունին Գեւորգ Կոստանյանին հարց ուղղեցի, թե արդյոք նախաքննությունը պարզել է` ժամը 23: 08 րոպեին ո՞վ է ձայն տալիս Ավետիք Բուդաղյանին: Այդ ո՞ւմ ձայնի վրա է ետ շրջվում Բուդաղյանը եւ ստանում մահացու հարված»,- հիշեցրեց ՀՀ գլխավոր դատախազ, երկու տարի առաջ զինվորական դատախազի պաշտոնը ստանձնած Գեւորգ Կոստանյանին:
Այս հարցին, Նիկոլ Փաշինյանի խոսքով, Գեւորգ Կոստանյանը պատասխանել եւ ընդունել է, որ կանչ եղել է, բայց թե ով է կանչել, ով չի կանչել` էական չէ:
Անդրադառնալով Սուրեն Խաչատրյանի հեռախոսը գաղտնալսելու մասին որոշմանը` ՀԱԿ պատգամավորն ասաց, որ խոսքը չի վերաբերում Սուրեն Խաչատրյանին, այլ նրա մերձավորների հեռախոսները գաղտնալսելուն: «Գաղտալսման կոնտեքստում Սուրեն Խաչատրյանն առանցքային օբյեկտ է, որը հիմնավորվում է դատարանի որոշմամբ: Դատարանի կայացրած որոշմամբ չի խոսվում թույլատրվում է գաղտնալսել այսինչ կամ կամ այնինչ մարդուն: Դատարանի որոշման մեջ ասվում է` թույլատրվում է գաղտնալսել Սուրեն Խաչատրյանի վարորդներին, որոնք դարձել են նրա հեռախոս բռնողները»,- մանրամասնում է պրն Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` դե եթե գաղտնալսումը չի կատարվել տեխնիկական պատճառով, քանի՞ կոպեկի արժեք ունի դատարանի որոշումը: «Բայց երբ հերթը հասնում է ընդդիմադիր գործիչներին, տեխնիկական ոչ մի բարդութուն չեք ունենում: Ու էսքանից հետո Գեւորգ Կոստանյանն ասում է, որ եթե Սուրիկ Խաչատրյանը հանցանք գործի կամ ապացույց լինի, նրան դատի կտամ ես: Դե ոնց պետք է ապացուցեք, եթե ապացույցների վրա նստած` ապացույց եք ման գալիս: Բա տեխնիկական, լսողական, քաղաքական բարդություն ունեք, իրավագիտության բարդություն ունեք, ոնց եք ապացուցելու»,- ասաց քաղաքական գործիչը:
«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ Սուրեն Խաչատրյանի որդու` Երեւանի Մաշտոցի պողոտայի մայթերով «Բրաբուս» մակնիշի մեքենայով երթեւեկելուն. «Սյունիքի մարզի դատարանը հինգ ամիս չի կարողանում հայտնաբերել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին, ով Երեւանի մայթերով «Բրաբուս» մակնիշի մեքենայով երթեւեկում է: Միաժամանակ ոստիկանությունը որոշում է բերման ենթարկել Սուրեն Խաչատրյանի որդուն, տուգանային հրապարակ տանելով: Ոստիկանությունն էնքան ոգեւորված է իր դարակազմիկ համարձակությունից, որ լրատվական արտահոսքեր են կազմակերպում, թե տեսեք` ոստիկանությունն ինչ դուխով է»,- շարունակեց իր խոսքը ՔՊԿ-ի անդամը:
Որպես իր զրույցի եզրափակում` Փաշինյանը խորհուրդ տվեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ժեստերով չխոսել. «Տպավորությունն այնպիսին է, որ Ձեզ հաշիվ չեք տալիս, թե որտեղ եք գտնվում: Ազգային ժողոը մի մարմին է, որը նշանակում է գլխավոր դատախազին: Կարգի՛ հրավիրեք Ձեզ: Ձեր ցուցամատը Ձե՛զ պահեք եւ այն օգտագործեք` ըստ նշանակության: Եթե շարունակեք ձեզ էսպես պահել, ամեն անգամ էստեղ գալուց հոգեբանի կարիք եք ունենալու»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
