ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՄՆ-Ն ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ՕԳՆԵԼ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ. ՔԱՂԱՔԱԳԵՏ
Արխիվ 12-16ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՄՆ-Ն ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ
ՕԳՆԵԼ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ. ՔԱՂԱՔԱԳԵՏ
«Սևծովյան և կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտ»-ի կազմակերպած՝ Արաբական երկրներում տեղի ունեցող գործընթացները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա թեմայով կլոր սեղանի ժամանակ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը տեսակետ հայտնեց, թե այն ինչ այսօր տեղի է ունեում Մերձավոր Արևելքում առիթ է, որպեզի աշխարհում առաջինը ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդն իր ձայնը բարձրացնի ի պաշտպանություն այն երկրների ժողովուրդների, որոնք նույն «ձեռագրին» զոհ գնալով այսօր հայտնվել են բացահայտ ագրեսիայի և ցեղասպանության սպառնալիքի տակ, ինչ 100 տարի առաջ հայերը: «Պետք չէ կրկին 100 տարի սպասել, թե երբ կպատժվեն հանցագործները, քանի որ ցեղասպանությունը սպառնալիք է ողջ մարդկությանը: Մենք գիտենք, որ երբ բացահայտ չի բարձրաձայնվում ճշմարտության մասին, գերտերությունները հակված են անտեսելու իրականացվող ցեղասպանությունները և հանցագործությունները: Այդ պատճառով էլ հարկավոր է ավելի հետամուտ լինել և գնահատականներ տալ այնպիսի իրադարձություններին, ինչպիսին օրինակ Եմենի ժողովրդի հետ կատարված իրադարձություններն էին: Մենք հասկանում ենք, որ կան հովանավորներ, որոնք ղեկավարում են նման գործողությունները: Սակայն, դա չի խանգարում, որպեսզի օրակարգից հանվի նրանց պատասխանատվության ենթարկեցնելու հարցը, քանի որ նման կարգի հանցագործությունները կրկնվելու միտում ունեն»,- ասում է քաղաքագետը:
Այսօր Եմենում, Սիրիայում, Իրաքում կատարվող գործողությունների պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ը, քաջ գիտակցելով, թե ինչ է կատարվում այդտեղ: Ս. Շաքարյանցի խոսքով՝ ԱՄՆ-ը անտարբերության է մատնել նույնիսկ սեփական ժողովրդին, ով իշխանություններից պահանջում է օգնել ռմբակոծության տակ հայտնված խաղաղ բնակչությանը: Դեռ ավելին, այն ոչ միայն չի օգնում, այլև՝ շարունակ խոչընդոտում է այլ երկրների մարդասիրական առաքելություններին, որոնք մարտական գործողությունների տարածքներից փորձում են տարհանել անմեղ ժողովրդին: «Արաբական երկրներում արդեն առկա է ցեղասպանությունը, սակայն գերտերությունները և ԱՄՆ-ը չեն էլ շտապում որևէ օգնություն ցուցաբերել խաղաղ բնակիչներին: Ցանկության դեպքում այն եթե ոչ վայրկյանների, ապա օրերի հարց է, որ կողմերին նույնիսկ պարտադելոով նստեցնեն բանակցային սեղանի շուրջ և չմասնակցեն նման անմարդկային գործողությունների»,- ասում է Ս.Շաքարյանցը:
Հստակ է, որ ԱՄՆ-ի վերջնական նպատակը Մերձավոր Արևելքի վերաձևումն է, տարածաշրջանի երկրներին ինքնուրույնությունից զրկումը և այդ միջոցով նրանց սեփական շահերին ենթարկեցնելը: Սակայն, Ս. Շաքարյանցի կարծիքով, քանի որ Հայաստանն այնքան էլ հեռու չէ Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններից, ուստի հայ ժողովուրդը պետք է փորձի աշխարհի ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ճեղքելու համար այն քար անտարբերությունը, որը ժամանակին դրսևորեցին ԱՄՆ-ը և արևմտյան երկրները հայ ժողովրդի հանդեպ, անտեսելով Թուրքիայի կողմից հայերի հանդեպ իրագործած ցեղասպանությունը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
