Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ

Արխիվ 12-16

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՐԱԺՆԵՐԸ

 

Ինչպես հայտնի է,քաղաքական առումով ամառային սեզոնը մեզանում համեմատաբար հանդարտ է:Դե, շոգերը չեն տրամադրում բուռն հրապարակային գործունեության, իսկ մեր սիրասուն ընդդիմադիրներն իրենց կենտրոնացնում են գարնանային եւ աշնանային սեզոններին,քանզի վախենում են ե՛ւ ցրտից,ե՛ւ շոգից:Մի առիթով Ռոբերտ Քոչարյանը ասել էր, թեվատ պարողին ինքն է խանգարում,սակայն ներկայիս վիճակում այդ նույն խոսքը կարող է բումերանգով եւ իրեն վերադառնալ:



ԱՉՔԻ ԼՈՒՅՍԻՑ ԱՉՔԻ ԳՐՈՂ

Ժամանակին երկու նախկին նախագահների քարոզչամեքենաները դիֆիրամբներ էին երգում «Հիմնադիր խորհրդարանին», լեւոնականները` առավել զուսպ, քոչարյանականները` առավել խանդավառ: ՀՀ երկրորդ նախագահի քարոզչամեքենայի կողմից հատկապես առաջ էր տարվում այն թեզը, որ «տիտղոսային» ընդդիմության` «եռյակ-քառյակների» ջախջախիչ ձախողումներից հետո ժողովուրդը փնտրում է թարմ դեմք, որը չունենալով արատավորված անցյալ, հրապարակից իրեն կարող է առաջնորդել մինչեւ վերջ: Քարոզիչները հույսեր էին կապում «Հիմնադիր խորհրդարանի» վերնախավի ու հատկապես Ժիրայր Սէֆիլյանի հետ:

Սակայն Սէֆիլյանը նրանց մատուցեց դառն հիասթափություն: Չնայած այն փաստին, որ Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովն արդեն, ըստ էության, համաձայնել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, Սէֆիլյանենց հանրահավաքն ստացվեց այնքան սակավամարդ, որ հանրությունը դա նույնիսկ չնկատեց:Դե, ինչպես 19-րդ դարում գրված էր ԱՄՆ-ի «վայրի Արեւմուտքի» կովբոյական պանդոկների պատերին` «Մի՛ կրակեք դաշնակահարին, նա նվագում է այնպես, ինչպես կարողանում է»: Բայց նույն «Հիմնադիր խորհրդարանի» վրա հուսավառված քոչարյանական քարոզիչները որոշեցին «կրակել», հիմա «Հիմնադիր խորհրդարանին» եւ Ժիրայր Սէֆիլյանին անպատվում են ավելի ուժգին, քան դա կանեին սեփական ոխերիմ թշնամիների պարագայում: Տղերքը, իսկ հավանաբար նաեւ իրենց «շեֆը» չեն դիմանում հիասթափության դառնությանը: Դե, եթե իրենց սահմանած բոլոր տեսական չափանիշներին համապատասխանող Ժիրոն չկարողացավ էլեկտրաէներգիայի առաջիկա թանկացումից գազազած ժողովրդին ժողովել հրապարակում, ապա էլ ինչ ասես... Փոխարենը մեծ զանգված` դեռ մինչեւ Ռոբերտ Նազարյանի մատուցած տհաճ փաստը, կարողացել էին հավաքել, արտաքնապես լրիվ ապաքաղաքական խայտաբղետ «քաղաքացիական նախաձեռնությունները»: Դե, ինչպես չկատաղես, մեծ զանգվածին հաջողությամբ առաջնորդում են ինչ-որ 20 տարեկան «դեղնակտուցներ», ովքեր բանի տեղ չեն դնում երկու նախկին նախագահների շրջապատում հավաքված հին ու փորձված քաղաքական շնագայլերին: Այն, որ Լեւոն Ակոպիչի ճամբարակիցներին «Հիմնադիր խորհրդարանի» հետ համագործակցելու ձգտմանը խանգարում էր Նիկոլ Փաշինյանի գործոնը, դա փաստ է: Ինքը` Սէֆիլյանը, նույնիսկ հատուկ շեշտել էր դրա ցանկալիությունը: Ու, բնականաբար, դա չէր կարող ՀԱԿ-ում չհարուցել խանդի տեսարաններ: Սակայն ԼՏՊ-ն լինելով պրագմատիկ, բացասական հույզերը հրապարակավ չի արտահայտում, եւ իր քարոզչամեքենան էլ համեմատաբար զուսպ է: Դե, գոռգոռալու եւ քաղաքական հիսթերիաներ սարքելու համար Զուրաբյան Լյովիկը լրիվ բավարար է: Միեւնույնն է, քաղաքական ապագա ունենալ չի կարող, այնպես որ, ափսոս էլ չէ: Քոչարյանական ճամբարը չի թաքցնում իր անզուսպ ատելությունը ինչպես Նիկոլի, այնպես էլ (վերջին շաբաթ օրվանից ի վեր) Ժիրոյի նկատմամբ: Բայց ինքը` Նիկոլ Փաշինյանը, գերադասում է լինել զգուշավոր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդրանիկ հիմնադիր համագումարը շատ զուսպ էր, մարդիկ նույնիսկ խուսափեցին իրենք իրենց ընդդիմություն անվանելուց: Մի կողմից` այդ բառն արդեն դարձել է լրիվ չուլ եւ այնքան էլ լավ չի ընկալվում հանրության կողմից, մյուս կողմից` ով գիտի, թե մինչեւ 2017-ի ընտրությունները ինչպես կպտտվի քաղաքական բախտի անիվը: Նիկոլ Փաշինյանը գերադասեց նույնիսկ կուսակցության վարչության նախագահ չընտրվել` այդ դերը վերապահելով հանրությանը տակավին  անհայտ ինչ-որ Արայիկ Հարությունյանին: Վերջինս էլ, թերեւս, յուրահատուկ «Ֆունտի» դեր պետք է կատարի ճիշտ այնպես, ինչպես կատարում էր Իլֆի եւ Պետրովի վեպի համապատասխան հերոսը:
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը գերադասում էր պատրաստ լինել ցանկացած սցենարի` ամենակտրուկ գործողություններից սկսած, իշխանության կամ դրա որեւէ թեւի հետ համագործակցությամբ վերջացրած: Դե, կտրուկ շրջադարձերի պահերին նաեւ պետք է հանրությանն անհայտ ուրիշ անձ` որպես ֆորմալ առաջնորդ, որ եթե ինչ-որ բան թարս ստացվի, դառնության բաժակը հասնի այդ ֆորմալ առաջնորդին, իսկ եթե լավ ստացվի, ապա անկասկած, դափնիները Նիկոլը ձեռքից բաց չի թողնի:
Բայց հարց է ծագում` եթե այս ամռան սկզբին դեռ ինքը` Նիկոլը, չգիտի, թե ինչ գործելակերպ է որդեգրելու, եւ հիմնադիր համագումարի պահին կտրուկ շարժումներ չի անում, ապա ինչո՞ւ, գրողը տանի, նա այդ աստիճանի աչքի գրող է քոչարյանականների համար: Դե, Լեւոնի դեպքում հասկացանք` խանդ կա, բան կա, թեեւ «չկան հավերժական բարեկամներ եւ թշնամիներ», բայց այդ ի՞նչ քաղաքական միրաժ է երեւացել «ՀՀ ամենաերիտասարդ թոշակառուի» աչքին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ