ՊԵՏՔ ՉԷ ԻՆՔՆԱՄՈՌԱՑՈՒԹՅԱՄԲ ՏՐՎԵԼ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ»
Արխիվ 12-16ՊԵՏՔ ՉԷ
ԻՆՔՆԱՄՈՌԱՑՈՒԹՅԱՄԲ ՏՐՎԵԼ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ»
Ամենամյա «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա հաղթող դարձավ Շվեդիայի ներկայացուցիչը: 40 երկրների շարքում մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացրեց «Genealogy» խումբը «Առերեսվիր ստվերներին» երգով, որը չնայած փայլուն ելույթին` չգրանցեց այն հաջողությունը, որը կանխատեսում էին ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտերկրում:
Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս մրցույթում, կարծես թե, ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել: Եթե Հայաստանը կարող է մխիթարվել բարոյական հաղթանակով եւ զբաղեցրած 16-րդ հորիզոնականով, ապա ինչ ասեն Ֆրանսիան եւ Գերմանիան, որոնք մրցույթի ամբողջ պատմության ընթացքում չէին ստացել նման ցածր միավորներ` հայտնվելով վերջից առաջին հորիզոնականում: Դե, այսպես էլ է լինում, եթե մրցույթում կարող է հաղթանակ շնորհվել անսեռ Կոնչիտա Վյուրսթին, ապա ինչու Ֆրանսիան եւ Գերմանիան չեն կարող հայտնվել վերջին հորիզոնականում: Այս դեպքում մրցույթի կազմակերպիչները երեւի ցանկացել են նրբորեն գերտերություններին ցույց տալ, որ գետն ամեն անգամ գերան չի բերում:
Ինչեւէ, հույս ունենանք, որ հաջորդ տարիներին մրցույթի կազմակերպիչները հաշվի չեն առնի մասնակիցների սեռական կողմնորոշումները եւ հաղթանակ կշնորհեն որակյալ երգերին: Մինչ հաջորդ տարի դեռ երկար ժամանակ կա մտածելու համար, արդյո՞ք անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը մասնակցի "Եվրատեսիլին": Իսկ մինչ այդ, հարցի վերբերյալ "Իրավունքը" զրուցեց հայ երգարվեստի որոշ ներկայացուցիչների հետ.
«ԱՅԴ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՈՉԻՆՉ ՉԻ ՏԱԼԻՍ»
Երգչիչ-երգահան ԼԻԼԻԹ ՊԻՊՈՅԱՆ.
- Այս տարի մրցույթը չեմ նայել եւ առանձնապես հետաքրքրված չեմ: Սա սովորական մրցույթ է, որին մասնակցում է նաեւ Հայաստանը, այստեղ վատ բան չեմ տեսնում: Իհարկե, այդ մասնակցությունը Հայաստանին ոչինչ չի տալիս, բայց թող մասնակցեն, ուրախանան: Նախ եւ առաջ պետք է հասկանալ, որ սա շվեդ պրոդյուսերների մրցույթն է, որին եթե մասնակցում են, ապա պետք է թեթեւ, ժամանակակից գործերով ներկայանան: Առանձնապես մրցույթով հիացած չեմ, բայց այն մի տեսակ տոնի է վերածվում, ժողովուրդը ուրախանում է, ոգեւորովում: Հարցերի հարցն այն է, թե ի՞նչ գումարներ են ծախսվում, ի՞նչ միջոցներով են հայ մասնակիցները մրցույթում ներկայացնում Հայաստանը, եթե պետական միջոցներով, ապա մասնակցությունն անիմաստ է:
«ԱՅՍ ՏԱՐԻ ՄԵՐ ԱՄԵՆ ԻՆՉՆ ԷՐ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻՑ» ՀԵՌՈՒ»
Երգչուհի ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ.
- Պետք չէ ինքնամոռացությամբ տրվել այդ մրցույթին, պետք է թեթեւ վերաբերվել եւ ինչու ոչ` մասնակցել: Ամեն դեպքում մրցույթը միջազգային հարթակ է, որտեղ երգիչ-երգչուհիների համար կարող են բացվել նոր ուղիներ եւ հորիզոններ: "Եվրատեսիլը" ոչ թե արտիստների, այլ երգի մրցույթ է, որը վերջին շրջանում այդքան էլ երգի մրցույթ չէ: Իմ կարծիքով` այս տարվա մեր երգը եվրատեսիլյան ձեւաչափից շատ հեռու էր, չնայած` այս տարվա մեր ամեն ինչն էր "Եվրատեսիլից" հեռու: Մրցույթի օրենքների ամենախիստ պահպանվող կետն այն է, որ այնտեղ քաղաքականություն չլինի, իսկ մենք ուզում էինք մտցնել այդ քաղաքականությունը:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
