Զարմացած
Արխիվ 12-16
Թեեւ շոգերը նոր-նոր են սկսվում, սակայն զարմանալիորեն որոշ քաղաքական եւ քաղաքականամերձ դեմքերի ուղեղներն արդեն հալվում են: Երբեմն տպավորություն ենք ստանում, որ նրանց գանգատուփերը լցված են ոչ թե ուղեղային գորշ զ անգվածով, այլ անորակ պաղպաղակով: Ահավասիկ` ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ ոչ ավել, ոչ պակաս, իրեն եւ իր նմաններին համեմատում է Քրիստոսի հետ. «Սփյուռքահայ ընկերս, ազնվագույն եւ ազգանվեր մի մարդ, գրեց ինձ դառնությամբ` «Ի՞նչ ազգ ենք մենք` միայն փողի, հացի, լույսի հարցով ենք հավաքվում, իսկ անկախության կորստի, ազատագրման կոչերին գրեթե անհաղորդ ենք մնում: Երեւի, եթե Քրիստոսը վաղը Երեւան գա իր քարոզով` հազիվ թե մի տասը մարդ կհավաքվի նրան լսելու, հետո էլ ոստիկանները կձերբակալեն…» Ընկերս ճիշտ է, իհարկե, բայց նրա բերված օրինակն իր մեջ պարունակում է իր իսկ հարցի պատասխանն ու խորհուրդը:
Քրիստոսի քարոզը լսելու համար երկու հազար տարի առաջ հենց մի տասը մարդ էլ հավաքվել էր, նրանցից մեկը դավաճան, մյուսը պոռնիկ, երրորդն էլ աքլորի առաջին կանչից առաջ հասցրեց երեք անգամ ուրանալ: Ամբոխներ հավաքելու համար Քրիստոսը ստիպված եղավ հինգ հացով հինգ հազար մարդ կերակրել, ջուրը գինի դարձնել, ցանցերը ձկներով լցնել:Մարդիկ գրեթե չեն փոխվել: Միգուցե իսկապե՞ս ժողովրդին առաջնորդելու համար պետք է սկզբից հացն ու ձուկն ապահովել, կամ հոսանքի ու տրանսպորտի գների իջեցումը: Քաղաքական շարժումներին արժե այդ մասին մտածել եւ չսպասել, երբ ազատության ու ժողովրդավարության հորդորներին արձագանքեն կիսասոված ստրուկները: Ի վերջո, Քրիստոսին խաչեցին բաց եւ ժողովրդավարական քվեարկության արդյունքում…»: Դե, այդտեղ մեկնաբանելու բան էլ չկա, մնում է ընթերցողին ընդամենը տեղյակ պահել, որ այն, ինչ հիմա կարդում է, Խզմալյանն իրոք գրել է, եւ դա տաքացող օդի առաջացրած տեսախաբկանք չէ:
Իսկ աղանդների մոլեգին պաշտպան գրանտակեր ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ աչքին սահմանադրական բարեփոխումների առնչությամբ լրիվ ուրիշ բան է երեւում. «Հայաստանում ձեւավորվում է իրանական կառավարման համակարգի նման մոդել: Իրանի պետության գլուխն է համարվում Հոգեւոր առաջնորդը: Նա ընտրվում է Փորձագետների խորհրդի կողմից: Իրանի նախագահը, ըստ էության, հանդիսանում է երկրի վարչապետը, եւ խորհրդարանական ընտրությունները, որպես կանոն, բավականին ազատ են ընթանում: Հոգեւոր առաջնորդը պահպանում է հեղափոխական արժեքները, որոնց, ուզի, թե չուզի, ենթարկվում են Նախագահը եւ Խորհրդարանը: Իսկ նախագահ-վարչապետին ընտրում են համընդհանուր նախագահական ընտրությունների միջոցով»: Հետաքրքիր է, որտեղ նա հաջողացրեց բարեփոխումների հայեցակարգում տեսնել իրանական մոդել: Այդ ի՞նչ աստիճանի վառ երեւակայություն պետք է ունենալ... Չէ, նա ակնհայտորեն սխալ է ընտրել կյանքի գործը` եթե ֆանտաստիկ վեպեր գրեր, ապա դրանց հրապարակումից հաստատ ավելի շատ գումար կվաստակեր, քան տարբեր զրթուզիբիլի պաշտպանության համար տրվող գրանտները:
Թեթեւակի շոգերը ոչ պակաս դաժան տարել են մեր ՖԵՄԻՆԻՍՏՆԵՐԻՆ: Նրանք ամեն քայլափոխի հիշատակում են, որ աշխարհի առաջին կին դեսպանը եղել է Հայաստանի Առաջին հանրապետության դեսպան Դիանա Աբգարը, ու նաեւ արձանագրում են 1918-19-ին Հայաստանում կնոջ իրավահավասարության փաստը. «1918-ին եվրոպական երկրների մեծ մասում կանայք ընտրական իրավունք չունեին: Իսկ Հայաստանում 1919-ին կայացած ընտրությունների արդյունքում հայոց Առաջին հանրապետության խորհրդարան անցած 80 պատգամավորներից 3-ը կին էին: Դժվար է բացատրել , թե ինչպես պատահեց , որ համարյա մեկ դար անց մեր խորհրդարանում ընդամենը 14 կին կա, այն էլ քվոտայի շնորհիվ: Եվ դա այն դեպքում, երբ աշխարհն արդեն շատ ավելի առաջ է անցել այս հարցում, իսկ եվրոպական երկրների մեծ մասում կանանց թիվը խորհրդարաններում մեկ երրորդին է մոտենում»: Լավ, այ աննամուսներ, եթե կանանց իրավահավասարության հարցն այդքան լավ լուծված էր դեռ Առաջին հանրապետությունում, ապա էլ ի՞նչ եք ընկել «եվրաչափանիշների» հետեւից: Ախր, ձեր հիշատակած Եվրոպայում, ի տարբերություն դաժանագույն պայմաններում գտնվող մեր Առաջին հանրապետության, կանայք ընտրվում են եւ նշանակվում պաշտոնների ոչ թե բնական ճանապարհով, այլ արհեստականորեն գրեթե բոլոր տղամարդկանց կատարյալ փալաս սարքելու միջոցով: Հասկանում ենք, որ դուք էլ եք երազում տղամարդկանց փալասացման մասին, բայց պետք է հավաստիացնեմ` ձեր մուրազը ձեր փորում կմնա, քանզի սա Հայաստան է, այլ ոչ թե ինքնաոչնչացման մոլուցքով տառապող ինչ-որ Եվրոպա:
Սակայն ամենազարմանալի իրողություններից մեկը, որը զարմանալիորեն նմանվում է Օդեսայի անեկդոտներին, դա փողկապակեր ՄԻԽԱՅԵԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ Օդեսայի վարչակազմի ղեկավար նշանակելու փաստն է: Այնպես որ, Օդեսայի բնակիչները, ովքեր ժամանակին հանդուրժել են իրենց ակտիվիստներին ողջ-ողջ այրելու փաստի հետ, պետք է աստիճանաբար սովորեն փողկապ ուտել եւ գամարջոբա ասել: Առավել եւս, որ ինչպես պնդում է քաղաքագետ Միհրան Հակոբյանը, Միշիկոյին ամերիկացիները նախապատրաստում են Ուկրաինայի վարչապետի պաշտոնի համար: Այնպես որ, հարգելի ուկրաինացիներ, դուք էլ աստիճանաբար թարգեք խոզապուխտ ուտելը, շուտով ձեր համար էլ փողկապը լինելու է լավագույն դելիկատեսը:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
