Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ԴԱՀԿ-Ն ՈՒԹ ՏԱՍՆՅԱԿԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Արխիվ 12-16

ԴԱՀԿ-Ն ՈՒԹ ՏԱՍՆՅԱԿԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

 

Այս օրերին Իսպանիայի սրտում ընթանում է Դատական կատարողների միջազգային միության «Հարկադիր կատարող` կապը օրենքի եւ տնտեսության միջեւ. նոր մոտեցումներ հարկադրանքին» խորագրով 22-րդ կոնգրեսը, որի շրջանակներում նախատեսվում է Դատական կատարողների միջազգային միությանը ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիիրավ անդամակցության վերաբերյալ հուշագրի ստորագրում: Այս կապակցությամբ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Մադրիդում:

 

Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԴԿՄՄ-Ն


Դատական  կատարողների միջազգային միությունը (ԴԿՄՄ) ավելի քան 60 տարի առաջ` 1952 թվականին հիմնադրված միջազգային կազմակերպություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Փարիզում: ԴԿՄՄ-ն իր անդամներին ներկայացնում է միջազգային կազմակերպություններում եւ ապահովում ազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցությունն ու միջազգային պայմանագրերի կատարումը: Այն խթանում է հարկադիր կատարողի անկախ կարգավիճակի առաջընթացին եւ աճին ուղղված նոր գաղափարներ, նախագծեր եւ  նախաձեռնություններ: Միեւնույն ժամանակ, ԴԿՄՄ-ն մասնակցում է դատական կատարողների գործունեության կոորդինացման աշխատանքներին, մասնավորապես` ազգային մասնագիտացված կազմակերպությունների ստեղծմանը եւ զարգացմանը` վերջիններիս Դատական կատարողների միջազգային միությանն անդամակցելուն նախապատրաստելիս: Միությունը մասնակցում է կառավարություններին եւ միջազգային կազմակերպություններին կից փորձագիտական առաքելություններին: Ինչպես նաեւ Դատական կատարողների միջազգային միությունը բոլոր հնարավոր դեպքերում աջակցում է բարձր որակավորմամբ իրավաբաններով համալրված դատական կատարողների ծառայության ստեղծմանը, որը կիրականացնի դատական եւ արտադատական փաստաթղթերի հանձնման ու իրավական որոշումների կատարման համար պատասխանատու գործակալի երկակի գործառույթը: Ներկայումս ԴԿՄՄ-ն ամեն տարի մասնակցում Է շուրջ 100 միջոցառումների Եվրոպայում, Աֆրիկայում, Ամերիկայում եւ Ասիայում:

Ընդգծենք, որ Դատական եւ դատավարական իրավունքի զարգացումը, հարկադիր կատարման վերաբերյալ առանձին օրենսդրության եւ անկախ դատական կատարողի մոդելի վրա հիմնված` ներդաշնակեցված կանոններին համապատասխան, հարկադիր կատարողի մասնագիտության ներդրումը խթանելու նպատակով` ԴԿՄՄ-ն 2008 թվականին ստեղծել է Գիտական խորհուրդ, որը միավորում է աշխարհի տարբեր համալսարանների պրոֆեսորներին: ԴԿՄՄ-ն այս մասնագիտության վերաբերյալ ունի յուրահատուկ` 50 երկրի տվյալներ պարունակող շտեմարան:

 

Ի՞ՆՉ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ԴԱՏԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԼԻԱՐԺԵՔ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ


Նախեւառաջ նշենք, որ շրջափակման մեջ գտնվող երկրի համար դժվար է լիարժեք իրականացնել իր գործունեությունն ու պետական գործառույթները` առանց միջազգային ընկերության: ԴԱՀԿ-ն այն պետական օղակներից մեկն է, որը հետեւողական հետապնդում է մի կարեւոր միտք, գաղափար եւ սկզբունք` որդեգրելով հետեւյալ կարգախոսը` «Մենք հայամետ կազմակերպություն ենք»: Եվ ի հակառակ բոլորին, արեւմտամետ ու ռուսամետ պիտակումներից զերծ մնալով` ԴԱՀԿ-ը միջազգային համագործակցությամբ փորձում է հայթայթել եւ որոշ դեպքերում գտնել այն դրական փորձը, որը հնարավոր է պատրաստի ձեւով կամ լրամշակված տարբերակով կիրառել հայրենի օրենքների շրջանակներում: Ընդհանրապես, միջազգային օժանդակությունը միտված է ապագայի խնդիրները լուծելու համար: «Իրավունքին» հաջողվեց պարզել, որ այս առումով Ծառայությունը վերջին տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել մի շարք երկրներում անցկացված միջազգային գիտագործնական համաժողովներին, սեմինարներին, որոնց ընթացքում հնարավոր է եղել նաեւ սեփական գործունեության մեջ արձանագրած հաջողություններն ու փորձը հասանելի դարձնել այլ երկրների համապատասխան ծառայություններին: Այս մասին բավական է նշել մի քանի տվյալ. միայն 2014 թվականի ընթացքում ծառայության ներկայացուցիչները տարբեր ժամանակահատվածներում մասնակցել են միջազգային միջոցառումների Փարիզում, Բանկոկում, Հերակլիոնում, Վլադիկավկազում, Ստրասբուրգում: 2014 թվականի հոկտեմբերին ծառայության կողմից Ծաղկաձորում անցկացրած արդեն 2-րդ գիտագործնական համաժողովը, 2011 թվականին կազմակերպված ոչ պակաս կարեւոր 1-ին գիտագործնական համաժողովի համեմատությամբ, աչքի ընկավ ինչպես տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացվածության մակարդակի եւ թվի աճով, այնպես էլ քննարկվող թեմաների բազմազանությամբ:


«ՀՀ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂԱՑԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԻՐ ԱՌԱՋԱԴԵՄ ՓՈՐՁՆ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Ի դեպ, այսօր՝ հունիսի 5-ին, Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսի ընթացքում արդեն ստորագրվեց Հայաստանի հարկադիր կատարման ծառայության՝ Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ դառնալու մասին արձանագրային փաստաթուղթ: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը եւ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն արձանագրության ստորագրմանը նախորդող իր խոսքում մասնավորապես նշեց. «Սա թերեւս իրավական արձանագրումն է այն իրողության, որ 2010 թվականից սկսած դիտորդի կարգավիճակով համագործակցելով Դատական կատարողների միջազգային միության հետ, Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը կարողացել է լավագույնս ներկայացնել իր առաջադեմ փորձն ու հմտությունները, լինել ընկալելի եւ հասկանալի՝ իր ուրույն տեղը եւ դերը նվաճել միջազգային համագործակցության ոլորտում։ Վստահեցնում եմ Ձեզ, որ Ծառայությունը զգալի տեղ է հատկացնում միջազգային փորձի ուսումնասիրությանը եւ հետեւողական քայլեր է ձեռնարկում այլ երկրների համապատասխան ծառայությունների հետ սերտ համագործակցություն ապահովելու ուղղությամբ»:


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐՁԱԳԱՆՔԸ


Ըստ էության, Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը` դառնալով դատական կատարողների միջազգային միության լիարժեք անդամ` մտնում է ութ տասնյակից ավելի երկրներից բաղկացած մի մեծ ընտանիք: Ընդ որում` այս միության մեջ ընդգրկված են բոլոր մայրցամաքների ընտրյալ պետությունները: Սակայն այս ամենն ամենեւին էլ հեշտ չի տրվել Հայաստանին: Դեռեւս 2009 թվականից ամեն տարի անցկացվող Դատական կատարողների միջազգային կոնֆերանսին Հայաստանն ուրույն մասնակցություն է ունեցել եւ արդյունքում ներկայացված է եղել միջազգային այնպիսի առաջատար գործերի համակարգերում, որտեղ անգամ Եվրոպային մոտ կանգնած երկրները, ինչպիսին է նույն Եվրոպայի սրտում գտնվող Սերբիան, զարմանքով ասում են` «Երանի մեզ մոտ էլ այսպիսի համակարգ լիներ»: Ասվածի վառ ապացույցն էլ այն է, որ նույն ինքը` Դատական կատարողների միջազգային միության նախագահ ԼԵՈ ՆԵՏԵՆ «Իրավունքի» հետ զրույցում մի առիթով անկեղծացել է. «Ամուսնալուծության գործերում բոլոր երկրների շրջանում միայն Հայաստանի Հանրապետությունն է կարողացել ապահովել, որ դատարանը որոշումը կայացնի ոչ միայն մտածելով կողմերի մասին, այլեւ հաշվի առնելով երեխաների հանգամանքը: Եվ այսօր ՀՀ-ն կարողացել է հասնել զարգացման այն աստիճանի, որ դատական որոշումների շրջանակում հաշվի են առնվում երեխաների առողջությունն ու բարեկեցությունը»: Հավելենք, որ գործընկեր երկրներից այժմ հատկապես ակտիվ եւ կառուցողական հարաբերություններ են ձեւավորված հայաստանյան Ծառայության եւ ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության, Դատական կատարողների ու սնանկության կառավարիչների էստոնական պալատի, Սերբիայի Հանրապետության դատական կատարողների ազգային պալատի միջեւ: Բացի գործնական շփումներից` այս հարաբերությունները համապատասխան փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ եւ համագործակցության ծրագրերի մշակմամբ արդեն իսկ դրված են իրավական հիմքերի վրա: Ի դեպ, Դատական կատարողների միջազգային միության եվրոպական մշտական խորհրդի նիստը 2016 թվականի մայիսին անցկացվելու է Հայաստանում եւ Հայաստանի դատական կատարողների ծառայությունն ու պետությունն արդեն իսկ հայտնել են, որ պատրաստ են ընդունելու գործընկեր կառույցների ներկայացուցիչներին:

Չմոռանանք նշել նաեւ ռազմական դաշնակից ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության հետ դեռեւս 2009 թվականից սկիզբ առած սերտ համագործակցության մասին. հարկադիր կատարման ոլորտում փորձի փոխանակումից բացի, այսօր արդեն ներառվում են հայրենասիրական, իրավական եւ մշակութային միջոցառումներ, մասնավորապես` «Հիշատակի հերթափոխ» ծրագիրը, «Պատանի իրավապաշտպան» համառուսաստանյան մրցույթը, «Բյուրեղապակյա աստղիկներ» մանկական երգի-պարի մրցույթը:


ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՋՈՂՎԵՑ ԱՌԱՋ ԱՆՑՆԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐԻՑ


Օրինակ, Ռուսաստանը առաջին հերթին լինելով մեծ երկիր` ունի ծավալուն խնդիրներ, որոնք անհամեմատելի են թե՛ քանակական, թե՛ որակական առումով: Մինչդեռ այսօր միջազգային ընկերները գտան, որ Հայաստանն արդեն իսկ լիարժեք պատրաստ է անդամ լինելու: Բացի դա, Հայաստանի դատական կատարողների ծառայությունը միջազգային հանդիպումների, կոնֆերանսների եւ այլ գործառույթների ժամանակ պարբերաբար ցույց է տվել իր հնարավորություններն այս ոլորտում: Եվ թեպետ բազմաթիվ քննադատություններին, այսօր հայաստանյան ԴԱՀԿ-ը փորձում է վտանգավոր միջավայրում արդար դաշտ ապահովել: Չէ՞ որ, մի կողմից օրենքն է, մյուս կողմից` մարդու իրավունքները, հետեւաբար պետք է նախ օրենքի ոգին չխախտել, քանի որ այն ապրող, կենդանի մեխանիզմ է եւ հետադարձ կապով միշտ փոփոխվում է` ի տարբերություն իրավունքի գաղափարի: Այնպես որ, այս հարցում մարդու իրավունքն ավելի կայուն է, քան օրենքը: Միեւնույն ժամանակ, չենք կարող չնշել նաեւ թերությունների մասին, որոնք այսօր քայլ առ քայլ ուղղելով, ուրիշների փորձի վրա սխալներից խուսափելով` այս կառույցը փորձում է օրինակ դառնալ ոչ միայն միջազգային միության անդամ գործընկեր երկրների, այլեւ օրինակելի լինել հենց սեփական երկրի պետական այլ օղակների համար:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- Առաջին լուսանկարում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԴԿՄՄ նախագահ Լեո Նետեն ՀՀ նախագահական նստավայրում:

Երկրորդ լուսանկարում` ՀՀ Գլխավոր Հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը եւ ԴԿՄՄ նախագահ Լեո Նետեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ